Ֆրանսիայի սահմանադրական դատարանը չեղարկել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը: Թուրքական «NTV.com.tr» լրատվակայքի տեղեկացմամբ՝ դատարանի որոշման մեջ մասնավորապես նշվել է, որ օրենքը սահմանափակում է քաղաքացիների խոսքի ազատությունը:
Նշյալ օրենքում Հայոց ցեղասպանության մասին որևէ ուղղակի հիշատակում չկար: Սակայն, ըստ օրենքի, մարդկության դեմ գործված հանցանքների հերքումը որակվում էր իբրև «ատելության հիման վրա կատարված հանցագործություն»: Օրենքի սահմաններում մեղավոր ճանաչված անձը կարող էր դատապարտվել 1 տարվա ազատազրկման և տուգանվել 40.000 եվրոյով:
Ֆրանսիայի ազգային ժողովի և սենատի կողմից քվեարկությամբ ընդունված այս օրենքը հարուցել էր Թուրքիայի և Ֆրանսիայի թուրքական կառույցների դժգոհությունը: Թուրքական կազմակերպությունները դիմել էին Ֆրանսիայի սահմանադրական դատարան՝ օրենքը չեղարկելու պահանջով: Նշվում է, որ սահմանադրական դատարանն իրավունք ունի չքննարկելու նմանատիպ պահանջները: Բայցևայնպես հայցը ընդունվել էր վարույթ և թուրքական կողմի պահանջը, փաստորեն, բավարարվեց: Ֆրանսիայի սահմանադրական դատարանի այս որոշումը Թուրքիայի կողմից գնահատվել է որպես «իրավական հաղթանակ»:
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող ևս մեկ նմանատիպ օրենք էր ընդունվել նաև Նիկոլա Սարկոզիի նախագահության օրոք: Ցավոք, այդ օրենքը ևս չեղարկվեց սահմանադրական դատարանի կողմից՝ «խոսքի ազատությունը սահմանափակելու» հիմնավորմամբ: