ԿԸՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԸՆՏՐԱԿԱՆ ԽԱՌՆԱՇՓՈԹԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, անդրադառնալով գարնանը սպասվելիք ընտրություններին ընդառաջ նոր ԸՕ-ով սահմանված ընտրակարգի շուրջ հանրությանը իրազեկելու խնդրին, նշեց. «Միանշանակ, լրջագույն խնդիր է հանդիսանում իրազեկման հարցը»:

-Պարո՛ն Մուկուչյան, առաջիկա գարունը Հայաստանի համար դառնալու է ընտրական մարաթոնի ժամանակաշրջան, քանի որ երկու կարեւորագույն ընտրական գործընթացները՝ Ազգային ժողովի եւ Երեւանի ավագանու ընտրությունները, մեկը մյուսին հաջորդելու են, կարելի է ասել՝ գրեթե խաչվելու են: Ինչպե՞ս եք պատրաստվում լուծել այս հարցը: Ի վերջո, սա կարող է խնդիր ստեղծել քաղաքական ուժերի համար, ինչպե՞ս են նրանք հասցնելու պատշաճ ձեւով պատրաստվել եւ իրականացնել երկու քարոզարշավ այդքան կարճ ժամանակահատվածում:
-Այնտեղ ժամկետային առումով միանշանակ ակնհայտ է, որ երկու ընտրություններն էլ տեղի են ունենալու 2017 թվականի գարնանը, սակայն նույն օրը, բնականաբար, դրանք տեղի չեն ունենալու:
-Բայց ժամանակահատվածը քիչ է, եւ դա հատկապես ընդդիմադիր ուժերի համար լրցուցիչ բարդություններ է ստեղծելու՝ բավարար ռեսուրսների առումով, ինչպես կազմակերպչական, այնպես էլ ֆինանսական:
-Ժամանակահատվածը, այո՛, քիչ է, եւ եթե նկատել եք՝ ընտրական օրենսգրքի փոփոխություններում նոր նորմ է ամրագրվել: Եթե նախկինում, օրինակ, նույն անձի համար սահմանված էր սահմանափակում, որ միաժամանակ չի կարող նշանակվել երկու տեղամասային ընտրական հանձնաժողովներում որպես հանձնաժողովի անդամ, այդ նորմի հետ կապված փոփոխություն իրականացվեց եւ ամրագրվեց, որ նույն անձը միաժամանակ չի կարող լինել երկու տարբեր հանձնաժողովների անդամ, եթե խոսքը վերաբերում է միեւնույն ընտրությանը: Իսկ եթե խոսքը վերաբերում է տարբեր ընտրություններին, ապա նույն անձը կարող է լինել տարբեր հանձնաժողովների անդամ: Իսկ ո՞րն էր նպատակը. նպատակը նշված խնդիրների վերաբերյալ նորովի պրակտիկ կանոնակարգում գտնելն էր, որպեսզի Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունները նշանակեին անձանց, որոնք պետք է լինեին ԱԺ ընտրությունների ժամանակ տեղամասային հանձնաժողովների կազմում եւ եթե ցանկանային՝ նույն անձին նշանակեին Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ:
-ՀՀ ընտրական օրենսգրքում որեւէ դրույթ չկա, որը քաղաքացուն արգելում է ժամկետներով համընկնող մի քանի ընտրությունում առաջադրվել որպես թեկնածու, բայց Դուք ինքներդ նշեցիք, որ ժամանակահատվածը բավականին քիչ է: Ինչպե՞ս եք այս հարցի լուծումը տեսնում:
-Բոլոր սահմանափակումները եւ այլն, դրանք նախատեսված են ընտրական օրենսգրքում, եւ բնական է՝ ընտրական օրենսգրքից դուրս որեւէ սահմանափակում կիրառվել չի կարող: Պահանջները, ովքեր կարող են առաջադրվել, այդ ամենը ընտրական օրենսգրքում շատ հստակ ամրագրված է:
-Ինչպես հայտնի է՝ ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ Ազգային ժողովի ընտրությունների օրը պետք է նշանակվի ոչ ուշ, քան քվեարկությունից 90 օր առաջ: Չեք պատրաստվո՞ւմ Սերժ Սարգսյանին խնդրել, որ նոյեմբերի ընթացքում ընտրությունների օրը նշանակի, որպեսզի քաղաքական ուժերը հնարավորություն ստանան պատրաստվել, թե՞ այդ հարցը որոշվելու է վերջին օրով՝ հունվարի 1-ին:
-Ինքներդ լավ գիտեք, որ դա նշանակվում է հանրապետության նախագահի հրամանագրով, հետեւաբար հանրապետության նախագահը ընտրական օրենսգրքով ամրագրված շրջանակներում կընդունի հրամանագիր: Իսկ երբ կընդունի հրամանագիրը, բնականաբար, այդ մասին բոլորս կիմանանք, եւ, բնականաբար, կսկսվեն այն գործառույթները, որոնք ընտրական օրենսգրքի համաձայն՝ հանձնաժողովները կսկսեն իրականացնել:
-Ընտրությունների նոր կարգը բավականին տարբերվում է նախորդ կարգից, արդյո՞ք ժամանակը չէ ընտրողներին իրազեկել նոր կարգի վերաբերյալ:
-Միանշանակ շատ կարեւոր խնդիր եք բարձրացնում՝ իրազեկման հետ կապված խնդիրը: Այս առումով մենք իրականում մեծ ծավալի աշխատանք ունենք իրականացնելու. ոչ միայն ընտրողների իրազեկում, նաեւ ընտրական գործընթացի մյուս մասնակիցների հետ կապված իրազեկում: Նախ ցանկանում եմ տեղեկացնել, որ ԿԸՀ-ն ամռան ամիսների ընթացքում կազմակերպեց դասընթացներ բոլոր այն քաղաքացիների համար, որոնք ցանկանում էին մանակցել եւ ստանալ որակավորման վկայականներ, ինչը նրանց հնարավորություն կտար հետագայում նշանակվել տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներ: Եւ որպեսզի չլիներ այնպիսի իրավիճակ, որ իրականում ժամկետներով պայմանավորված լրացուցիչ բարդություն առաջանար, մենք ամռանը կազմակերպեցինք այդ դասընթացները եւ մոտ 47 հազար դիմում ստացվեց: Հիմա այս փուլում մենք ընդունում ենք ենթաօրենսդրական ակտերը, բայց միաժամանակ կարծում եմ, որ լրջագույն խնդիր է հանդիսանում, իհարկե, իրազեկման խնդիրը:
-Կոնկրետ ի՞նչ եք անում այդ ուղղությամբ:
-Օրինակ՝ Ազգային ժողովի ընտրությունների հետ կապված այնտեղ՝ հատկապես քվեարկության կարգի հետ կապված, առաջադրման մեխանիզմը, ընտրության ընդհանուր գործընթացի կազմակերպումը, իհարկե, կան նոր շատ իրավանորմեր, որոնց վերաբերյալ պետք է կազմակերպվի համապատասխան իրազեկում: Մտածում ենք, որ կմշակվեն համապատասխան ձեռնարկներ, հանձնաժողովականների համար եւս ուսուցում կլինի, ուղեցույց եւս պետք է մշակվի դիտորդների, վստահված անձանց համար: Բացի այդ՝ կմշակենք, միանշանակ, ուղեցույցներ ըտրական գործընթացի մասնակիցների առանձին գործառույթների, դիմումների, բողոքների հետ կապված, կուսակցությունների ֆինանսական հաշվետվությունների հետ կապված: Եթե ոչ այս տարվա ընթացքում, ապա եկող տարվա առաջին իսկ ամսվա ընթացքում այդ աշխատանքները անկախ որեւէ ցանկությունից, պետք է պատշաճ կարգով, ժամկետներում իրականացվեն:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 
ԹԵՐՈՒԹՅՈՒՆ ՉԻ՞ ԵՂԵԼ
Հոկտեմբերի 30-ին Երեւանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 23 շենքի վթարված վերելակի քննությունը իրականացնող հանձնաժողովը եկել է այն եզրահանգման, որ խափանվել էր ռելեի շղթան, ինչի արդյունքում վերելակը ներքեւ էր շարժվել բաց դռներով: «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան` ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնից հայտնեցին, որ ուսումնասիրություններով վերելակում տեխնիկական թերություն չի հայտնաբերվել: Իսկ թե ինչ է իրենից ներկայացնում ռելեի շղթայի խափանումը, մեզ պարզաբանեցին, որ դա կարող է առաջանալ խոնավությունից, մեքենայական սրահի եւ հորանի ոչ նորմալ ջերմային ռեժիմից: Այդուհանդերձ, տեղեկացնենք, որ տուժած կինը` 62-ամյա Ռիտա Դոդոյանը, դեռեւս վերակենդանացման բաժանմունքում է:

 

 

«ՄԵՐԺՎԱԾ» ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ
Կառավարությունը ներկայացրել է ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանի «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ եզրակացությունը: Ըստ այդ եզրակացության` ՀՀ կառավարությունը դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը:
Տեղեկացնենք, որ նախագծով նախատեսվում է «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքով սահմանված կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց ցանկում կատարել լրացում` մեկից ավելի երկրներում պաշտոնավարած դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների մասով: Արդյո՞ք արդարացված է համարում կառավարության եզրակացությունը, «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել օրենքի նախագծի հեղինակից:
Թեւան Պողոսյանի խոսքով` այս որոշումը իր համար զարմանալի չէր, նախնական քննարկումներից էլ նրա համար սպասելի էր այս տեքստը.« Հիմա այն է, ինչ որ կա, օրինակ, ամռանը մի այլ նմանատիպ նախագծով առաջարկել էի, որ առողջապահական եւ սոցիալական ծառայողները երեք ամիսը մեկ այցելեն մեր հաշմանդամներին, զինվորներին եւ փորձեն բարի խոսքով, խորհուրդով իրազեկում անել, սակայն մերժեցին, բայց հետո պարզվեց, որ ԱՆ-ը նրանց տեսնելուց հետո հրաման է տալիս, որ ամիսը մեկ այցելեն, մերժել էին, չէ, բայց երեք ամսվա առաջարկը: Այսօրվա մերժումներից չեմ զարմանում»,- պարզաբանեց պատգամավորը:

 

 
ՖԻՆԱՆՍԱՊԵՍ ԱՊԱՀՈՎ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ
ՀՀ ֆինանսների նորանշանակ փոխնախարար Դավիթ Անանյանը պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել է իր ունեցվածքը: Նա ունի մեկ առանձնատուն, մեկ բնակարան, «Merceses-Benz E 350», «Toyota Land Cruiser Prado 4.0», «BMW 525 I» մակնիշի ավտոմեքենաները: Փոխնախարարը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ հայտարարագրել է, որ մեկ ընկերությունում ունի 499 հազար դրամի բաժնեմաս: 5400 դոլար, 3250 եվրո եւ 3 մլն 150 հազար դրամ էլ կանխիկ գումար: Անանյանը որպես եկամուտ հայտարարագրել է երկու վայրից ստացած աշխատավարձը, որն այս տարվա հունվարի 1-ից մինչեւ պաշտոնը ստանձնելու օրը՝ հոկտեմբերի 25-ը կազմել է 6 մլն 270 հազար դրամ եւ 35 հազար 470 դոլար: Բացի այս՝ նա որպես եկամուտ հայտարարագրել է վարձակալության դիմաց ստացած 882 հազար դրամը եւ մեկ ընկերությունից ստացած 13 մլն 722 հազար 500 դրամը:

 

 

 

ՆՎԱԶԵՑՐԵԼ Է ՀԱՐԿԵՐԸ
«Ժողովուրդ»-ը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցանկից տեղեկացավ, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանին պատկանող «Սլավ գրուպ» ընկերությունը այս տարվա 3-րդ եռամսյակում անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազեցրել է հարկային վճարումները: Այսպես՝ այս տարվա 3-րդ եռամսյակում «Սլավ գրուպ» ընկերությունը ՀՀ պետբյուջե վճարել է 1 մլրդ 598 մլն 455 հազար 800 դրամ, իսկ անցած տարվա նույն ժամանակահատվածում ընկերության հարկային վճարումները կազմել են 1 մլրդ 642 մլն 94 հազար 300 դրամ: Այսինքն՝ «Սլավ գրուպ» ընկերությունը ավելի քան 43.6 մլն դրամի չափով նվազեցրել է հարկային վճարումները: Իսկ պատգամավորին պատկանող մյուս՝ «Դերժավա Ս» ընկերությունը, ընդհակառակը, ավելացրել է հարկային վճարումները՝ 49 մլն 381 հազար 800 դրամով. այս տարվա 3-րդ եռամսյակում պետբյուջե վճարել է 1 մլրդ 321 մլն 115 հազար 700 դրամ հարկ, եւ զբաղեցրել ցանկի 65-րդ տեղը: Անցած տարվա նույն ժամանակահատվածում ընկերությունը նույնպես գտնվել է ցանկի 65-րդ տեղում, իսկ պետբյուջե վճարել է 1 մլրդ 271 մլն 733 հազար 900 դրամ:

 

 

 

ԱԶԱՏԵՑԻՆ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ երեկ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի զբաղեցրած պաշտոնից ազատվեց Արմեն Հայրապետյանը՝ Սամսունգի Արմենը: Ըստ այդ որոշման՝ Հայրապետյանը զբաղեցրած պաշտոնից ազատվել է սեփական դիմումի համաձայն: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այժմ ակտիվ քննարկվում է ՍԱՊԾ պետի պաշտոնում «Նատֆուդ» մսամթերքի արտադրական ձեռնարկություն ՓԲԸ-ի ղեկավար Իշխան Կարապետյանի նշանակման վերաբերյալ հարցը: Ըստ որոշ տեղեկությունների՝ «Նատֆուդ» ընկերության սեփականատերը հայտնի գործարար Հենրիխ Զախարյանցն է: Նրան էր պատկանում նաեւ «Սթար» սուպերմարկետների ցանցը, որը վերջինս վաճառեց մեկ այլ գործարարի:




Լրահոս