ՀԱԿ-ի` վերջին երկու տարում ամենաբազմամարդ երեկվա հանրահավաքի էներգետիկան լրացվում էր համաժողովրդական շարժման հայտնի ռեմիքսներին ու Բախի 9-րդ սիմֆոնիային փոխարինելու եկած երաժշտական նոր համարներով: Երեկ Մատենադարան եկածների մեջ հզոր էներգետիկա, վարակիչ ոգեւորություն ու բազում փայլող աչքեր կային: Նրանց վերջին շարքերը հին ու բարի ժամանակների նման հասնում էին մինչեւ կինո «Նաիրի»: Կազմակերպիչների գնահատմամբ երեկ կար 50-60 հազար մարդ, իսկ ոստիկանության համար տեսանելի էին ընդամենը 10 հազարը: Հուզիչ էր այն պահը, երբ ժողովուրդը ողջունեց ամբողջ կազմով եւ սպիտակ մեխակներով Մատենադարան եկած «Ժառանգության» պատգամավորներին` Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ, որոնք հարթակ բարձրանալու փոխարեն կանգնեցին առաջին շարքում: Ժողովուրդը «Ժառանգության» պատգամավորների գալը ողջունեց «մի-ա-ցում» վանկարկումներով:Հանրահավաքի սկզբում հայտարարվեց. «Երեք տարի առաջ այս օրը բորենիաբար հարձակվեցին ժողովրդի վրա: Մարտի 1-ը դարձավ խարան, հայ ժողովրդի կյանքում սեւ օր: Ժողովուրդն այդ օրվանից տասնյակ հազարներով սկսեց լքել երկիրը, եւ Հայաստանը դատարկելու ծրագիրն այսօր էլ շարունակվում է: Մենք հավաքվել ենք նշելու 2008 թ. մարտի 1-ի դեպքերի երրորդ տարելիցը: Բայց չենք հավաքվել նվնվալու, այլ ըմբոստանալու եւ երեք տարի առաջ կորցրածը հետ բերելու համար: Մենք չենք հանգստանա, մինչեւ ինքներս մեր ձեռքով չփակենք մարտի 1-ի էջը»:Ելույթ ունեցած Տիգրան Խաչատրյանի մայր Ալլա Հովհաննիսյանն ու Գոռ Քլոյանի հայր Սարգիս Քլոյանը հայտարարեցին, որ միայն հաղթանակը կսփոփի իրենց վիշտը:Մինչ ելույթ կունենար Լեւոն Տեր-Պետրոսյանը, Դավիթ Շահնազարյանը, Անդրանիկ Քոչարյանը եւ այլք պահանջեցին մարտի մեկի դեպքերի միջազգային հետաքննություն: Անդրանիկ Քոչարյանը մեկ անգամ եւս արձանագրեց, որ նախկին փաստահավաք խմբի հենց առաջին զեկույցից հետո, որտեղ բացահայտված էին ներքին գործերի սպա Համլետ Թադեւոսյանի մահվան հանգամանքները, իշխանությունները կայացրին «գրասենյակը փակելու» քաղաքական որոշում: Իսկ երբ փաստահավաք գործունեության արդյունքում բացահայտվեցին այն բոլոր պաշտոնյաների անունները, որոնք կազմակերպել էին ժողովրդի վրա կրակելու ակցիան ու ռազմական հեղաշրջումը, խումբը անհեթեթ պատճառաբանություններով լուծարվեց: Արձանագրվեց, որ նորմալ երկրներում բանակը կրակում է արտաքին թշնամու վրա: Դավիթ Շահնազարյանը, դնելով միջազգային հետաքննություն իրականացնելու պահանջը, երեք օրվա ժամանակագրությամբ ցույց տվեց այս կառույցի` ԵՄ նախագահության կողմից ժամանակին ընդունված հայտարարությունները, որոնցում նշվում է, որ իշխանությունը ցուցարարների դեմ ուժ է կիրառել, սահմանափակված է եղել ՀԱԿ առաջնորդի տեղաշարժի իրավունքը եւ կոչ է արվել ազատել քաղբանտարկյալներին:«Հանրապետություն» կուսակցության առաջնորդի երեկվա ասելիքը Թունիսի մասին էր, Եգիպտոսի, Լիբիայի, արաբական աշխարհի հեղափոխությունների, որոնց նախաձեռնողները, Արամ Սարգսյանի գնահատմամբ, չնայած բազմաթիվ անհայտներին, իրենց հրապարակներում իրենց իշխանություններից տարբեր պատասխաններ ստացան, բայց չհեռացան, չկոտրվեցին: «Հետո իրենք վախեցան ու բարեփոխումներ էին խոստանում, կառավարություններ էին փոխում, բայց արդեն ուշ էր, ու ժողովուրդը պահանջում էր իշխանափոխություն»: «Հի-մա», «հի-մա» վանկարկումներին, որոնք ընդմիջեցին իր խոսքը, Արամ Սարգսյանը պատասխանեց. «Այդ հիման շատ մոտ է, հավատացե՛ք», որովհետեւ Հայաստանում էլ արաբներից ոչ պակաս հաստատակամ մարդիկ կան. Աստված մեզ օգնական»:Նախքան բազմահազար հանրահավաքի անունից իշխանություններին կներկայացվեր ՀԱԿ առաջնորդի վերջնագիրը` կատարման 15-օրյա ժամկետով, Լեւոն Տեր-Պետրոսյանը դիմեց ՀՀ իշխանություններին վերնագրված բառով, ինչը կողքիս կանգնած ՀԱԿ ակտիվիստը մեկնաբանեց. «Շյոչիկը այսօրվանից ֆռում ա»: Առհասարակ ՀԱԿ առաջնորդի այս շեշտադրումները մարդկանց հայացքներում ու օդում կախված էին հարցականների նման` ի՞նչ է լինելու սրանից հետո: Բայց հաստատակամ գոռում էին` «հիմա, հիմա»: Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ սթափվելու կոչ արեց: Վերջում օրը հասավ իր տրամաբանական ավարտին` դեպի Մյասնիկյան հրապարակ տասը զոհերի հիշատակի մոմավառության: Իսկ երթի ընթացքում մի խումբ երիտասարդ սադրիչներ պարբերաբար ոստիկաններին «նեղացնում» էին, որոնք էլ բռնկվելով սկսում էին հրմշտոցը: «Էս ո՞վ են էս լակոտները»,-միմյանց հարցնում էին ՀԱԿ ակտիվիստները` այդպես էլ չիմանալով, թե երեկվա երթը գլխավորող լպիրշները ինչու էին հայտնվել առաջին շարքերում:Հ.Գ. Երեկվա հանրավավաքին Մատենադարանի հարթակում էր նաեւ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող ժիրայր Սէֆիլյանը: ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ
ՄԱՐՏԻ ՄԵԿԻ ԷՋԸ ՄԵՆՔ ԵՆՔ ՓԱԿԵԼՈՒ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ