Որ կուսակցություններն են տարիների ընթացքում կորցրել «ձայն բերողների» նշանակալի ռեսուրսը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ խորհրդարանական ընտրություններին ձայների ճնշող մեծամասնությունը՝ 664 հազար 266 ձայն, իր օգտին գրանցեց ՀՀԿ-ն եւ 5-րդ գումարման ԱԺ-ում կազմեց ամենամեծ խմբակցությունը: Արդյո՞ք առաջիկա ընտրություններում հանրապետականին կհաջողվի կրկնել այս ցուցանիշը, այս պահին դժվար է ասել:
Եթե ընտրություններին մասնակցի մոտ 1,2-1,3 մլն մարդ, ապա մեծամասնություն կազմելու համար ՀՀԿ-ն պետք է ունենա 600 հազար ձայն: Այսինքն՝ այնքան, որքան նախորդ ընտրություններին: Այս անգամ, սակայն, իրավիճակը փոքր-ինչ այլ է, քանի որ ՀՀԿ-ից հեռացել են եւ, ըստ ամենայնի, դեռ կհեռանան «ձայներ բերող» կարեւոր դերակատարներ:

Նախորդ ընտրություններում երկրորդ հորիզոնականը «Բարգավաճ Հայաստանինն» էր: ԲՀԿ-ականները կարողացան ապահովել 30.19 տոկոս ձայն: Իհարկե, ԲՀԿ-ի դիրքերը թուլացան Ծառուկյանի՝ քաղաքականությունը լքելուց հետո, բայց ի ուրախություն ԲՀԿ-ականների՝ Ծառուկյանը կրկին վերադարձավ եւ ամրացրեց այն, ինչ քանդել էր իր հեռանալով: Եթե դրան գումարենք նաեւ ՀՀԿ-ից հեռացած «ձայն բերողների» նշանակալի ռեսուրսը, ապա ԲՀԿ-ի շանսերը զգալիորեն ավելանում են:

2012թ. խորհրդարանական ընտրություններում երրորդ տեղում ՀԱԿ-ն էր: 18 ուժերից բաղկացած դաշինքի կարգավիճակով ընտրություններին մասնակցող կոնգրեսականները 106 հազար 901 ձայն հավաքելով՝ ստացան 7 մանդատ: Այս ընտրություններին եւս ՀԱԿ-ը մասնակցելու է դաշինքով, բայց արդեն միայն ՀԺԿ-ի հետ եւ կրկին պարտավոր է հաղթահարել 7 տոկոսանոց շեմը: ԿԿարողանա՞ արդյոք ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը լուծել այդ խնդիրը, այս պահին դժվար է ասել, սակայն անցած աշնանը կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները լավատեսության մեծ հիմքեր չեն տալիս: Ինչեւէ: 7 տոկոսն ապահովելու համար ՀԱԿ-ը պետք է ունենա 80-90 հազար ընտրող:

Ինչ վերաբերում է 2012-ին ԱԺ անցած մյուս ուժերին, ապա «Ժառանգություն»-ը, ՀՅԴ-ն եւ ՕԵԿ-ն ընդամենը կարողացան հաղթահարել 5 տոկոսի շեմը եւ ունենալ 5-ական մանդատ:

Ներկայումս «Ժառանգություն»-ը դեռեւս փնտրտուքների մեջ է: Նախորդ ընտրություններում 4-րդ հորիզոնականում հայտնված կուսակցությունը նկատելիորեն թուլացրել է իր դիրքերը եւ հույսը կապում է բացառապես այլ ուժերի հետ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Րաֆֆի Հովհաննիսյանը ցանկանում է Արմեն Մարտիրոսյանին եւ Զարուհի Փոստանջյանին կրկին տեսնել ԱԺ-ում: Կուսակցությունը հայտարարել է, որ դաշինքով է մասնակցելու ընտրություններին, բայց թե որ ուժերի հետ, դեռեւս հապաղում է հստակեցնել:

Իսկ ահա ՀՅԴ-ն եւ ՀՎԿ-ի վերածված ՕԵԿ-ը, թերեւս, ունեն իրենց կայուն ընտրազանգվածը: Այս ուժերի համար 5 տոկոսն ապահովելը թեեւ բարդ, բայց հաղթահարելի խնդիր է, որին հասնելու համար նրանք պետք է հավաքեն շուրջ 70 հազար ձայն:

Վ.Հ.




Լրահոս