Ոչ ծանր հանցագործությունների համար դատապարտված անձինք այսուհետ ընտրություններին մասնակցելու հնարավորություն կունենան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցելու հնարավորություն կունենան նաև ազատազրկման դատապարտված անձինք, ովքեր չեն կատարել ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն:

Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

«Եթե նախկինում ազատազրկման դատապարտված անձինք չէին մասնակցում ընտրություններին, ապա հիմա նոր Ընտրական օրենսգրքի կանոնակարգումների հիման վրա ազատազրկման դատապարտված որոշ անձանց համար սահմանվել է ընտրություններին մասնակցելու հնարավորություն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշել է Մուկուչյանը:

Նա մանրամասնել է, որ նոր կանոնակարգման համաձայն ընտրություններին մասնակցելու իրավունք կունենան ազատազրկված այն անձինք, ովքեր չեն կատարել ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություններ: Մուկուչյանը հիշեցրել է, որ մինչ այդ ազատազրկման դատապարտված որևէ անձ ընտրություններին մասնակցելու իրավունք չուներ:




Լրահոս