Ի՞ՆՉ ԵՆ ՔՆՆԱՐԿԵԼ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխատանքային այցով դեկտեմբերի 8-ից 11-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելած Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 11-ի երեկոյան Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Արցախ այցելած ՀՀ մշակույթի գործիչների հետ: Նման հանդիպում ունենալու պատրաստակամություն հայտնել էր ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ օրեր առաջ ունեցած հանդիպման ժամանակ:

Արցախի մայրաքաղաքում կայացած հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ եւ ԼՂՀ մշակույթի նախարարները: «Ժողովուրդ»-ը այնտեղ ներկա եղած մի քանի մշակույթի գործիչներից հետաքրքրվեց` ինչ մթնոլորտում է անցել քննարկումը, եւ որքանով է այն արդյունավետ եղել:
Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը մեզ տեղեկացրեց, որ նախագահի եւ նախարարների հետ հանդիպումից զատ` իրենք եղել են նաեւ զորամասերում, երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանն ու Դավիթ Ամալյանն էլ զինվորների համար հանդես են եկել ելույթներով: Մեր զրուցակիցը նշեց, որ հանդիպմանը ներկա մշակութային գործիչների մեծ մասը նախագահին ուղղել է նույն հարցը. «Արդյո՞ք Սերժ Սարգսյանի երակարաժամկետ այցը Լեռնային Ղարաբաղ կապված է արտաքին վտանգի հետ»: «Նախագահը մեզ վստահեցրեց, որ նման բան չկա. ինքը պարբերաբար այցելում է Արցախ եւ ստուգում է կատարվող աշխատանքները»,-ասաց գրականագետը:
Հարցին, թե կոնկրետ ինչ խնդիր է բարձրացրել ինքը, եւ ինչպիսին է եղել նախագահի արձագանքը, Ա. Նիկողոսյանը պատասխանեց. «Հարցադրումս, բնականաբար, վերաբերում էր գրքին, գրականությանը: Ես նկատեցի, որ վերջին 25 տարիների ընթացքում մենք ստեղծել ենք գրական արժեքներ, բայց այդ արժեքները չեն իրացվում (ոչ այնքան վաճառվելու իմաստով, այլ այն իմաստով, որ դրանք չեն դառնում մեր հասարակական, հոգեւոր պահանջմունքի բաղկացուցիչը): Նշեցի, որ Հայաստանում այսօր հակագրքային մթնոլորտ է, առկա է հոգեւոր, բարոյական անկում, անարդարություն: Եվ այն մարդը, որն ուզում է գիտելիքի միջոցով առաջ գնալ, իր հեռանկարը չի տեսնում: Հարցրի, թե ինչպես է նախագահը տեսնում այս խնդիրների լուծումը: Նա պատասխանեց, որ այդ դժվարությունները քայլ առ քայլ հաղթահարվում են, եւ բերեց մի օրինակ` շեշտելով, որ կարեւորում է գիտելիքի դերը: Ասաց, որ ինքը նախագահականում պարբերաբար ընդունում է այն դպրոցականներին, որոնք հաղթում են տարբեր օլիմպիադաներում: Սերժ Սարգսյանի խոսքով` նախագահը տվյալ դեպքում գիտելիք քարոզող է: Նրա դիտարկմամբ` եթե նախագահի՝ նման քաղաքականությունը չի ծառայում որպես լավ օրինակ, նշանակում է` ինչ-որ բան այն չէ նաեւ գրականության ոլորտում: Սերժ Սարգսյանն ասաց, որ չի պատկերացնում այնպիսի իրավիճակ, որի պայմաններում ստեղծվեն մեծ արժեքներ, սակայն հասարակությունը չսպառի դրանք»:
Դիրիժոր Հովհաննես Չեքիջյանն էլ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարեւորեց, որ ինտելիգենցիան համապատասխան առիթի դեպքում հանդիպում է նախագահին:
Դիրիժորը տեղեկացրեց, որ քննարկման ընթացքում բարձրացրել է ռաբիս երաժշտության դեմ պայքարի հարցը. «Երբ 1961 թվին առաջին անգամ ոտք դրեցի Երեւան, իշխողը Բաքվի երաժշտությունն էր: Բարեբախտաբար, հետո ժողովուրդը նահանջեց` այն գիտակցությամբ, որ դա իր երաժշտությունը չէ: Հիմա արդեն մեզ մոտ ռաբիսն է շատ. դա մեզ պատիվ չի բերում: Կոմիտաս, Նարեկացի ունեցած ժողովուրդը հիմա ուրախանում է «Ավլեմ-թափեմ փոշին» երգի նման հասարակ գործերով, այնինչ՝ մեզ սազական է բարձր երաժշտությունը: Կգա ժամանակ, երբ ռաբիսը, ինչպես Բաքվի երաժշտությունը, կնահանջի, եւ երիտասարդները կգնահատեն իսկական հայկական երաժշտությունը: Իմ այս դիտարկմանն ի պատասխան` նախագահն ասաց, որ դրա համար պետք է նոր գործեր ստեղծել, որոնք հրապուրիչ կլինեն, եւ ժողովուրդը կգնա դեպի դրանք, ոչ թե դեպի հասարակ բաները»,-մեկնաբանեց Հ. Չեքիջյանը:
Զրուցեցինք նաեւ հանդիպմանը ներկա այլ մշակութային գործչի` Համազգային պետական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի հետ: Նա նշեց, որ քննարկման ընթացքում բարձրացրել է համազգային թատրոնի շենք չունենալու հարցը, եւ ստացել դրական արձագանք. «Ես ասացի, որ տարածքը, որտեղ այժմ գործում է թատրոնը, իր գետնահարկով մեզ տրամադրելու դեպքում խնդիրը կստանա իր լուծումը: Նախագահը պատասխանեց, որ ծանոթ է իրավիճակին: Կարծում եմ` առաջիկայում խնդիրը, իսկապես, կլուծվի: Չէ՞ որ Համազգային թատրոնը նորանկախ Հայաստանի առաջին թատրոնն է եւ մեզ համար սիմվոլիկ նշանակություն ունի»,- եզրափակեց տնօրենը:

 

 

 
ԱՄԱՆՈՐՅԱ Ի՞ՆՉ ՖԻԼՄԵՐ ԵՆ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ՀԱՅՏՆԻՆԵՐԸ

Գալիք տոները` Ամանորն ու Սուրբ Ծնունդը, հրավառություններին, խնջույքներին տրվելուց բացի` նաեւ պասիվ հանգիստը վայելելու լավ հնարավորություն են ընձեռում: Թերեւս մեզնից շատերն են երազում տոնական օրերին բուխարու առջեւ նստելու եւ ամանորյա ֆիլմեր դիտելու մասին: Ֆիլմերը կարող են մեր ուղեկիցը դառնալ նաեւ մինչեւ Նոր տարին` հաղորդելով նախատոնական տրամադրություն:

«Ժողովուրդ»-ը Երեւանի մի քանի կինոթատրոնների («Մոսկվա», «Սինեմա սթար», «Կինոպարկ», «Հայաստան», «Նաիրի») շրջանում փոքրիկ հարցում իրականացրեց` պարզելու համար, թե տոնական թեմայով ինչ ֆիլմեր են ցուցադրվում մեծ էկրանին: Այսպիսով` պարզեցինք, որ դրանք դեռեւս երկուսն են` «Ամանորյա խնջույք»-ը (2016թ., ամերիկյան կատակերգություն, ռեժիսոր` Ջոշ Գորդոն, դերերում` Ջենիֆեր Էնիսթոն, Ջոյմի Չանգ) եւ «Վատ Սանտա 2»-ը (2016թ., ամերիկյան կատակերգություն, ռեժիսոր` Մարկ Ուոթերս, դերերում`Քրիստինա Հենդրիքս, Բիլլի Բոբ Թորնթոն, Քեթի Բեյթս եւ այլք):
Մենք հարցում անցկացրինք նաեւ հայ հայտնիների շրջանում եւ հետաքրքրվեցինք` որոնք են նրանց ամանորյա ամենասիրելի ֆիլմերը: Երգչուհի Նադեժդա Սարգսյանը, օրինակ, առանձնացրեց «Կառնավալային գիշերը» (1956թ., խորհրդային կատակերգություն, ռեժիսոր` Էլդար Ռյազանով, դերերում` Իգոր Իլյինսկի, Լյուդմիլա Գուրչենկո, Յուրի Բելով եւ այլք): «Որքան էլ ցուցադրեն այս ֆիլմը, էլի կնայեմ»,-նշեց երգչուհին:
Դերասան Սարգիս Գրիգորյանն էլ շատ է սիրում «Ճակատագրի հեգնանք կամ բաղնիքդ անուշ» կինոնկարը (1975թ., երկսերիանոց խորհրդային ռոմանտիկ կատակերգություն, ռեժիսոր` Էլդար Ռյազանով, դերերում` Անդրեյ Մյախկով, Բարբարա Բրիլսկա, Յուրի Յակովլեւ եւ այլք): «Տոներին սիրում եմ դիտել ոչ միայն թեմատիկ ֆիլմեր, այլեւ, առհասարակ, լավ ու բարի կինոնկարներ: Ում տանն ինչ ցուցադրվում է, այն էլ հասցնում եմ նայել»,-անկեղծացավ դերասանը:
Երգիչ Արթուր Ալեքը եւս նախընտրում է տոնական օրերին վերանայել իր սիրելի խորհրդային ֆիլմերը, նույնիսկ, եթե դրանք ամանորյա թեմայով չեն: «Ամեն անգամ սիրով սպասում եմ, թե երբ եմ նորից լսելու «Մոսկվան արցունքներին չի հավատում», «Ծառայողական սիրավեպ» ֆիլմերից սիրելի արտահայտությունները, որսալու սպասված պահերը»,-նշեց նա:
Արթուրը թեմատիկ ֆիլմերից առանձնացրեց «Բեւեռային ճեպընթաց» մուլտֆիլմը «2004թ., ԱՄՆ, արկածային ֆանտաստիկա, ռեժիսոր` Ռոբերտ Զեմեկիս):
Հավելենք, որ մեր բոլոր զրուցակիցները ամանորյա թեմայով սիրելի ֆիլմերի շարքում նշեցին «Տանը միայնակ» կինոնկարը (1990թ., ԱՄՆ, ընտանեկան կատակերգություն, ռեժիսոր` Քրիս Քոլամբուս, դերերում` Մաքոլեյ Կալկին, Ջո Փեշի, Դենիել Սթերն եւ այլք):

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ




Լրահոս