Ականները սկսում են պայթե՞լ. ինչ է կատարվում Օհանյան-Օսկանյան դաշինքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ` քաղաքական դաշտում նախընտրական առաջին սկանդալն է հասունանում: ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի շուրջ դաշինքը, դեռ վերջնականապես չձեւավորված, ճաքեր է տալիս:

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը ասուլիս է հրավիրել եւ դժգոհել իր գործընկերներից` «Համախմբում», «Երրորդ հանրապետություն» եւ «Հայաստանի դեմոկրատական» կուսակցությունների դաշինքից, որին մասնակցելու մասին հայտարարել էր նաեւ ԱԻՄ-ը: «Մեր դաշինքում անհասկանալի դանդաղկոտություն կա, եւ դաշինքի ձեւավորումն ուղեկցվում է խնդիրներով: Դաշինքը պետք է հասցնես մատուցել մարդկանց, իսկ դաշինքի անվան ձգձգումը ցույց է տալիս, որ պատշաճ պատասխանատվությամբ չենք կարողանում վերաբերվել դաշինքին: Պիտի արագացվի ամեն բան, հակառակ պարագայում ԱԻՄ-ը վերադառնալու է իր նախնական դիրքորոշմանը: Եթե չստացվի միասնական ուժերով աշխատել, հզոր միավորում ստեղծել, ապա ամեն ինչ ավելորդ է: Այդ պարագայում ԱԻՄ-ը կարող է հայտարարել, որ այլեւս անելիք չունի այդ դաշինքում»,- հայտարարել է նա:

Որ այս դաշինքն իր գործողություններում որոշակի դանդաղկոտություն է ցուցաբերում, անգամ անունը չեն որոշել, հայտնի փաստ է: Ի վերջո, արդեն երկու օր է` մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների առաջադրումների ժամկետը, սակայն այս քաղաքական միավորը դեռ չի որոշել իր անունը: Բայց Հայրիկյանի քայլը, երբ միանգամից հրապարակայնացնում է ներքին խնդիրներն ու սպառնում` պայմանները չկատարելու դեպքում լքել դաշինքը, առավել քան տգեղ է, նմանվում է շանտաժի:

Ի վերջո, նա բոլոր մտահոգությունները կարող էր բարձրաձայնել գործընկեր կուսակցությունների հետ քննարկումների ժամանակ, այլ ոչ թե ասուլիս հրավիրելով: Էլ չենք խոսում այն մասին, որ Հայրիկյանն իրականում այս դաշինքին միացել էր առանց դաշինքի անդամ մյուս կուսակցությունների ներկայացուցիչների հետ քննարկելու եւ նրանց համաձայնությունը ստանալու՝ ընդամենը համապատասխան հայտարարություն տարածելով իր մտադրությունների մասին, որից հետո դաշինքի գործընկերներն էլ պարզապես ի գիտություն էին ընդունել նրա խոսքերը: Բայց դաշինքում անկախ «ձեւից ու բովանդակությունից» հնարավորինս շատ ուժերի համախմբելու ցանկությունն էլ, հիմա, գլխացավանք է դարձել Օհանյանի կողմնակիցների համար:

Նկատենք, որ տեղի ունեցածը բավական վտանգավոր միտումներ ունի. «Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ Սեյրան Օհանյանի եւ Գագիկ Ծառուկյանի շուրջ ձեւավորվող դաշինքներն ապահովված են ֆինանսներով, եւ այդ ֆինանսներից օգտվելու համար էլ նրանց շուրջ համախմբվող մարդ-կուսակցությունների պակաս չկա: Սակայն այս դաշինքների դեպքում մեծ է հավանականությունը, որ շատ արագ կարող են փլուզվել, հատկապես, երբ այդ դաշինքների մեծ մասը նույն այդ մարդ-կուսակցություններն են` միավորներ, որոնց իշխանությունները որպես ական ներդրել են հիմնական ուժերի համար հարկավոր պահին խնդիրներ ստեղծելու նպատակով:

Ու հիմա, փաստորեն, ականատեսն ենք լինում այդ դեպքի` դեռ մինչեւ դաշինքի գրանցումն ու նախընտրական քարոզարշավի մեկնարկը: Թե առաջիկայում այս առումով ի՞նչ անակնկալներ կարող են լինել ոչ միայն Օհանյանի շուրջ ձեւավորվող, այլ նաեւ «Ծառուկյան» դաշինքում, կարելի է միայն ենթադրել: Չի բացառվում, որ «Ծառուկյան» դաշինքից էլ հեռանան որոշ մարդ-կուսակցություններ, երբ նրանց ամբիցիաները չբավարարվեն: Էլ չենք խոսում այն մասին, որ նրանք դաշինքները կարող են լքել նաեւ ԱԺ ընտրություններից հետո, անգամ երբ մանդատ ստանան. չէ՞ որ ԱԺ նոր կանոնակարգ-օրենքի համաձայն՝ պատգամավորները խմբակցությունը լքելուց հետո կարող են պահպանել մանդատը: Ահա թե ինչու են ուշանում ընտրացուցակների կազմման եւ հրապարակման գործընթացները:

Մինչ այդ նկատենք, որ Օհանյանի դաշինքի անդամներից «Համախմբում» կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է. «Պարույր Հայրիկյանը դա գնահատում է դանդաղ, ես չեմ գնահատում դանդաղ: Ես գնահատում եմ, որ իրերը, երեւույթները կամ հարաբերությունները գնում են այն արագությամբ, ինչ արագությամբ որ գնում են»: Ինչ վերաբերում է Հայրիկյանի` դաշինքից դուրս գալու հավանականությանը, նա հայտարարել է. «Չեմ կարդացել: Եթե ինքն այդպիսի բան է ասել, ես չեմ կարող մեկնաբանել դա: Դաշինքում այդպիսի քննարկում՝ դուրս գալ, ներս մտնել, չկա»: Սպասենք զարգացումներին:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս