Ընթացիկ տարվա սեպտեմբերի 2-ին սպանություն է տեղի ունեցել մայրաքաղաք Երեւանում, որը մինչ օրս, կարծես, լիովին բացահայտված չէ. ինչպես է իրականում տեղի ունեցել դեպքը, եւ ովքեր են մասնակիցները: Այս հարցերի լիարժեք պատասխանը գտնելու համար նախաքննությունը դեռ շարունակվում է:
Նախ՝ պաշտոնապես
Նշված օրը «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժին ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի մասում ստացած վնասվածքներից իրենց մոտ տեղափոխված երիտասարդը, վիրահատարանում գիտակցության չգալով, մահացել է: Խոսքը Արագածոտնի մարզի Թթուջուր համայնքի 29-ամյա բնակիչ Վահե Գեւորգյանի մասին է, ում, ըստ դեռեւս չպարզված տեղեկությունների, բժշկական կենտրոն են տեղափոխել նրա ընկերները` թողնելով ԲԿ-ի մուտքի մոտ:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկացմամբ՝ սպանությունը կատարելու կասկածանքով սեպտեմբերի 3-ին ձերբակալվել է քաղաքացի Ա. Հայրապետյանը եւ հարցաքննվել: Նա ցանկապատված տարածքի բետոնե սալիկների տակից ներկայացրել է ամերիկյան արտադրության «Gennings Firearms» տեսակի ատրճանակ, որն առգրավվել է: Նախաքննությունը շարունակվում է:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ձերբակալվածը Ավան վարչական շրջանի բնակիչ Արտակ Հայրապետյանն է, ով այս գործով մեկ այլ ձերբակալված՝ 45-ամյա Նորայր Ղազարյանի` Յոնջլախցի Նորոյի ազգականն է: Վերջինս էլ իր հերթին ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի մորաքրոջ որդին է:
Նշենք, որ պաշտոնական հաղորդագրության համաձայն` միջադեպին անմիջական մասնակցություն է ունեցել Նորայր Ղազարյանը, որի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Վ. Գեւորգյանի սպանության եւ ապօրինի զենք ու ռազմամթերք ձեռք բերելու, պահելու հատկանիշներով:
Ինչպես է դեպքը տեղի ունեցել
«Ժողովուրդ» օրաթերթին կատարվածի եւ դրա նախապատմության մասին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել:
Մեր աղբյուրները հայտնում են, որ սպանվածն ու ձերբակալվածներն իրար հետ որեւէ առնչություն չունեն: Պարզապես դեպքից օրեր առաջ նրանք «ճակատագրական բախում» են ունեցել: Այսպես՝ Սեւան-Երեւան մայրուղում միջադեպ է տեղի ունեցել, որը վերածվել է թեթեւ վիճաբանության: Կիզակետում եղել են Արտակ Հայրապետյանը եւ ըստ նախնական տեղեկության` Վահե Գեւորգյանը, նրա ընկերները: Երիտասարդների վիճաբանության դրդապատճառը եղել է ճանապարհ չզիջելը: Երբ կողմերն իջել են իրենց ավտոմեքենաներից` միմյանցից պարզաբանում պահանջելու, զրույցի ընթացքում կամաց-կամաց «տաքացել» են, ապա Ա. Հայրապետյանն առաջարկել է փոխանակվել հեռախոսահամարներով՝ խնդիրն ավելի հանգիստ մթնոլորտում լուծելու համար:
Մի քանի օր անց վիճաբանության մասնակիցներից մեկը, ում ինքնությունը դեռեւս հայտնի չէ (խոսվում է միայն այն մասին, որ նա, ըստ ամենայնի, վնասված մեքենայի տիրոջ եղբայրն է եղել), զանգահարել է Հայրապետյանին, պահանջել մեքենան նորոգելու համար նախատեսված համապատասխան գումարը` խոստանալով գումարը վերցնելուց հետո թեման մեկընդմիշտ փակել:
Սակայն ամեն ինչ ավելի քան չկանխատեսված ընթացք է ունեցել: Բանն այն է, որ փոխանցելուց հետո Հայրապետյանից կրկին գումար են պահանջել` ասելով, թե տեղյակ չեն, որ նա պարտք ու պահանջ այլեւս չունի:
Հասկանալով, որ հնարավոր են խնդիրներ եւ բախումներ, Արտակ Հայրապետյանն օգնություն է խնդրել Նորայր Ղազարյանից` Յոնջլախցի Նորոյից` կարծելով, որ միայն նա կարող է օգնել «տղայական ռազբորկայի» եզրահանգումն անելուն:
Եվ Յոնջլախցի Նորոն այսպիսով հայտնվել է այս պատմության կիզակետում:
Ինչ է պատմում Յոնջլախցի Նորոն
«Ժողովուրդ» օրաթերթը կատարվածի մասին զրուցեց ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Նորայր Ղազարյանի` Յոնջլախցի Նորոյի հետ: Նա հայտնեց, որ պաշտոնական թույլտվություն է ստացել` «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրուցելու համար:
Ըստ Ն. Ղազարյանի` դեպքի մասին մինչ օրս իր հանդիպած բոլոր հրապարակումները իրականության հետ որեւէ աղերս չունեն: Մասնավորապես կալանավորը հայտնեց, որ դեպքի օրը 13 ավտոմեքենաներով իրեն անհայտ մոտ 25-30 անձինք զինված ներխուժել են իր առանձնատուն, որտեղ գտնվել են Արտակ Հայրապետյանը, իր կինն ու երեխան եւ տան վերանորոգում անող բանվորը:
Զինված անձինք աղմուկ-աղաղակ են բարձրացրել, սպառնացել սպանել ներկա գտնվողներին. «Դրանք իմ կնոջը պատին են խփել, էրեխես մինչեւ էսօր վախից չի խոսում: Եղբորս չորս-հինգ տեղից խփել են, ինձ են խփել: Բա ի՞նչ, պիտի սպասեի` բոլորիս սպանեին, թողեին, դուրս գայի՞ն: Իհարկե, պիտի պաշտպանվեի ու ընտանիքիս պաշտպանեի»,- վրդովված պատմեց Նորայր Ղազարյանը` հավելելով. «Ես եթե պատրաստված լինեի, էդ 28 պերմյակովներին տեղում կսպանեի: Զինված, հարբած, դեղերի տակ իմ տուն են ներխուժել: Թող փորձաքննություն անեն ու համոզվեն»:
Նորայր Ղազարյանը վստահեցրեց, որ ինքը միայն մի կրակոց է արձակել, մինչդեռ իր վրա բարդում են երկուսը: «Ես մեր թաղում եմ Յոնջլախցի Նորո, իմ տանը ես սիրող, հոգատար հայր եմ: Ինձ համար հիմա կարեւորը էրեխուս առողջությունն է, ընտանիքիս հանգիստ կյանքը: Հիմա եղբայրս էր, եկել էր իմ օգնությունն էր խնդրում: Ո՞վ կպատկերացներ, որ դրանք` էդ 20 տարեկան լակոտները, կհարբեն, կհարձակվեն: Բա ինքնապաշտպանությունն էլ ինչպե՞ս է լինում: Հիմա ստից գրում են` նախկինում դատապարտվածն էսպես արեց, էնպես արեց: Առանց փաստեր ունենալու` ո՞նց են նման բաներ գրում: Ես իմ ճիշտն ունեմ: Ես գիտեմ էն ծախված ոստիկանին, ով էս ամեն ինչը պատվիրում ա»,- շարունակեց կալանավորը:
«Ժողովուրդ»-ի հարցին, թե ո՞ւմ նկատի ունի՝ ծախված ոստիկան ասելով, Ղազարյանը պատասխանեց. «Ես էդ տղեն չեմ, որ իրա անունը սենց հրապարակեմ: Ինքը, որ կարդա, լավ էլ գիտի: Ինձ դեպքից հետո ծիծաղելով ասեց` Նորո, բա հեռախոս վերցնեիր, ոստիկանություն զանգեիր: Սրբություն չունի դա: Ես իմ անմեղությունն ապացուցելու եմ»:
Նորայր Ղազարյանը հաստատեց տեղեկությունները, որ ինքը եւ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն ազգականներ են. «Այո՛, ազգականներ ենք: Բայց դա էլ շահարկել պետք չէ: Ես ու էդ մարդը հարյուր տարի իրար չենք տեսել: Ու ինքը որեւէ միջամտություն չի ունեցել ու չի ունենա իմ գործերին: Ես ճշտով, հարգված մարդ եմ: Ես իմ արժանապատվությամբ եմ երդվում` շառ են անում: Ես դեռ շատ բացահայտումներ ունեմ անելու»:
Թե ինչ բացահայտումներ կանի, եւ դրան հակառակ` ինչ քննություն կիրականացնեն քննիչները, ցույց կտա ժամանակը:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԱԶԱՏՄԱՆ ԴԻՄՈՒՄՆԵՐ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ոստիկանության Սյունիքի մարզի վարչությունում նոր աղմուկ է հասունանում: Մարզային վարչության ստորաբաժանումների շատ աշխատակիցներ պատրաստվում են դիմում գրել եւ դուրս գալ աշխատանքից: Խնդիրը կապված է ոստիկանության Սյունիքի մարզային վարչության օպերատիվ աշխատանքների գծով պետի տեղակալ Անդրանիկ Մինասյանի հետ: Մեզ հասած տեղեկություններով՝ Անդրանիկ Մինասյանը մի քանի ամիս առաջ սեփական դիմումի համաձայն լքել է ոստիկանության Գորիսի բաժնի քրեական հետախուզության բաժնի պետի պաշտոնը: Մինասյանի հեռանալը Սյունիքի վարչությունում բավականին դրական փոփոխություն է ընկալվել, քանի որ համակարգում նրան բնութագրում են այսպես` այն ոստիկաններից մեկն է, որը «գողի ձեռքը երբեւէ բռնած չկա», եւ լավ է, որ հեռանում է:
Ահա այսպես աշխատանքից ազատման ու համակարգից դուրս գալու մասին դիմում գրելուց հետո ոստիկանությունում Մինասյանը հայտարարել է, թե համակարգում չնչին գումար` կոպեկներ է աշխատում եւ մասնավոր հատվածից առաջարկ ստանալով՝ որոշել է ընդունել այն եւ բարձր աշխատավարձով արժանապատիվ աշխատել: Ահա այդ «երազանքների» աշխատանքը ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնի քրեական հետախուզության բաժնի պետի պաշտոնը լքած Մինասյանը գտնում է «Տաթեւի» ճոպանուղում` ստանձնելով անվտանգության պետի պաշտոնը: Սակայն կարճ ժամանակ անց նա հեռացվում է աշխատանքից: Եւ տարակուսելին այն է, որ Մինասյանը հետ է վերադարձել այն համակարգը, որտեղ «կոպեկներ» էր ստանում եւ հանուն փողի հրաժարվել էր ծառայել: Ավելին՝ նա կրկին նշանակվել է մարզային վարչության օպերատիվ աշխատանքներով բաժնի պետի տեղակալ՝ Գորիսից գալով Սյունիքի մարզային ոստիկանության վարչություն:
Այս իրողությունը միանշանակ չի ընդունվել մարզային ստորաբաժանումների աշխատակիցների շրջանում, եւ շատ աշխատակիցներ երեկ «Ժողովուրդ»-ի հետ մասնավոր զրույցներում ասում էին, թե պատրաստվում են աշխատանքից ազատման դիմում գրել: «Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ պարզաբանում ստանալու համար դիմեց ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետի օպերատիվ աշխատանքներով տեղակալ Անդրանիկ Մինասյանին, ով հայտնեց. «Իմ անվան հետ կապված այս պահին ոստիկանությունում որեւէ խնդիր չկա»: Իսկ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, ի պատասխան մեր հարցի, ասաց. «Փոխգնդապետ Անդրանիկ Մինասյանը, այո՛, Սյունիքի մարզային վարչության պետի տեղակալն է, համակարգում դժգոհություն չկա»:
Տ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
400 ԿՐԱԿՈՑ
Դեկտեմբերի 11-ի լույս 12-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային /Հորադիզ/ ուղղությամբ տեղակայված իր հենակետերից հակառակորդը 82 մմ-ոց ականանետերից 14 անգամ արկակոծել է հայկական դիրքերը: Ընդհանուր առմամբ նշված ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը առաջնային գծի մի շարք հատվածներում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 30 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 400 կրակոց:
ՏԱՐԵԼԻՑՆ Է ՊԱՏՃԱ՞ՌԸ
Դեկտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արեւելյան ուղղության ողջ երկայնքով հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ ինքնաձիգերից, գնդացիրներից, «ՈՒՏՅՈՍ» տիպի զենքից եւ դիպուկահար հրացաններից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ՝ հայկական դիրքերի վրա արձակելով ավելի քան 700 կրակոց: ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը «Ժողովուրդի» հետ զրույցում ազերիների այս ակտիվությունը բացատրել է նրանով, որ նախօրեին լրացել է Հեյդար Ալիեւի մահվան 13-րդ տարելիցը:
ԵՐԵԽԱՆ ՄԱՀԱՑԵԼ Է
Արտաշատի բժշկական կենտրոնում Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակչուհի, 24-ամյա Հասմիկ Սուքիասյանը աղջիկ է ունեցել, սակայն ծնունդն ընդունող բժշկուհին հարազատներին հայտնել է, որ նորածին աղջիկը մահացած է ծնվել։ Դեպքի մանրամասների շուրջ ArmLur.am-ը զրուցել է Արտաշատի բժշկական կենտրոնի տնօրեն Վարդան Հովհաննիսյանի հետ, ով ասել է.«Մահվան պատճառը պարզ կլինի միայն բժիշկների հետ քննարկելուց հետո: Նախնական գիտեմ, որ ծննդկանի մոտ առաջին հղիությունն էր: Հղիության ընթացքը նորմալ է եղել, միայն վիրուս է ունեցել, սակայն նա ամբուլատոր բուժվել է, եւ դա խնդիր չէր կարող լինել: Ծննդկանը մոտ 40 շաբաթական է դիմել ծննդատուն: Ջրերը գնացած են եղել, դրա համար սիմուլացիա են արել, հետո երեխային հանել են, արդեն մահացած է եղել»,- ներկայացրել է ԲԿ տնօրենը: