2015 թվականի մարտի 22-ին ղարաբաղաադրբեջանական շփման գիծը հատած և նոյեմբերի 18-ին ադրբեջանական գերությունից վերադարձված ռազմագերի Անդրանիկ Գրիգորյանն այլևս ազատության մեջ է: ArmLur.am-ի հետ զրույցում Ա. Գրիգորյանի քրոջ ամուսինը՝ Արմեն Հարությունյանը, հայտնեց, որ մի շարք դատաբժշկական փորձաքննությունների միանման եզրակացություններից հետո հնարավոր է եղել ապացուցել, որ Անդրանիկ Գրիգորյանը հոգեպես անառողջ է, ուստի դասալքության եւ ծառայության ժամանակ սահմանն ապօրինի հատելու հատկանիշներով հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է:
Մեր զրուցակիցը հայտնեց, որ ընթացիկ տարվա հունվարի 24-ին հայրենադարձված ռազմագերի Անդրանիկ Գրիգորյանը, ով այդ ժամանակ պայմանագրային զինծառայության մեջ էր, ազատ է արձակվել և վերադարձել տուն: Այժմ նա շարունակում է բուժումները. «Ամիսը երկու անգամ հիվանդանոց է գնում: Փետրվարի 9-ին պետք է առաջին դատական նիստը կայանար, բայց, փաստորեն, կարճվեց: Հիմա արդեն տանն է: Իրավապահներն էլ հասկացան, որ հիվանդ մարդուն չեն կարող դատել: Բուժումները շարունակվում են, բայց դեռ արդյունքներ չկան»,- ներկայացրեց Ա. Հարությունյանը:
Վերջինս հայտնեց նաև, որ Անդրանիկը սահմանն անցնելու վերաբերյալ հակասական դրվագներ է պատմում, միևնույն ժամանակ՝ անընդհատ կրկնում է, որ իր կամքով չի գնացել, չի հասկանում՝ ինչպես է նման բան արել, ինքը չի ցանկացել հակառակորդի սահմանում հայտնվել:
Ի դեպ, Անդրանիկ Գրիգորյանի ծառայակիցները պատմել են, որ դեպքից մի քանի օր առաջ Անդրանիկն իրեն նման չի եղել, ինչ-որ տարօրինակ շարժումներ է արել, սակայն շարունակել է մնալ ծառայության մեջ:
Այսպիսով, Անդրանիկ Գրիգորյանի՝ հակառակորդի սահմանն անցնելու դեպքից արդեն մոտ երկու տարի է անցել, սակայն այդպես էլ հայտնի չէ՝ ինչպես է հոգեպես անառողջ երիտասարդն անցնել պայմանագրային զինծառայության:
Եվ այստեղ հարկ ենք համարում հիշեցնել՝ այդ օրերին ինչ սցենար էր մշակել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Անդրանիկը տեսախցիկի առաջ հակառակորդի մշակած և հորինած տեքստերն էր արտաբերում, տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես է հայ զինծառայողը «հանձնվում» հակառակորդին: