ՀԱՐԲԵՑՈՂ ՄՈՐԸ ԶՐԿԵԼ ԵՆ ՄԱՅՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վանաձորի քաղաքապետարանի խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովը օրեր առաջ Վանաձորի մանկատուն է տեղափոխել Վանաձորի բնակչուհի Տատյանա Պիսարեւայի երեք մանկահասակ երեխաներին: Ինքը՝ Պիսարեւան, դատարանի որոշմամբ երկու անգամ զրկված է եղել ծնողական իրավունքից՝ հարբեցող լինելու, երեխաների խնամքով չզբաղվելու ու փոքրիկներին հարկադրաբար մուրացկանության դրդելու հիմքով:

Դեռ նախորդ տարվա կեսերին ոստիկանությունը պարբերաբար հայտնաբերում էր Պիսարեւայի երեխաներին Վանաձոր քաղաքի տարբեր հատվածներում մուրացկանությամբ զբաղվելիս: Իրականացված աշխատանքներից հետո պարզվում էր, որ երեխաներին նման քայլի հարկադրաբար դրդում է մայրը՝ Տ. Պիսարեւան: 2015թ. կայացված առաջին դատական վճռով Տ. Պիսարեւան մեղավոր ճանաչվեց քրեական օրենսգրքի 166.1 հոդվածի 2-րդ մասով եւ դատապարտվեց ազատազրկման 1 տարի ժամկետով, սակայն նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառվեց: Պիսարեւայի նկատմամբ սահմանվեց փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով:
Վանաձորի քաղաքապետարանի խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովը փորձեց հնարավոր լուծումներ տալ երեխաների խնամքի եւ դաստիարակության խնդրին: Հանձնաժողովը մի քանի անգամ կազմակերպելով տնայցեր՝ բացահայտեց, որ երեխաները ապրում են ծայրահեղ հակասանիտարական, հակահիգիենիկ պայմաններում, տան բարոյահոգեբանական մթնոլորտը անբարենպաստ է: Իսկ ինքը՝ մայրը, հաճախակի լինում էր ոչ սթափ վիճակում, ինչը հիմք հանդիսացավ համայնքին երկրորդ անգամ դիմելու դատարան այս անգամ արդեն Պիսարեւային վերջնականապես մայրական իրավունքներից զրկելու պահանջով: Ասել է թե՝ Պիսարեւան սահմանված մեկ տարի փորձաշրջանը չօգտագործեց հօգուտ իրեն: Երկրորդ դատական հայցը եւս բավարարվեց, եւ Պիսարեւան վերջնականապես զրկվեց մայրական իրավունքներից:
Դատարանի վճռի մեջ որոշիչ դեր են խաղացել դեռ նախորդ տարիներին ոստիկանության Վանաձորի բաժնի կողմից ստացված գրությունները, համաձայն որոնց՝ մանկահասակ երեխաները պարբերաբար հայտնաբերվել են մուրացկանություն անելիս, իսկ մայրը՝ հարբած վիճակում: Հաստատվել էր նաեւ այն հանգամանքը, որ երեխաներին հարկադրաբար մուրացկանության է դրդել մայրը:
Ինքը՝ Պիսարեւան, չնայած պատշաճ ծանուցված էր եղել դատական նիստերի վայրի եւ ժամի մասին, սակայն այդպես էլ չէր ներկայացել:
Նշենք, որ այս դատական վճիռը կայացվել էր դեռեւս ամիսներ առաջ: Եվ չնայած այս հանգամանքին՝ ամիսներ շարունակ երեխաները գտնվել են ծնողական իրավունքներից զրկված Պիսարեւայի մոտ: Վանաձորի քաղաքապետարանի խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովը ոստիկանության հետ համատեղ պարբերաբար փորձել է երեխաներին վերցնել մորից ու տեղափոխել մանկատուն, սակայն ինքը՝ Պիսարեւան, սպառնացել է, որ կվնասի ոչ միայն իրեն, այլ նաեւ երեխաներին: Եվ ահա մեկ շաբաթ առաջ խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի անդամները կատարելով տնայց՝ Պիսարեւային հայտնաբերել են անխնամ ու առողջական խնդիրներով: Երեխաները տեղափոխվել են մանկատուն, իսկ Պիսարեւան՝ Վանաձորի բժշկական կենտրոն:
Արդյոք երեք մանկահասակ երեխաների համար մանկատանն ավելի լավ կլինի, դժվար է միանշանակ ասել: Ամեն դեպքում, նրանք այլեւս չեն օգտագործվի որպես եկամտի աղբյուր սեփական մոր կողմից ու ստիպված չեն լինի օրուգիշեր թափառել փողոցներում՝ փող մուրալու եւ հարբեցող մայրիկի համար խմիչքի միջոց հայթայթելու համար:

ԷԴՎԱՐԴ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Վանաձոր

 

 
ԿԱՐՄԻՐ ԽԱՉԸ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼ Է
2016թ. օգոստոսի 21-ի առավոտյան Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Ոսկեպար գյուղի սահմանագոտում, Սուրբ Աստվածածին եկեղեցուն հարակից ականապատ դաշտում 7 կով էր հայտնվել: Դրանք պատկանում էին Ոսկեպարի 3 բնակչի: Կովատերերից մեկին հաջողվել էր Ոսկեպար գետն անցնելով՝ վիրավոր կովերից մեկին հանել եւ սպանդի ենթարկել: Վիրավոր կովը ականի վրա պայթելով՝ զառիվայրից գետի ափն էր գլորվել: Եւս մեկ կով վիրավոր վիճակում կարողացել էր ականապատ դաշտից դուրս գալ: Այդ անասունը եւս սպանդի էր ենթարկվել: Մնացած կովերը ականապատ տեղանքում սատկելով՝ վայրի գազանների եւ թռչունների բաժին էին դարձել: Այդ հատվածում փշալար կա եւ ականապատ դաշտի մասին ցուցանակ: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները եղել են սահմանամերձ Ոսկեպարում, զրուցել ականների վրա պայթած կովերի տերերի հետ, նրանց հարցրել այդ ընտանիքների սոցիալական վիճակի, կովերի կաթնատվության, ընտանիքների ապրուստի մեջ կովերի տված եկամտի չափի մասին: Ոսկեպար համայնքից տեղեկացանք, որ օրերս Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Ոսկեպարի 3 բնակչի՝ ականապատ դաշտում հայտնված 4 կովերի տիրոջը, նույն տեղում հայտնված 2 կովի եւ 1 կովի տերերին, որպես օգնություն 450-հազարական դրամ է տրամադրել:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

ՁՄԵՌԱՅԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴԸ՝ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-ԻՑ
ՀՀ հանրակրթական դպրոցներում դեկտեմբերի 26-ից կսկսվի ձմեռային արձակուրդը: Համաձայն «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված եւ հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»՝ 3-12-րդ դասարանների աշակերտներին ձմեռային արձակուրդ կտրամադրվի 2016 թվականի դեկտեմբերի 26-ից հունվարի 8-ը ներառյալ: Առաջին եւ երկրորդ դասարանցիների ձմեռային արձակուրդը կտեւի դեկտեմբերի 26-ից հունվարի 22-ը ներառյալ:




Լրահոս