ԻՆՉ ԵՆ ԱԿՆԿԱԼՈՒՄ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման ընթացքում ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին հարց էր ուղղվել այն մասին, որ իր նախկին ԲՀԿ-ական գործընկերները ասել են, թե հասարակության մեջ կա պահանջ, ուստի վերջիններս դիմում են եւ խնդրում, որ Գագիկ Ծառուկյանը վերադառնա, ինչին ի պատասխան՝ Տիգրան Ուրիխանյանը նկատել էր, որ իր գործընկերների շարժառիթների հետ կապված՝ ինքն ունի սուբյեկտիվ կարծիք.«Էլի որեւէ մեկին չվիրավորելու համար ինձ թվում է՝ դա տարրական, քաղաքական, սեփական կարիերայի համար հաշվարկված արդյունք է, այլ ոչ ծրագրի գաղափարախոսոււթյան, ժողովրդական պահանջի բավարարման, եւ այլն, եւ այլն: Թող ներեն ինձ նրանք, ովքեր համաձայն չեն լինի, բայց անշուշտ չեմ ասում բոլորի մասին»: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամներից պարզել, թե արդյո՞ք սեփական շահը, կարիերայի հաշվարկը կամ Գագիկ Ծառուկյանի փողերն են նրանց հետաքրքրում, երբ դիմում են Գագիկ Ծառուկյանին վերադառնալու խնդրանքով:

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Աբրահամ Մանուկյան
-Պարո՛ն Մանուկյան, Տիգրան Ուրիխանյանը լրատվամիջոցների հետ զրույցում ասել է, որ ԲՀԿ-ի հետ ճանապարհ չունի անցնելու եւ ներկայացնելով իր մոտեցումները՝ ըստ էության նշել է, որ ինքը չի շեղվել իր ուղուց, այլ ԲՀԿ-ն է շեղվել: Ի՞նչ կասեք այս մասին:
-Ոչ մեկն էլ չի շեղվել, «Բարգավաճի» ինչն է շեղվել: Կարող է՝ ինքը այդպես է մտածում, բայց դա չի նշանակում, որ բոլորն են այդպես մտածում:
-Ձեր նախկին գործընկերը, անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի վերադարձի վերաբերյալ ԲՀԿ-ականների պահանջին, ասել էր. «Էլի որեւէ մեկին չվիրավորելու համար ինձ թվում է՝ դա տարրական, քաղաքական, սեփական կարիերայի համար հաշվարկված արդյունք է»: Դուք Ձեր սեփական քաղաքական կարիերայի համա՞ր եք պահանջում Ծառուկյանի վերադարձը:
-Գտնում եմ, որ դա այդպես չէ, ոչ մի բանի էլ չենք սպասում:
-Ո՛չ Ծառուկյանի՞ն, ո՛չ նրա փողերի՞ն:
-Ընդհանուր առմամբ, այո, ամեն մարդ ինքը իր անելիքը պետք է իմանա որպես ընկեր, դա այլ խնդիր է, բայց ամեն ինչ կապվի… չեմ իմանում՝ ինչից ելնելով է նման բան ասել, զարմանում եմ պարոն Ուրիխանյանի այդ արտահայտությունների վրա:

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյան
-Պարո՛ն Էնֆիաջյան, Տիգրան Ուրիխանյանը լրատվամիջոցների հետ զրույցում ասել է, որ ԲՀԿ-ի հետ ճանապարհ չունի անցնելու եւ ներկայացնելով իր մոտեցումները՝ ըստ էության նշել է, որ ինքը չի շեղվել իր ուղուց, այլ ԲՀԿ-ն է շեղվել:
-«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը իր գործունեությունը ծավալել է իր ծրագրային դրույթներին, իր կանոնադրությանը համապատասխան ու ներդաշնակ, այլ գնահատականները կամ վերաբերմունքը, որոնք ուզում են ոմանք ձեւակերպել կամ ներկայացնել, իրականությունը դրանից չի փոխվելու: Ձեզ վստահեցնում եմ, որ ԲՀԿ-ն գործել է իր ծրագրային դրույթներին համարժեք եւ ներդաշնակ:
-Ձեր նախկին գործընկերը նաեւ նշել էր, որ Ծառուկյանի վերադարձի շուրջ ԲՀԿ-ականների պահանջը սեփական քաղաքական կարիերայի համար հաշվարկված քայլ է, այլ ոչ թե ծրագրի, գաղափարախոսության կամ ժողովրդական պահանջի բավարարմանն ուղղված:
-Ով որ տենց բան է ասում, եթե ինքը այդ մտածելակերպի տեր մարդն է, այդ ընկալելիությունն ունի, այդ մոտեցումն ունի, թող ինքը իր կարծիքը հայտնի, իր մասին խոսի: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում խորապես հարգում են Գագիկ Ծառուկյանի անհատականությունը, խորապես զգում են նրա կարիքը, սպասում են նրա վերադարձին, եւ վստահեցնում եմ Ձեզ, շատերը չլքեցին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ պահպանելով հենց Գագիկ Ծառուկյանի ավանդույթները, մոտեցումները եւ ծրագրերը:

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյան
-Ձեր նախկին գործընկեր Տիգրան Ուրիխանյանը լրատվամիջոցների հետ զրույցում, ներկայացնելով իր աշխատանքը, ցույց է տալիս, որ ինքն իր ուղուց չի շեղվել, այլ ԲՀԿ-ն է շեղվել:
-Ուրեմն մենք մեր ուղու վրա ենք, այն կազմը, որ ԲՀԿ-ն պահեց, նվիրյալներ են, որոնք իրենց գծին հավատարիմ գնացել են, իսկ այն մարդիկ, ովքեր իրենց ուղղությամբ են գնացել, դա իրենց գործն է, ես երբեք չեմ քննադատել, բայց որ մենք հավատարիմ ենք մեր ծրագրին, գաղափարին, դա փաստ է:
-Տիգրան Ուրիխանյանը նաեւ նշել էր, որ Ծառուկյանի վերադարձի շուրջ ԲՀԿ-ականների պահանջը սեփական քաղաքական կարիերայի համար հաշվարկված քայլ է, այլ ոչ թե ծրագրի, գաղափարախոսության կամ ժողովրդական պահանջի բավարարմանն ուղղված:
-Ուրեմն, Միքայել Մելքումյանը որեւէ տեղից որեւէ բան մինչեւ հիմա ո՛չ ակնկալել է, ո՛չ էլ որեւէ փաստ կա, հիմա թե ով ինչ է արել, դա իրենց գործն է: Ես ուղղակի հաստատում եմ, մենք՝ այն թիմը, որոնք մնացել են ԲՀԿ-ում, նրանք հավատարիմ նվիրյալներն են, բայց նրանք էլ իրավունք չունեն՝ ո՛չ ցեխ շպրտեն, ո՛չ էլ որեւէ բան ասեն, դա ոչ մեկի խնդիրը չէ՝ գնահատական տալու, առավելեւս այն մարդիկ, որոնք սերվել են այդտեղից:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 
ՏԿՏՏ ՆԱԽԱՐԱՐ. «ԻՆՉՔԱՆ ՈՐ ՊԵՏՔԱ, ԷԴՔԱՆ ԿՄՈՒԾԵՄ»

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը եւս՝ իր երեք նորանշանակ գործընկերների հետ, նոյեմբերի 24-ին հայտարարեց, որ դիմում է ներկայացրել՝ Հայաստանի հանրապետական կուսակցությանը անդամագրվելու համար: Երբ լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ նախքան նախարար դառնալը ՀՀԿ-ին անդամագրվելու դիմում չէր ներկայացրել, Վահան Մարտիրոսյանն ասաց, որ նախքան նախարար նշանակվելը քաղաքականությամբ չի զբաղվել: «Ես ՀՀԿ-ին անդամագրվելու դիմում եմ ներկայացրել: Ինչպես վարչապետն ասաց նիստի ընթացքում, որեւէ պարտադրանք չկա կուսակցական դառնալու, դա իմ որոշումն է»,- հավաստիացրեց Մարտիրոսյանը:

Նկատենք, որ մինչ Հայաստանի հանրապետական կուսակցության հնաբնակները շտապում են ամեն առիթով գովերգել իրենց հարազատ կուսակցությունը, հավաստիացնել, թե «հանրապետական լինելը պատիվ է», «իրենց որոշմամբ» հանրապետական դարձած նորագիրների համար, կարծես թե, ամենեւին հաճելի չէ իրենց կուսակցական պատկանելության մասին խոսելը կամ ՀՀԿ-ի հետ կապված հարցերին պատասխանելը: «Ժողովուրդ»-ը ՀՀ ՏԿՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանից փորձեց հետաքրքրվել` արդյո՞ք նա հասցրել է ծանոթանալ կուսակցության կանոնադրությանն ու ծրագրին, ինչն անհրաժեշտ պայման է ՀՀԿ-ին անդամակցելու համար, նախարարը նախ փորձում էր խուսափել պատասխանելուց` պատճառաբանելով, թե շտապում է, պետք է գնա: Ապա մեր պնդումներին տեղի տալով՝ որոշեց պատասխանել: Սակայն իր վերադասի՝ վարչապետ Կարեն Կարապետյանի նախընտրած լակոնիկ ոճով՝ արտաբերելով ընդամենը մեկ բառ՝ այո՛: Եթե ծանոթացել էր, ենթադրվում էր, որ պետք է առանձնացրած լիներ իր համար առանձնահատուկ մի դրույթ կամ դրույթներ, այդ իսկ պատճառով Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք նաեւ, թե կուսակցական ծրագրի որ դրույթն է իրեն առանձնապես հոգեհարազատ: Այդ հարցին Մարտիրոսյանը ընդհանրապես հրաժարվեց պատասխանել, թերեւս դժվարացավ:
Մենք նաեւ փորձեցինք պարզել, թե որքան անդամավճար է մուծել նորաթուխ հանրապետական պաշտոնյան: Նշենք, որ ըստ ՀՀԿ կանոնադրության՝ «Կուսակցության անդամը մուծում է անդամավճար (չափը կամավոր է)», ասել է, թե ում սրտով ինչքան անցնի: Պարզվեց՝ Մարտիրոսյանը դեռ անդամավճար չի մուծել, մեր հետաքրքրությանը, թե, այնուամենայնիվ, որքան է մուծելու, նախարարը արձագանքեց. «Ինչքան որ պետքա, էդքան կմուծեմ»:

ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 
«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ» ԽԱԽՏՈՒՄ
«Ժողովուրդ» օրաթերթին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը շրջանակային համաձայնագրերի միջոցով տպագրական աշխատանքներ է ձեռք բերել: Սակայն ՀՀ ֆինանսների նախարարության գնումների աջակցման կենտրոնը բացասական եզրակացություն է տվել սոցապ նախարարության գնման այս գործընթացին: Բանն այն է, որ հրավերի տեխնիկական բնութագրով սահմանված աշխատանքների կատարման վերջնաժամկետը չի համապատասխանել «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջներին: Այսինքն՝ գնման գործընթացը մրցակցային, թափանցիկ, հրապարակային եւ ոչ խտրական հիմունքներով չի կազմակերպվել: Բացի այս՝ պայմանագրի կնքման նպատակով մասնակիցների շրջանակը չի ընդլայնվել նրանց միջեւ մրցակցության խրախուսման նպատակով: Ասել է թե` պրիմիտիվ գողություն:

 

 

ԲԱՆԱԿԻՑ ՅՈՒՐԱՑՆՈՂԸ
N զորամասի պարենային ծառայության պետ Ազնաուր Մկրտչյանը պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ յուրացրել է ՊՆ կարիքների համար արտադրված 50 լիտր ձեթը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նա 2016 թվականի հունվարի 9-ին հափշտակել է զորամասի հաշվեկշռում գտնվող 18 հազար 5 հարյուր դրամ արժողությամբ ՊՆ կարիքների համար արտադրված մեկական լիտրանոց 50 շիշ ձեթ: Եւ այս արարքի համար Հադրութի կայազորի զինվորական դատախազության հաստատած մեղադրանքով Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Գործը մակագրվել է Սիսիանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արսեն Սարդարյանին:

 

 

ՄԻՋԱԴԵՊ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դեկտեմբերի 15-ին «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկայում միջադեպ է տեղի ունեցել: Մեզ հայտնի դարձավ, որ կլինիկայում նախկին փորձաքննվողներից մեկը ծեծի է ենթարկել 5-րդ բաժանմունքի վարիչին: Ըստ նույն տեղեկությունների` իրարանցմանը միջամտել են բաժանմունքի բուժքույրն ու եւս մի բուժաշխատող: Ապա տեսնելով իրարանցումը` ներս են խուժել նաեւ բուժվողի ընկերները: Արդյունքում տուժել են կլինիկայի երեք բուժաշխատողներ: Մեզ հայտնի դարձավ, որ կատարվում է քննություն:




Լրահոս