ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանը Արթուր Ալեքսանյանի (Ամարասի Արթուր) հիմնած «Միասնական Արմենիա» նախաձեռնության մասին հանդես էր եկել հայտարարությամբ: Փայտյանը նշել էր, որ նախաձեռնության գաղափարական ուղենիշ-ծրագիրը ոչ միայն ազգային է, այլեւ համամարդկային: Արդյո՞ք գեներալ Փայտյանը կմիանա նախաձեռնությանը, «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել հենց նրանից: Ի պատասխան մեր հարցման` գեներալը նշեց. «Ես միայն հավանել եմ գաղափարախոսությունը, քանի որ այն իր մեջ ներառում է աստվածաշնչյան պատվիրաններ եւ գաղափարախոսությունն էլ ընդհանուր կենսագործմանն ու ապա հային է ուղղված, որը յուրաքանչյուր հայ մարդու մտածողության մեջ է»:
Հարցին` քաղաքականություն մտնելու մտադրություն ունե՞ք, եթե շարժումը վերածվի կուսակցության, կշարունակե՞ք հարել նրանց գաղափարներին, Փայտյանը պատասխանեց. «Ես եղել եմ հայրենիքի զինվոր, երբեւիցե կուսակցական չեմ եղել, իմ միակ կուսակցությունն իմ հայրենիքն է, եւ իմ ամենամեծ «կուսակցական» պատկանելիությունը զինվոր լինելն է»: