WikiLeaks-ի կայքը հրապարակել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսայի՝ Բերատ Ալբայրաքի նամակները, ով զբաղեցնում է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնը, փոխանցում է RT-ն:
Նամակների մի մասը, մասնավորապես, դրանցից 149-ը կապ ունի Հայաստանի և հայերի հետ:
Ապրիլյան պատերազմից մի քանի օր անց, օրինակ, նամակներից մեկում ներկայացվում է ԵՄ հարցերով նախարար Օմեր Չելիքի տեսակետը՝ կապված Հայաստանի հետ հարաբերությունների, Ղարաբաղյան հակամարտության հետ, նշվում է թուրք-ադրբեջանական հարաբերությունների կարևորությունը:
2014թ. մայիսին թվագրված նամակում Ստամբուլի համալսարանի փորձագետները հայտնում են եվրոպական շուկա իրանական գազի արտահանման հեռանկարների մասին՝ նշելով Հայաստան-Վրաստան-Սև ծով երթուղին:
Խոսվում է նաև 2013թ. նոյեմբերին Նյու Յորքում բնակվող թուրք ակտիվիստներից մեկի կողմից ուղարկված նամակի մասին՝ հասցեագրված Բերատ Ալբայրաքին և Էրդողանի որդուն՝ Բիլալին: Նամակում ներկայացվում են Վաշինգտոնի հայկական կազմակերպությունների և քրդական ազդեցիկ կուսակցությունների մեկի ներկայացուցիչների հանդիպման մանրամասները: Նամակին կցված է նաև 4 լուսանկար, որոնց վրա պատկերված են Թուրքիայում հայտնի քուրդ քաղաքական գործիչ Սելաերդին Դեմիթաշն ու «Հայ դատի» հանձնախմբի առաջնորդները:
Սակայն թուրքական ԶԼՄ-ներն այդ նամակները չեն քննարկում: Դրա փոխարեն, միջազգային ԶԼՄ-ներն ակտիվորեն քննարկում են այդ սկանդալը: Foreign Policy պարբերականը գրում է, որ «եթե այդ նամակների իսկությունը հաստատվի, ապա գլխացավանք կդառնա Բերատ Ալբայրաքի համար»: