Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության 2016թ. ծրագրի համաձայն` դեկտեմբերի 19-ին մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հունաստանի Հանրապետություն:
Հունաստանի ազգային պաշտպանության նախարարությունում կայացած դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել հայկական և հունական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը, որին հաջորդել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի և Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Պանայոտիս Կամենոսի առանձնազրույցը: Հանդիպումների ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում հայ-հունական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:
Բարձր գնահատելով համագործակցության ներկայիս մակարդակը` կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել երկկողմ համագործակցության խորացման և ընդլայնման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում փորձի փոխանակման վերաբերյալ:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր:
Բանակցությունների ավարտին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Պանայոտիս Կամենոսը հանդիպել են լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, պատասխանել են լրագրողներին հետաքրքրող հարցերին, ներկայացրել են երկկողմ բանակցությունների արդյունքները: