Ապրիլյան քառօրյա պատերազմից արդեն ավելի քան 8 ամիս է անցել, իսկ դրա հետեւանքների եւ պատճառների մասին քննարկումները շարունակում են հանրության տարբեր շերտերի քննարկման թեման մնալ:
Մինչ օրս խոսվում է այն մասին, թե ինչու հայկական կողմը բավականաչափ եւ նորագույն տեխնոլոգիաներով զարգացած զինտեխնիկայով հագեցած չէր եւ պատրաստ չէր լայնամասշտաբ ռազմական գործողությունների: Եվ միայն քառօրյա պատերազմից հետո սկսվեցին ակտիվ քայլեր ձեռնարկել հայկական զինանոցն արդիականացնելու եւ սահմանն ավելի ամրակուռ դարձնելու ուղղությամբ:
Նախ հարկ ենք համարում նկատել, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը սկսված եւ 4 օր տեւած պատերազմական գործողությունների ժամանակ ադրբեջանական զինուժի կողմից կիրառվեցին այնպիսի զինատեսակներ, որոնք չէին կիրառվել 1994 թ-ի հրադադարի հաստատման պայմանագրի կնքումից ի վեր: Ըստ վերլուծաբանների՝ հայկական կողմը ռազմական գործողությունների 4 օրերի ընթացքում կրել է 14 մլն դոլարի, իսկ Ադրբեջանը 170 մլն դոլարի նյութական կորուստ:
Եվ երեկ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի հրապարակած զեկույցը նոր կորուստի բոթի մասին է վկայում: Խոսքը մարդկային կորուստի մասին է:
Այսպես՝ «Ժողովուրդ»-ը զեկույցից տեղեկանում է, որ այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում եւ ԼՂ պաշտպանության բանակում մահացել է 146 շարքային եւ պայմանագրային զինծառայող, ինչպես նաեւ՝ քառօրյա պատերազմական գործողություններին մասնակցած կամավորականներ: Իսկ ապրիլի 2-ին ռազմական գործողությունների ընթացքում արձանագրվել են նաեւ Թալիշում 4 քաղաքացիական անձանց զոհվելու դեպքեր:
Նշված ժամանակահատվածում մահացած 146 զինծառայողներից 24-ը պայմանագրային զինծառայողներ են, 18-ը՝ կամավորական, 21-ը՝ սպաներ, 83-ը՝ պարտադիր ժամկետային զինծառայողներ:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը երեկ հայտարարեց, որ ապրիլի 1-30-ն ընկած ժամանակահատվածում զոհված զինծառայողների վերաբերյալ զինդատախազության եւ ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացրած տվյալների միջեւ կա անհամապատասխանություն: Այսպես՝ Սաքունցի ներկայացրած տվյալների համաձայն՝ կենտրոնական զինվորական դատախազության ներկայացրած տվյալներով՝ ապրիլի 1-5-ը զոհվել է 82 զինծառայող, որոնցից 78-ը հակառակորդի կողմից է սպանվել: Իսկ ՀՀ պաշտպանության նախարարության տվյալներով՝ նույն ժամանակահատվածում զոհվել է 82 զինծառայող, որոնցից պատերազմական գործողությունների հետեւանքով զոհվել է 75-ը: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ուսումնասիրություններով՝ ճիշտ է զինդատախազության ներկայացրած տվյալը:
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը «Ժողովուրդ»-ի հարցին՝ ինչով է պայմանավորված զինդատախազության եւ ՊՆ-ի հրապարակած տվյալների անհամապատասխանությունը, պարզաբանեց, թե վերաորակումը նորմալ երեւույթ է: Ա. Հովհաննիսյանի խոսքով՝ քանի դեռ քրեական գործի քննությունը չի ավարտվել, փոփոխություններ կարող են լինել նաեւ մահացությունների թվերի հետ կապված: Ի դեպ, Ա. Հովհաննիսյանը հայտնեց, որ նախարարությունը հայտնել է ոչ թե 75, այլ 76 զինծառայողի մահվան մասին:
Սա դեռ ամենը չէ. պարզվում է՝ քառօրյա պատերազմի ընթացքում երեք զինծառայող մահացել է ոչ պատշաճ բուժօգնություն ստանալու հետեւանքով. «Ինչու պետք է զինծառայողները մահանան անսարք բուժմեքենայի, զինտեխնիկայի անսարքության համար: Մենք պահանջելու ենք ծառայողական քննություն իրականացվի, հարուցվեն քրեական գործեր նաեւ այն բանի համար, որ առողջական խնդիրներ ունեցող զինծառայողների են զորակոչել բանակ»,- բարձրաձայնում է իրավապաշտպանը:
«Ժողովուրդ»-ին հաջողվեց զրուցել ապրիլի 1-ին ՊԲ հյուսիսային զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կրակոցից զոհված ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Վլադիմիր Մելքոնյանի եղբոր՝ Սամվելի հետ: Վերջինս պատմեց, որ Վլադիմիրը ոչ պատշաճ բժշկական օգնության հետեւանքով է մահացել. բուժմեքենան, որով վիրավոր զինծառայողին տեղափոխել են, ճանապարհին մի քանի անգամ փչացել է. «Հուղարկավորությունից մոտ մեկ ամիս անց տեղեկացանք, որ նման բան է եղել: Նրա ծառայակիցներից մեկի հետ ենք խոսել, նա էլ պատմել է, որ Վլադիմիրը վիրավոր վիճակով ընկած է եղել, օգնություն է կանչել, անգամ սկսել է հայհոյել: Ուշացումով բուժօգնության մեքենան է մոտեցել ու ճանապարհին էլ մի քանի անգամ փչացել է: Այնքան ուշ են տեղ հասցրել, որ եղբայրս մահացել է»,- վրդովված պատմեց զոհված զինծառայողի եղբայրը:
Մեր զրուցակիցը չբացառեց, որ առաջիկայում ՊՆ կդիմեն՝ դեպքի հանգամանքներին ստույգ տեղեկանալու համար:
Իսկ ինչ քայլեր են պատրաստվում ձեռնարկել այս տվյալների հրապարակումից հետո պետական կառույցները: ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ Էդմոն Մարուքյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Տեղեկություն չունեմ, զեկույցին ծանոթ չեմ»:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ պաշտոնական դիմումը ստանալուն պես կուսումնասիրեն այն եւ համապատասխան գործընթաց կսկսեն:
Հ.Գ. ՀՀ պաշտպանության նախարարությունը միանշանակ պետք է ծառայողական քննություն իրականացնի, որպեսզի վերջնականապես պարզվի՝ ինչ հանգամանքներում են իրականում զոհվել զինծառայողները: Վերջիններիս հարազատներն էլ պետք է տիրապետեն ցանկացած բացահայտման: Թերեւս հարց է առաջանում նաեւ՝ ինչու իրավապահները քննություն չեն իրականացնում, թե ինչու են առողջական խնդիրներ ունեցող զինծառայողները զորակոչվում բանակ, ինչպես է ստացվել, որ զինտեխնիկան, բուժօգնության, բժշկական սպասարկման տեխնիկան անսարք է եղել:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԽԻՍՏ ՊԱՏԻԺՆԵՐ
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Արմեն Բիլյանի հարազատները աբսուրդ են համարում, որ նրան մեղադրանք են առաջադրել ՊՊԾ գնդի ոստիկանության հերթապահ ծառայության հերթապահի օգնական, ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի սպանության համար: Վերջիններս վստահեցրին, որ սա հերթական խաղն է, որպեսզի տղաների մեղադրանքը խստացնեն եւ նրանց պատժի ենթարկեն:
ArmLur.am-ի հետ զրույցում նրա պաշտպան Արմինե Ֆանյանը հայտնել էր, որ նախաքննություն իրականացնող մարմնից պահանջել է, որ ներկայացնեն հիմնավորումները. «Սպասում ենք hատուկ քննչական ծառայությանը, տեսնենք` այդ մեղադրանքը հիմնավորող ինչ պետք է տրամադրի մեզ: Մենք պատրաստ ենք բողոքարկել որպես մեղադրյալ ներգրավվելու որոշումը»:
Հիշեցնենք, որ Արմեն Բիլյանի մեղադրանքը առաջադրվել էր ՀՀ ՔՕ 238 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (զենք զինամթերք շորթել), 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը), 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը) եւ 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 11-րդ կետերով սպանություն` երկու կամ ավել անձանց, անձի կամ նրա մերձավորի՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ, զուգորդված՝ մարդուն առեւանգելով կամ պատանդ վերցնելով: Այս արարքների համար մարդը պատժվում է ազատազրկմամբ՝ տասներկուսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:
«Ժողովուրդ»-ին ՊՊԾ գնդի գրավման գործով կալանքի տակ գտնվող անձանց մտերիմների կալանավորումներից նոր մանրամասներ են հայտնի դարձել: Ինչպես հայտնի է՝ «Սասնա ծռեր» խմբավորման անդամների կողմից ՊՊԾ գնդի գրավելուց հետո իրավապահները կալանավորեցին խմբավորման անդամների հարազատներին: Իսկ ինչ հիմնավորմամբ:
Մեր տեղեկություններով՝ իրավապահները, կալանավորելով խմբավորման անդամների հարազատներին, նրանց են ներկայացրել հեռախոսային խոսակցությունները, որտեղ խմբավորման անդամները, գտնվելով ՊՊԾ գնդի տարածքում, իրենց հարազատին հորդորել են զանգահարել իրենց կողմից ներկայացված համարով կամ նրանց որեւէ այլ խնդրանքով են դիմել: Ահա սրա համար խմբավորման անդամների հարազատներին մեղադրանք է առաջադրվել՝ «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին օժանդակելու հատկանիշներով:
Նշենք, որ ՊՊԾ գնդի գրավումից անցել է 4 ամիս, սակայն մինչ օրս խմբավորման անդամների հարազատներին թույլ չեն տալիս տեսակցել իրենց մտերիմներին եւ տեսնել նրանց վիճակը:
Հավելենք, որ խմբավորման անդամներից 12-ի մեղադրանքը եւս խստացվել է: Պատճառը, ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների, այն է, որ նրանք որեւէ դեպքում ազատության «երես չտեսնեն»:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆՆ ՈՒ ՅՈՒՐԱՑՈՒՄՆԵՐԸ
Երեկ ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ ՀՀ ոստիկանության Մուշի բաժնում նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել Գյումրի քաղաքի հանրակրթական դպրոցներից մեկի տնօրենի կողմից ներառական կրթության ծրագրի մեջ ներառված երեխաների սննդի, մասնավորապես «Հատուկ ընդհանուր կրթություն» ծրագրով նախատեսված մեկանգամյա սննդի փաթեթների ձեռքբերման համար տրամադրված ֆինանսական միջոցների հափշտակման փաստով:
Փաստի առթիվ Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերի հատկանիշներով: Քրեական գործն ուղարկվել է Շիրակի մարզի քննչական վարչություն՝ նախաքննություն կատարելու համար:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ յուրացումները հայտնաբերվել են Գյումրիի թիվ 23 դպրոցում: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում դպրոցի տնօրեն Հակոբ Գեւորգյանը հայտնեց, որ ինքը լրատվամիջոցներից է տեղեկացել, որ իր ղեկավարությամբ գործող դպրոցում չարաշահումներ կան. «Նոյեմբերի 7-ին կրթության պետական տեսչությունն էր ստուգումներ իրականացրել, որից հետո ոստիկանությունը եկավ եւ ստուգումներ իրականացրեց, եւ այլ բան չգիտենք»:
Ըստ դպրոցի տնօրենի` ինքը որեւէ մտավախություն չունի, որ դպրոցի շուրջ նման աղմուկ է բարձրացել. «Հիմա կարող է՝ ինչ-որ մեկը ինչ-որ բողոք է ներկայացրել, եւ ոստիկանությունը եկել է, ստուգել է, ինչ-որ բան է պարզել: Մեր դպրոցում աշխատավարձերը ժամանակին վճարվում են ներառական կրթության ծրագրի մեջ ներառված երեխաների սննդի, մասնավորապես «Հատուկ ընդհանուր կրթություն» ծրագրով նախատեսված մեկանգամյա սննդի փաթեթների ձեռքբերման համար տրամադրված ֆինանսական միջոցների համար նախատեսված գործընթացները բոլորը փաստաթղթերով են, այնպես որ, մենք որեւէ խնդիր չունենք»:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ