2015 թվականին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Տիգրանյան 5 հասցեում սպանվել էր քրեական հեղինակություն Արթուր Հովհաննիսյանը` Չուգունը: Աղմկահարույց այս սպանությունը այդպես էլ մնաց չբացահայտված, սակայն քրեական հեղինակության հարազատները չեն պատրաստվում լռել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում սպանված Արթուր Հովհաննիսյանի հայրը՝ Գեւորգ Հովհաննիսյանն ասաց, որ իրավապահներին հայտնել է, թե ում է կասկածում:
Հիշեցում
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի կողմից ներկայացված տեղեկության՝ 2015 թվականի հուլիսի 14-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, Տիգրանյան 5 հասցեում հնչել էին կրակոցներ նույն հասցեի բնակիչ, 35-ամյա Արթուր Հովհաննիսյանի ուղղությամբ, երբ նա դուրս գալով շենքի մուտքից՝ գնացել էր դեպի հարեւանությամբ կայանված իր ավտոմեքենան: Ի դեպ, Հովհաննիսյանը մենակ չէր եղել, նրա հետ էր եղել իր կնոջ եղբայրը, որն էլ, ըստ էության, տեսել էր, թե ով է կրակողը:
Ինչեւէ: Դեպքի առթիվ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի (դիտավորյալ սպանություն, որը պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով) եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք պահելը, կրելը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով) հատկանիշներով:
Վարկած առաջին
Ու մինչ իրավապահները քննում էին գործը, մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ սպանությունից մի քանի օր անց Արթուր Հովհաննիսյանը բախում է ունեցել ԱԺ պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդու՝ Արթուր Մանուկյանի հետ, ինչն էլ կարող էր պատճառ դառնալ, որ Արթուրին կրակեին: Ի դեպ, ԱԺ պատգամավորի որդին Արթուր Հովհաննիսյանի քավորն է:
Վարկած երկրորդ
Արթուր Հովհաննիսյանի սպանությունը կապեցին նաեւ 2015 թվականի մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի տարածքում սպանված քրեական հեղինակություն Լեւոն Ղազարյանի՝ Երրորդմասցի Լյովիկի գործի հետ: Բանն այն է, որ երբ սպանվեց Երրորդմասցի Լյովիկը, լուրեր տարածվեցին, թե նա «Նուբարաշեն» ՔԿՀ էր գնացել՝ այնտեղ պահվող իր մտերիմներից ոմն Դավիթ Իսպիրյանին այցելության, եւ հենց այդ հանդիպումից հետո էլ Լյովիկը սպանվեց: Պարզվում է՝ Արթուր Հովհաննսիյանը եւս մտերիմ է եղել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող Դավիթ Իսպիրյանի հետ:
Սպանվածի հայրը չի լռելու
Աղմկահարույց այս սպանությունից անցել է 1, 5 տարի, եւ սպանված Արթուր Հովհաննիսյանի հայրը այլեւս չի պատրաստվում լռել: Որդու սպանությունը բացահայտելու համար դիմելու է Սերժ Սարգսյանին, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, որ հետամուտ լինեն եւ որդու սպանությունը կատարողներին բացահայտեն:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Գեւորգ Հովհաննիսյանը պատմեց, որ իր որդու սպանության մասով հարուցված քրեական գործը պատշաճ չեն քննել. «Այդ օրը որդուս հետ տանից դուրս էր եկել իր աներորդին՝ Արամ Շարբաթյանը: Նա կարեւոր վկաներից մեկն էր, որին նորմալ չհարցաքննեցին եւ, առհասարակ, մյուս ընկերներին եւս: Ոնց կարող է՝ կարեւոր վկան տեսնի, թե ոնց են կրակում, ու ասի՝ չեմ հիշում: Ես կարող եմ այսօր շատ բան մտածեմ, որ նրան վախացրել են, որ նա ծպտուն չի հանում: Քննիչները ասում էին, թե թաղայինի գործ կբացվի, գործը տարան ՀՀ քննչական կոմիտեի հատուկ կարեւոր գործերով քննչական վարչություն: Մի խոսքով, այսպես կառուսելի նման ֆռացրեցին ու այդպես էլ որեւէ բան չարեցին: Ես շեշտել եմ կասկածվողների անուններն էլ, թե ովքեր են իմ տղայի վատը ուզել: Իմ որդին ասում էր՝ եթե իր հետ վատ բան լինի, ապա ումից կարելի է վատ բան սպասել»:
Իսկ ովքեր էին քրեական հեղինակություն համարվող Արթուր Հովհաննիսյանի նկատմամբ վատ տրամադրվածները: Գեւորգ Հովհաննիսյանի պատմելով՝ որդին սպանությունից մեկ օր առաջ կոնֆլիկտ է ունեցել ԱԺ պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդու՝ Արթուր Մանուկյանի անվտանգության աշխատակցի եղբոր հետ. «Ինչ-որ հարցի հետ կապված, ավելի ճիշտ՝ խաբելու համար որդիս երկու «սիլլա» էր հասցրել ախրանիկի ախպորը: Այդ մասին մենք իմացանք, ասեցինք՝ ինչ գործ ունես, դրանք կգան, հաշիվներ կմաքրեն հետդ, տղաս էլ ասել էր՝ թող գան: Հաջորդ օրը տեղի ունեցավ սպանությունը: Իմ որդին ո՛չ գող էր, ո՛չ ավազակ, նա ճիշտն էր միշտ պահում: Որդուս սպանությունը ես կապում եմ հենց այս դեպքի հետ, չնայած այլ կասկածներ էլ կան, բայց դրանց մասին հետո»:
Պատգամավորի որդին հարցաքննվել է
Սպանվածի հայրը տեղեկացրեց, թե քննիչներն իրեն հայտնել են, թե հարցաքննել են ԱԺ պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդուն՝ Արթուր Մանուկյանին, սակայն նա ասել է, թե ինքը չի. «Բայց այդպես ո՞նց կլինի, ասի՝ ինքը չի, ու այդքանով վերջացնե՞ն»:
Անդրադառնալով այն վարկածին, որ որդու սպանությունը կապվել է նաեւ քրեական հեղինակություն Լեւոն Ղազարյանի՝ Երրորդմասցի Լյովիկի սպանության հետ, Գեւորգ Հովհաննիսյանը պատասխանեց. «Որդիս, ճիշտ է, լավ հարաբերություններ չի ունեցել Երրորդմասցի Լյովիկի հետ: Մի դեպք էր եղել. որդիս Լյովիկի ընկերներից մեկին ծեծել էր, Լյովիկենք լարված էին իր հետ: Հասել էին խոսքեր, թե կարող է՝ Արթուրին խփեն, բայց որդուս սպանությունը ես չեմ կապում Երրորդմասցի Լյովիկի սպանության հետ»:
Գեւորգ Հովհաննիսյանի խոսքով՝ բակում շատ մարդիկ են տեսել, թե ինչ տեսք է ունեցել կրակողը, անգամ բակի բնակարանների տեսախցիկներն են ֆիքսել, թե ինչպես են կրակում որդուն. «Մենք իրավապահներին ասում ենք՝ մի ֆոտոռոբոտ չկա՞, որ կազմեք մոտավոր տեսքը, կարողանանք իմանալ: Ասում են՝ չէ՛, մենք այդպիսի հարմարություն չունենք: Բայց ես չեմ լռելու, որդուս սպանության գործը կասեցրել են, այդպես չեմ թողնելու, նամակ եմ գրել Սերժ Սարգսյանին, որ հետամուտ լինի, որդուս սպանությունը բացահայտվի: Ինքը ճանճ չէր, որ կորավ, գնաց: Ինչո՞ւ որդիս այդ բախտին պետք է արժանանար, իսկ նրա միակ որդին էլ առանց հայր մեծանա, բոլոր մեղավորները պատասխան պետք է տան»:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՑՄԱՀ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԸ ԿԱՐԵԼ Է ԲԵՐԱՆԸ
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում էլի արտասովոր միջադեպ է գրանցվել: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ օրերս ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ցմահ դատապարտյալ Արսեն Գասպարյանը հարվածել է ՔԿՀ-ի 6-րդ մասնաշենքի պատասխանատուին, ինչից հետո նրան տեղափոխել են պատժախուց:
Դեպքի մանրամասները պարզելու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ցմահ դատապարտյալի ընկերոջ՝ էռնեստ Ահարոնյանի հետ: Ըստ նրա՝ իրականում ցմահ դատապարտյալ Արսեն Գասպարյանը այս պատմության մեջ այդքան էլ մեղք չունի. «Արսենը իր պատիժը կրում է «Արմավիր» ՔԿՀ -ի 6-րդ մասնաշենքի 637 խցում: Նրա մոտ 4 օր ջուր չի եղել, եւ նա այդ մասին անընդհատ բարձրաձայնել է՝ ահազանգելով, որ խցում ջուր չկա՝ խնդրելով լուծում տալ: Ավելի ուշ խնդրի մասին ասել է քրեակատարողական հիմնարկի 6-րդ մասնաշենքի պատասխանատու Ռոման Հակոբյանին, որպեսզի գոնե իր տարրական կարիքները հոգալու համար շշով ջուր տան, սակայն խնդիրը այդպես էլ մնացել է չլուծված»:
Ըստ մեր զրուցակցի՝ օրեր առաջ, երբ ՔԿՀ-ի դատապարտյալներին հանել են զբոսանքի, բանը հասել է բռունցքներին. «Զբոսանքի ժամանակ Արսենը պահանջել է, որպեսզի իրեն օգնեն հանդիպի բանտապետին, այլապես ինքը բողոք կներկայացնի իրավասու մարմիններին: Այդ ժամանակ ՔԿՀ-ի 6-րդ մասնաշենքի պատասխանատու Ռոման Հակոբյանը հայհոյել է, թե բողոքողի… Արսենն էլ բռունցքով հարվածել է նրան: Բայց, կներեք, ո՞ւմ հայհոյեն, այդ հայհոյանքը մնա անպատասխան»:
Ընկերոջ խոսքով՝ այս ամենից հետո Արսենին տեղափոխել են պատժախուց, իբրեւ թե նա կարգապահական կանոններն է խախտել. «Մինչդեռ նա ընդամենն իր իրավունքն է փորձել վերականգնել: Մարդուն թողնեն առանց ջուր, հայհոյեն, ու մի բան էլ նա հայտնվի պատժախցո՞ւմ: 13 օր պետք է մնա պատժախցում, դիմումներ է գրել ՀՀ գլխավոր դատախազին ՀՀ արդարադատության նախարարին, Մարդու իրավունքների պաշտպանին, բայց արդեն 5-րդ օրն է՝ պատասխան չկա: Ես վստահ եմ, որ նամակները տեղ չեն հասնում, թե չէ ինչպես կարող էր գոնե մի արձագանք չլիներ: Արդյունքում, Արսենը հացադուլ, ջրադուլի է գնացել, ու երեկ երեկոյան էլ տեղեկացա, որ բերանն է կարել»:
Դատապարտյալի ընկերը հավելեց, թե. «Ինձ տեղեկություններ են հասել, որ Ռոման Հակոբյանը ՔԿՀ-ի պետ Տիգրան Նավասարդյանի հետ ազգակցական կապերի մեջ է, դրա համար էլ իրեն այդպես արտոնյալ է պահում, խնդրում եմ բոլոր իրավասու մարմիններին, որպեսզի այս հրապարակումից հետո հետեւողական լինեն ու խնդրին լուծում տան»:
Հուսանք, որ ՀՀ արդարադատության նախարարությունն ու քրեակատարողական հիմնարկների վարչությունը շոուներ բեմադրելու փոխարեն կոնկրետ գործով կապացուցեն իրենց՝ իրապես աշխատելու ձգտումը:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԱՐՅԱՆ ՀՈՏ
Վերջերս ակտիվացել են Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի՝ ԱԺ պատգամավոր առաջադրվելու մասին խոսակցությունները, եւ խոսքը վերաբերում է «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային ցուցակով առաջադրվելուն: Գյումրիում մտավախություն կա, որ նրա մասնակցությունը կբերի արյունալի բախման: Ե՛վ 2007, ե՛ւ 2012 թվականների ընտրություններն ավարտվել են նախընտրական կամ հետընտրական արյունալի բախումներով: 2007-ին նրա որդու մասնակցությամբ հայտնի փոխհրաձգությունը տեղի ունեցավ, որի ժամանակ, ըստ մամուլի հրապարակումների, սպանվեց մանկահասակ երեխա, իսկ 2012-ին չկարողանալով մարսել պարտությունը՝ Ղուկասյանները քաղաքի կենտրոնում օրը ցերեկով հարձակում կազմակերպեցին Մարտուն Գրիգորյանի կողմնակիցների վրա, որոնցից մեկը սպանվեց: Հիմա ինտրիգն այն է, թե արդյո՞ք Ծառուկյանը կհամաձայնի փոխանակել Գյումրիից ստանալիք 3-4 հազար ձայնը հեղինակության կորստով, որը կառաջանա ամբողջ երկրով, մեղմ ասած, բարի համբավ չունեցող Վարդանիկի՝ իր անվամբ դաշինքով հանդես գալու դեպքում: Այստեղ հետաքրքիր է, թե ինչու իշխանությունը չի արգելում Վարդանիկին խաղեր տալ, քանի որ բոլորն էլ գիտեն, որ նրա ու որդու վրա քրեական բնույթի տարբեր գործերի կոմպրոմատների հաստափոր տրցակ կա: Չնայած զարմանալու բան չկա, եթե նկատի ունենանք, որ, ի վերջո, օդիոզ նախկին քաղաքապետի թափելիք արյունը քաղաքականապես Ծառուկյանի վրա է մնալու:
ԵՐԿԱՐԱՑՐԻՆ
«Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի խափանման միջոց կալանքը կրկին երկարաձգվել է: Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հունվարի 28-ին բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը: Թեեւ պաշտպանական կողմը գրավի միջնորդություն էր ներկայացրել, սակայն դատարանը մերժել է այն: Վարուժան Ավետիսյանին հիշեցնենք՝ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով՝ զենք-զինամթերք, ապօրինի զենք, զանգվածային անկարգություններ կազմակերպելը: