«ԱՐՏԻՍՏՆԵՐԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը շուբիզնեսյան խնդիրների եւ այդ դաշտին անհրաժեշտ փոփոխությունների մասին զրուցել է երգիչ, երգահան Արտավազդ Բայաթյանի հետ, որը մի քանի առաջարկներ է ներկայացրել մշակույթի նախարարին:

-Պարո՛ն Բայաթյան, որքանով տեղյակ ենք` պատրաստվում եք համերգային փոքրիկ ծրագրով հանդես գալ: Կպատմե՞ք` ինչ է սպասվում հանդիսատեսին:
-Հուսով եմ, որ գարնանը կներկայանամ համերգային թարմ ծրագրով` բաղկացած 20-22 երգերից, որոնցից 6-ը կլինի նոր: Հիմա աշխատում եմ դրանց գործիքավորման վրա: Ի դեպ, շատ նոր երգեր ունեմ, կարծում եմ` ափսոս կլինեն, եթե դրանք «քնեցնեմ»: Մի քանիսը սիրային թեմայով են, մյուսները` խոհափիլիսոփայական, բայց ոչ ծանր գործեր. սիրում եմ մտորել մեր լինել-չլինելու, ինչ լինելու շուրջ, ուստի հաճախ են նման երգեր ծնվում: Ինչ վերաբերում է հանդիսատեսի հետ հանդիպմանը, ապա ասեմ, որ ես կամերային համերգի կողմնակից եմ, նախընտրում եմ ելույթ ունենալ 200 հոգու համար. մեծ լսարանը վրաս բացասաբար է ազդում, շատ մարդկանցից վախենում եմ (ծիծաղում է):
-Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հարցազրույցների ընթացքում անդրադառնում է նաեւ մեր շոու-բիզնեսի խնդիրներին: Ի՞նչ եք կարծում՝ նա դաշտը համակարգելու ի՞նչ մեխանիզմներ կարող է կիրառել:
-Գրաքննություն մտցնել պետք չէ. փառք Աստծո, դրանից ազատվել ենք: Բայց պետք է սահմանել որոշակի չափանիշներ: Օրինակ` պետական դահլիճներում պատահական մարդիկ, ինչ է, թե փող ունեն, չպետք է հանդես գան համերգով: Մշակույթի նախարարությունը պետք է հետեւի, որ դրանք հասանելի լինեն միայն այդ դահլիճների ստատուսին համապատասխան կատարողների:
-Իսկ ի՞նչ կասեք շոուբիզնեսցիներին եթեր թողնել-չթողնելու խնդրի մասին: Ինքը` պարոն Ամիրյանը, հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է. «Անկախության տարիներին մեր հեռուստատեսային դաշտը հեշտ, արագ դրամ վաստակելու նպատակով գնաց պահանջարկի հետեւից եւ սկսեց նշաձողը իջեցնել: Եվ հիմա մենք այդ առումով գտնվում ենք սարսափելի ցածր վիճակում: Փրկությունը տեսնում եմ նրանում, որ պետությունը պետք է ուղղակիորեն միջամտի՝ ոչ թե կոպիտ ճանապարհով, այլ մասնավոր հեռուստաընկերություններում ձեւավորելով ազգային արժեքներով պատվերներ»:
-Նախարարությունը ծավալուն աշխատանքներ պետք է իրականացնի նախ եւ առաջ հասարակության հետ, որ մարդիկ լավը վատից, թացը չորից տարբերեն: Լավագույն կատարողները, գործերը պետք է խրախուսվեն: Նախարարությունը կարող է լավ միջոցառումներ անցկացնել` փառատոներ, մրցույթներ, եւ այդպիսով չափանիշներ սահմանել: Մարդիկ պետք է տեսնեն այն փարոսը, որը ցույց կտա, թե դեպի ուր են իրենք գնում:
-Գաղտնիք չէ, որ մեր շոու-բիզնեսում կան, այսպես ասած, մենաշնորհներ եւ սեւ ցուցակներ: Պետական մակարդակով կազմակերպված միջոցառումներին միշտ ելույթ են ունենում նույն դեմքերը, իսկ ոմանք, նույնիսկ շատ տաղանդավորները, նման ծրագրերին մասնակից դառնալու շանս անգամ չունեն:
-Ես համարում եմ, որ դա մեծ թյուրիմացություն է. պետք է նայել երգիչների շնորհքին, ոչ թե իշխանությունների նկատմամբ ունեցած նրանց վերաբերմունքին: Իսկապես, անընդհատ տեսնում ենք նույն դեմքերին, որոնք իրենք էլ են իրենցից հոգնել: Ստացվում է, որ մենք փակուղի ենք մտել, եւ ոչ մի շնորհքով մարդ չունենք ոլորտում. այդպես չէ: Որպեսզի այս խնդրին չբախվենք, շատ եմ կարեւորում նաեւ լրատվամիջոցների դերը: Մենք այսօր չունենք մի լուրջ ԶԼՄ, որը հետեւողականորեն կմեկնաբաներ շոուբիզնեսցիների տված արտադրանքը: Կիրթ քննադատների պակաս կա: Նրանց գործունեությունը կօգներ մարդկանց ճիշտ կողմնորոշվել:
-Շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանում շոու-բիզնես հասկացություն, առհասարակ, չկա: Մենք մեր հնարավորությունների սահմաններում կարո՞ղ ենք երբեւէ կոտրել այդ կարծիքը:
-Կարծում եմ` մեզ մոտ շոու-բիզնես, այնուամենայնիվ, ինչ-որ չափով կա: Եթե մենք ուզում ենք անել այն, ինչ անում են, օրինակ, Բրոդվեյում կամ Հոլիվուդում, իհարկե, անիմաստ կերպով ընկնում ենք երեւակայության գիրկը: Լավ շոուն հարուստ երկրներին է բնորոշ, իսկ այն գումարները, որոնք ծախսվում են այդ համերգների ընթացքում, մեր երկրի բյուջեի չափ է: Բայց մենք մեր չափի մեջ կարող ենք ունենալ էսթետիկապես գեղեցիկ, հարուստ համերգներ:
-Բայց պետությունը պետք է նպաստի, աջակցի երգիչ-երգչուհիներին, որ նման համերգներ կյանքի կոչվեն:
-Ինքս ներկա եմ եղել համերգների, որոնք մշակույթի նախարարության հովանավորությամբ են կազմակերպված եղել:
-Բայց արդյո՞ք իմ նշած սեւ ցուցակներում հայտնված մարդկանց էլ են հովանավորում: Այնպիսի տպավորություն է, որ անընդհատ նույն դեմքերին են աջակցում:
-Այո՛, այդ խնդիրը կա: Արտիստներին օգտագործում են քաղաքական նպատակներով: Այս հարցերով պետք է մշակութային վերլուծաբաններն էլ զբաղվեն: Օրինակ` քաղաքական վերլուծաբաններ շատ ունենք, մշակութային բացարձակ չունենք: Սա ցավալի հանգամանք է: Պետությունը քաղաքական դաշտը «զարդարելու» համար է գումարներ ծախսում: Լավ կլիներ` այդ բացը լրացնեինք, մեր բացթողումների ու հեռանկարների մասին խոսեինք: Ճիշտ կլինի աջակցել նաեւ տարբեր պրոդյուսերական կենտրոնների զարգացմանը: Թէ չէ ստացվում է` ունենք կենտրոններ, որոնք, սակայն, հազվադեպ են լավ արդյունք գրանցում: Առհասարակ, լավ կլիներ` մշակույթի նախարարը պարբերաբար կլոր սեղանի շուրջ հավաքեր արվեստագետների եւ այս թեմաներով քննարկումներ իրականացներ:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 
ԻՆՏԵԳՐԱՏԻՎ ՓԱՌԱՏՈՆ
ՀՀ մշակույթի նախարարության եւ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնի» աջակցությամբ նոյեմբերի 17-24-ը «Մշակութային կրթության աջակցության հիմնադրամը» Երեւանում եւ ՀՀ մարզերում կանցկացնի Մանկապատանեկան արվեստի 2-րդ ինտեգրատիվ (ներառական) հանրապետական փառատոնը: Դրա հիմնական նպատակն է հաշմանդամություն ունեցող երեխաների ստեղծագործական ներուժի բացահայտումն ու ժամանակակից աշխարհում նրանց լիարժեք ադապտացումը, իսկ հայեցակարգային առանձնահատկությունն է ընդհանուր ստեղծագործական ծրագրերի միջոցով հաշմանդամություն եւ ոչ հաշմանդամություն ունեցող երեխաների միավորումը: Փառատոնը կանցկացվի 6 անվանակարգերում՝ «Երաժշտարվեստ», «Կերպարվեստ», «Դեկորատիվ-կիրառական արվեստ», «Լուսանկարչական արվեստ», «Թատերարվեստ», «Գեղարվեստական խոսք», «Գրական ստեղծագործություն», «Պարարվեստ»: Միջոցառմանը կմասնակցի շուրջ 500 երեխա` 41 ուսումնական հաստատությունից եւ կազմակերպությունից: Փառատոնային ծրագիրը ներառում է համերգներ, պարային, թատերական ներկայացումներ, ցուցահանդես, կլոր սեղան, որոնք կանցկացվեն մայրաքաղաքի երաժշտական դպրոցներում եւ համերգասրահներում, Վանաձոր, Գավառ, Գյումրի, Դիլիջան քաղաքների մշակութային հաստատություններում:
 

ՖԼԱՄԵՆԿՈՆ` ԵՐԵՎԱՆՈՒՄ
Նոյեմբերի 19-ին ֆլամենկոյի ֆրանսահայ արտիստ Լորի Բաղդասարյանը (հայտնի` որպես Lori La Armenia) համերգով հանդես կգա Արամ Խաչատրյան համերգասրահում: Ֆլամենկոյի հայ թագուհին խոստանում է 5 իսպանացի երաժիշտների հետ ապահովել թեժ մթնոլորտ: «Իհարկե, հայկական արմատներս նույնպես ազդեցություն ունեն իմ պարային ոճի վրա, բայց միշտ փորձում եմ հավատարիմ մնալ ավանդական ֆլամենկոյին։ Ամեն անգամ բեմ բարձրանալիս մտածում եմ մեր նախնիների վշտի, ինչպես նաեւ արիության մասին, որոնք նրանք զգացել են Ցեղասպանությունը վերապրելիս։ Ֆլամենկոն նախնիների արվեստ է, այսինքն` այն ավելին է, քան երաժշտությունը, այն կենսակերպ է, երաժշտական ալքիմիա… Կարծում եմ՝ սա իմ` որպես հայի ինքնության իդեալական ամփոփագիրն է…»,-News.am Style-ի հետ զրույցում ասել է նա:

 

 

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ԿՔՆՆԻ
Հայտնի երաժիշտ, ռուսական «Ձայնը-2» հեռուստանախագծի մասնակիցներից մեկի՝ 60-ամյա Անդրեյ Դավիդյանի մահվան դեպքով հետաքրքրվում է Մոսկվայի դատախազությունը: Այս մասին տեղեկացնում է kp.ru-ն՝ վկայակոչելով հանգուցյալի պաշտոնական ներկայացուցիչ Յուրի Դենիսովին: Նրա խոսքով` դատախազության ներկայացուցիչները կպարզեն Դավիդյանի հանկարծամահ լինելու պատճառները:
Հիշեցնենք, որ Դավիդյանն ուրբաթ օրը իշեմիկ կաթված ախտորոշմամբ տեղափոխվել էր Մոսկվայի Բոտկինի անվան հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք: Դրանից հետո նա ընկել էր կոմայի մեջ, եւ բժիշկները չէին կարողացել փրկել երաժշտի կյանքը:




Լրահոս