Տիգրան Մուկուչյանը` ընտրական խառնաշփոթի մասին. ինչ է սպասվում 2017-ին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, անդրադառնալով գարնանը սպասվելիք ընտրություններին ընդառաջ նոր ԸՕ-ով սահմանված ընտրակարգի շուրջ հանրությանը իրազեկելու խնդրին, նշեց. «Միանշանակ, լրջագույն խնդիր է հանդիսանում իրազեկման հարցը»:

-Պարո՛ն Մուկուչյան, առաջիկա գարունը Հայաստանի համար դառնալու է ընտրական մարաթոնի ժամանակաշրջան, քանի որ երկու կարեւորագույն ընտրական գործընթացները՝ Ազգային ժողովի եւ Երեւանի ավագանու ընտրությունները, մեկը մյուսին հաջորդելու են, կարելի է ասել՝ գրեթե խաչվելու են: Ինչպե՞ս եք պատրաստվում լուծել այս հարցը: Ի վերջո, սա կարող է խնդիր ստեղծել քաղաքական ուժերի համար, ինչպե՞ս են նրանք հասցնելու պատշաճ ձեւով պատրաստվել եւ իրականացնել երկու քարոզարշավ այդքան կարճ ժամանակահատվածում:

-Այնտեղ ժամկետային առումով միանշանակ ակնհայտ է, որ երկու ընտրություններն էլ տեղի են ունենալու 2017 թվականի գարնանը, սակայն նույն օրը, բնականաբար, դրանք տեղի չեն ունենալու:

-Բայց ժամանակահատվածը քիչ է, եւ դա հատկապես ընդդիմադիր ուժերի համար լրցուցիչ բարդություններ է ստեղծելու՝ բավարար ռեսուրսների առումով, ինչպես կազմակերպչական, այնպես էլ ֆինանսական:

-Ժամանակահատվածը, այո՛, քիչ է, եւ եթե նկատել եք՝ ընտրական օրենսգրքի փոփոխություններում նոր նորմ է ամրագրվել: Եթե նախկինում, օրինակ, նույն անձի համար սահմանված էր սահմանափակում, որ միաժամանակ չի կարող նշանակվել երկու տեղամասային ընտրական հանձնաժողովներում որպես հանձնաժողովի անդամ, այդ նորմի հետ կապված փոփոխություն իրականացվեց եւ ամրագրվեց, որ նույն անձը միաժամանակ չի կարող լինել երկու տարբեր հանձնաժողովների անդամ, եթե խոսքը վերաբերում է միեւնույն ընտրությանը: Իսկ եթե խոսքը վերաբերում է տարբեր ընտրություններին, ապա նույն անձը կարող է լինել տարբեր հանձնաժողովների անդամ: Իսկ ո՞րն էր նպատակը. նպատակը նշված խնդիրների վերաբերյալ նորովի պրակտիկ կանոնակարգում գտնելն էր, որպեսզի Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունները նշանակեին անձանց, որոնք պետք է լինեին ԱԺ ընտրությունների ժամանակ տեղամասային հանձնաժողովների կազմում եւ եթե ցանկանային՝ նույն անձին նշանակեին Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ:

-ՀՀ ընտրական օրենսգրքում որեւէ դրույթ չկա, որը քաղաքացուն արգելում է ժամկետներով համընկնող մի քանի ընտրությունում առաջադրվել որպես թեկնածու, բայց Դուք ինքներդ նշեցիք, որ ժամանակահատվածը բավականին քիչ է: Ինչպե՞ս եք այս հարցի լուծումը տեսնում:

-Բոլոր սահմանափակումները եւ այլն, դրանք նախատեսված են ընտրական օրենսգրքում, եւ բնական է՝ ընտրական օրենսգրքից դուրս որեւէ սահմանափակում կիրառվել չի կարող: Պահանջները, ովքեր կարող են առաջադրվել, այդ ամենը ընտրական օրենսգրքում շատ հստակ ամրագրված է:

-Ինչպես հայտնի է՝ ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ Ազգային ժողովի ընտրությունների օրը պետք է նշանակվի ոչ ուշ, քան քվեարկությունից 90 օր առաջ: Չեք պատրաստվո՞ւմ Սերժ Սարգսյանին խնդրել, որ նոյեմբերի ընթացքում ընտրությունների օրը նշանակի, որպեսզի քաղաքական ուժերը հնարավորություն ստանան պատրաստվել, թե՞ այդ հարցը որոշվելու է վերջին օրով՝ հունվարի 1-ին:

-Ինքներդ լավ գիտեք, որ դա նշանակվում է հանրապետության նախագահի հրամանագրով, հետեւաբար հանրապետության նախագահը ընտրական օրենսգրքով ամրագրված շրջանակներում կընդունի հրամանագիր: Իսկ երբ կընդունի հրամանագիրը, բնականաբար, այդ մասին բոլորս կիմանանք, եւ, բնականաբար, կսկսվեն այն գործառույթները, որոնք ընտրական օրենսգրքի համաձայն՝ հանձնաժողովները կսկսեն իրականացնել:

-Ընտրությունների նոր կարգը բավականին տարբերվում է նախորդ կարգից, արդյո՞ք ժամանակը չէ ընտրողներին իրազեկել նոր կարգի վերաբերյալ:

-Միանշանակ շատ կարեւոր խնդիր եք բարձրացնում՝ իրազեկման հետ կապված խնդիրը: Այս առումով մենք իրականում մեծ ծավալի աշխատանք ունենք իրականացնելու. ոչ միայն ընտրողների իրազեկում, նաեւ ընտրական գործընթացի մյուս մասնակիցների հետ կապված իրազեկում: Նախ ցանկանում եմ տեղեկացնել, որ ԿԸՀ-ն ամռան ամիսների ընթացքում կազմակերպեց դասընթացներ բոլոր այն քաղաքացիների համար, որոնք ցանկանում էին մանակցել եւ ստանալ որակավորման վկայականներ, ինչը նրանց հնարավորություն կտար հետագայում նշանակվել տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներ: Եւ որպեսզի չլիներ այնպիսի իրավիճակ, որ իրականում ժամկետներով պայմանավորված լրացուցիչ բարդություն առաջանար, մենք ամռանը կազմակերպեցինք այդ դասընթացները եւ մոտ 47 հազար դիմում ստացվեց: Հիմա այս փուլում մենք ընդունում ենք ենթաօրենսդրական ակտերը, բայց միաժամանակ կարծում եմ, որ լրջագույն խնդիր է հանդիսանում, իհարկե, իրազեկման խնդիրը:

-Կոնկրետ ի՞նչ եք անում այդ ուղղությամբ:

-Օրինակ՝ Ազգային ժողովի ընտրությունների հետ կապված այնտեղ՝ հատկապես քվեարկության կարգի հետ կապված, առաջադրման մեխանիզմը, ընտրության ընդհանուր գործընթացի կազմակերպումը, իհարկե, կան նոր շատ իրավանորմեր, որոնց վերաբերյալ պետք է կազմակերպվի համապատասխան իրազեկում: Մտածում ենք, որ կմշակվեն համապատասխան ձեռնարկներ, հանձնաժողովականների համար եւս ուսուցում կլինի, ուղեցույց եւս պետք է մշակվի դիտորդների, վստահված անձանց համար: Բացի այդ՝ կմշակենք, միանշանակ, ուղեցույցներ ըտրական գործընթացի մասնակիցների առանձին գործառույթների, դիմումների, բողոքների հետ կապված, կուսակցությունների ֆինանսական հաշվետվությունների հետ կապված: Եթե ոչ այս տարվա ընթացքում, ապա եկող տարվա առաջին իսկ ամսվա ընթացքում այդ աշխատանքները անկախ որեւէ ցանկությունից, պետք է պատշաճ կարգով, ժամկետներում իրականացվեն:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս