Հանրապետության նախագահի, վարչապետի եւ Ազգային Ժողովի նախագահի արարողակարգային ծախսերն այսուհետ համարվելու են պետական գաղտնիք, գնումներն էլ իրականացվելու են փակ ընթացակարգով: Օրենսդրական այս փոփոխությունը ներառված է «Գնումների մասին» օրենքի նախագծում, որն խորհրդարանն ընդունեց ամբողջությամբ:
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանի հետ` հասկանալու արդյո՞ք այս նոր օրենքն իր մեջ կոռուպցիոն ռիսկեր չի պարունակում:
Վերջինս մեզ հետ զրուցում նշեց , որ մենք մինչև այդ խնդիրներ ենք ունեցել, երբ պետք էր հրապարակավ որոշակի տվյալներ իմանայինք կամ որոշակի տեղեկություններ:
«Հիմնականում այստեղ կատարվող ծախսերի ազատ օգտագործելու խնդիրն է: Եթե նորմալ հասարակարգ լինի, պարզ ժողովրդավարական երկիր լինի, ես ընդունում եմ , որ կան պետության մեջ գաղտնիքներ, որոնք պետք չէ հրապարակայնացնել»,-ասաց նա:
Տնտեսագետի գնահատմամբ՝ Հայաստանի նման երկրներում օրենքն իր մեջ կոռուպցիոն ռիսկ պարունակում է . «Իրականում մենք սև ու սպիտակը չենք կարողնում իրարից տարբերել: Իշխանությունը մեզ այդ հնարավորությունը չի տվել: Մենք հիմա ընդունում ենք զարգացած պետություններին համապատասխան օրենքներ, բայց քանի որ մեր մոտ պետական կառույցների կայացվածության առումով խնդիրներ կան, մենք այդ օրենքները համապատասխան ձևով չենք կիրառում, ըստ մեր հայեցողությամբ»:
Նրա հավելմամբ՝ Հայաստանն այդ երկիրը չէ, որ այդ երեք կառույցների համար «Գնումների մասին» օրենք ընդունի. «Ես գտնում եմ, որ այսօր դրա ժամանակը չի»:
Լիդա Եղիազարյան