5 շրջան ենք հանձնո՞ւմ, թե՞ 7. սա՞ է միակ վիճահարույց հարցը, որ այսօր քննարկվում է, իրականում ո՞րն է լինելու հայկական կողմի փոխզիջման չափը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը երեկ պարզաբանել է «Россия сегодня»-ին տված հարցազրույցում Ս. Սարգսյանի արած հայտարարությունը ԼՂՀ ազատագրված 7 շրջանների վերադարձի վերաբերյալ: Հակոբյանը «Ազատությանն» ասել է. «Որեւէ տարածք վերադարձնելու մասին հարցը կարող է առարկայական լինել միայն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման պարագայում: Ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման առաջարկի փաթեթն ամրագրում է ՀՀ-ի եւ ԼՂ միջեւ ցամաքային կապի անհրաժեշտությունը, որեւէ անկլավային կարգավիճակի մասին խոսք անգամ լինել չի կարող: Խոսքը Հայաստանը ԼՂ-ին միացնող սոսկ ցամաքային ճանապարհի մասին չէ, այլ լայն, անվտանգ եւ անխափան ցամաքային այնպիսի կապի, որը լիարժեք ապահովված կլինի Ադրբեջանի կողմից որեւէ ոտնձգությունից»:

Անշուշտ, լավ է, որ Ս. Սարգսյանի խոսնակը պարզաբանել է այս կարեւորագույն հարցի շուրջ նախագահականի դիրքորոշումը: Սակայն վատ է, որ երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունն այնպիսի հարցազրույցներ է տալիս, որոնք հետո կարիք է լինում պարզաբանել, վերախմբագրել կամ էլ մոնտաժել, ինչպես որ դա եղավ այս հարցազրույցի դեպքում: Թեեւ մյուս կողմից էլ չի բացառվում, որ այս պարզաբանումն արված էր ընդամենը ներքին լսարանի համար, մինչդեռ բուն հասցեատիրոջը /հասցեատերերին/ ուղղված ասելիքն արդեն իսկ ասվեց Ս. Սարգսյանի հարցազրույցում: Եվ, առհասարակ, հետաքրքիր է, թե ինչու է Սերժ Սարգսյանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ հարցազրույցները տալիս օտարերկրյա ԶԼՄ-ներին եւ որեւէ անգամ այդպես էլ հարկ չի համարում հայկական լրատվամիջոցների հետ հանդիպել եւ պատասխանել ԼՂ հիմնախնդրի շուրջ նրանց հարցերին:

Այս իրավիճակում, սակայն, ամենաուշագրավն այն է, որ հայկական կողմից բացեիբաց, այն էլ որերորդ անգամ, խոսվում է տարածքները հանձնելու պատրաստակամության մասին, եւ զավեշտալի է հնչում, սակայն հիմա կարծես թե միակ վիճահարույց հարցն այն է՝ 5 շրջան ենք հանձնում, թե 7: Այսինքն՝ չհանձնելու տարբերակն առհասարակ չի դիտարկվում, եւ սա բավականին նորմալ է ընդունվում: Մինչդեռ Ադրբեջանում պաշտոնապես հայտարարում են, որ իրենց ամենամեծ հնարավոր զիջումը կարող է լինել Լեռնային Ղարաբաղին ինքնավար հանրապետության կարգավիճակի տրամադրումը Ադրբեջանի կազմում: Եվ Ի. Ալիեւի այս հայտարարությունն էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը ողջունում է: Հայկական կողմի անհասկանալի վարքագծում վերջին շրջանում միակ շեղումը օգոստոս 16-ին ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի արած հայտարարությունն էր, թե քանի դեռ Բաքվում չեն հստակեցրել՝ ինչ փոխզիջման են պատրաստ, Հայաստանում փոխզիջումների մասին խոսելը պարտվողկանություն է: Կիսելեւին տված հարցազրույցում Ի. Ալիեւը հստակեցրեց փոխզիջման իրենց չափը, ի պատասխան՝ Ս. Սարգսյանը խոսեց 7 շրջան վերադարձնելու մասին: Հիմա սա ինչ է, եթե ոչ պարտվողականություն:




Լրահոս