2016թ. դեկտեմբերի 22-ին Արցախի ԱԺ լիագումար նիստում «Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավար Հայկ Խանումյանն անդրադարձել է Լևոն Տեր–Պետրոսյանի՝ ՀԱԿհամագումարում ունեցած ելույթին:
Օրերս հայոց պարտվողականության և հանձնվողականության գլխավոր գաղափարախոսը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, կրկին հանդես եկավ զիջողական հայտարարություններով՝ պնդելով, որ խաղաղության հասնելու համար հարկավոր եմ փոխզիջումներ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Արցախի Ազգային ժողովւմ հայտարարել է «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը:
Այս առնչությամբ, ԼՂՀ ԱԺ «Վերածնունդ» խմբակցության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Հայկ Խանումյանն ԱԺ-ում ունեցած իր ելույթում նշել է հետևյալը.
«Կարծում եմ շատերիդ կարծիքն արտահայտած կլինեմ, եթե ասեմ, որ փոխզիջումները ոչ թե խաղաղության են հանգեցնելու, այլ ավելի մեծ պատերազմի և ավելի շատ զոհերի»,-նշել է պատգամավորը:
Այնուհետև ներկայացնելով թե ինչո՞ւ է վտանգավոր փոխզիջումների գնալը՝ Խանումյանը կրկին անդրադարձել է Սերժ Սարգսյանի ռուս լրագրողին տված նոյեմբերյան հարցազրույցին:
«Հիշեցնեմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից մոտ մեկ ամիս առաջ հարցազրույց էր տվել Սերժ Սարգսյանը՝ մասնավորապես հաստատելով, որ 2011թ. Կազանի եռակողմ հանդիպման ժամանակ ինքը պատրաստ է եղել ստորագրել փաստաթուղթ, որով Ադրբեջանին կտրվեին իր խոսքերով «յոթ շրջանները»: Սերժ Սարգսյանը վստահորեն ասում է, որ հայկական կողմերը, Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը պատրաստ են հեռանալ այդ շրջաններից:
Նոյեմբերի 30-ի իմ ելույթում ես պարզաբանում էի պահանջել Արցախի նախագահ Բակո Սահակյանից՝ իմանալու, արդյոք նա ևս 2011թ. պատրաստ է եղել տարածքային զիջումների: Ի՞նչ հիմնավորվածությամբ է Սերժ Սարգսյանը պնդում, որ հայկական կողմերը պատրաստ են Ադրբեջանին հանձնել յոթ շրջաններ:
Այս հարցին ես դեռ պատասխան չեմ ստացել, ինչի համար էլ հարկ համարեցի կրկնել պարզաբանման պահանջս, հաշվի առնելով նաև, որ հայաստանյան քաղաքական դաշտում քննարկման առարկա է դարձել տարածքների հանձնման թեման»-ամփոփել է իր ելույթը Հայկ Խանումյանը: