«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախորդ տարվա ընթացքում Հայաստանից կազմակերպված ապօրինի միգրացիայի երկու աղմկահարույց գործ էր բացահայտվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կեղծ փաստաթղթերի հիման վրա մուտքի վիզա է տրամադրվել 34 ՀՀ քաղաքացու, որոնք, իբր երգ ու պարի անսամբլի կազմ, մեկնելու էին ԱՄՆ` հյուրախաղերի, իսկ իրականում` մշտական բնակության: Կատարվածը բացահայտվել էր, եւ հարուցվել քրեական գործ:
Նկատենք, որ մեկ նմանատիպ գործ էլ հարուցվել էր տուրիստական գործունեության քողի ներքո՝ շուրջ 200 ՀՀ քաղաքացիների կեղծ փաստաթղթերի հիման վրա Շենգենյան երկրների վիզա տալու կապակցությամբ: Բնականաբար, երկու դեպքում էլ վիզա ստանալու համար մարդիկ մի քանի հազար եվրո են վճարել: «Ժողովուրդ»-ը երեկ ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանից հետաքրքրվեց` արդյո՞ք այս գործերում ներգրավված են եղել նաեւ պետական պաշտոնյաներ, դիվանագետներ, եւ ի՞նչ է մտածում ՀՀ ԱԳՆ-ն: «Ովքեր են եղել, ովքեր չեն եղել, ցույց կտա հետաքննությունը»,- կարճ պատասխանեց նա»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: