Արաբկիր վարչական շրջանում կրքերը թեժանում են: Նախկին թաղապետը անցել է «ահաբեկչական գործողությունների»: Մոռանալով Երեւանի քաղաքապետարանի կոմունալ ծառայության վարչության պետի իր հիմնական գործառույթները՝ նա ինքնամոռաց ծառայում է Արտակ Սարգսյանին` Սասի Արտակին:
Հիմա ամեն ինչի մասին հերթով: Նախ՝ սկսենք նրանից, թե ով է Հրայր Անտոնյանը, որ իրեն այսպես ամբարտավան է դրսեւորում: Անտոնյանը ՀՀ բնապահպանության նախարարությունից կրկին համայնքային ծառայության է վերադարձել Արաբկիրի նախկին թաղապետ Ալբերտ Երիցյանի օրոք: Սակայն հիմա ամենուր չարախոսում է իրեն «հաց տված» Երիցյանի մասին, քանի որ արդեն նոր «տերեր» ունի: Եվ հրահանգել են ամեն գնով ձայն հավաքել ԱԺ ամենաչստացված պատգամավոր Արտակ Սարգսյանի օգտին, որին ԱԺ-ում նույնիսկ սեփական խոսափողը չհասկացավ:
«Ժողովուրդ»-ն արդեն գրել էր, որ կրթական մի շարք հաստատություններում` մանկապարտեզներ, դպրոցներ, երաժշտական, սպորտային կառույցներում, պտտվելով ու մարդկանց ահաբեկելով՝ ՀՀԿ Արաբկիր կառույցի նախագահ Հրայր Անտոնյանը հարաբերվեց նաեւ թաղային խուժանի հետ: Նա «բեսեդկի» մակարդակի շփումներից ոգեւորված՝ ամենօրյա հանդիպումներ է կազմակերպում հիմա էլ Արաբկիրի թաղապետարանի աշխատակիցների հետ` նրանցից պահանջելով ցուցակներ` պոտենցիալ ընտրողների անուններով:
Մինչ հանդիպումների մանրամասներին անդրադառնալը, հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը բառացի հայտարարեց. «Մամուլում կան հրապարակումներ, որ մեր գերատեսչությունների ղեկավարները եւ մարզային կառույցների ղեկավարներն իրենց ադմինիստրատիվ ռեսուրսն օգտագործում են քարոզչության համար: Մտնում ենք նախընտրական փուլ եւ բոլորին խստագույնս զգուշացնում, որ նման ծառայություններն «արջի ծառայություն» են լինելու՝ անկախ նրանից, թե որ կուսակցության շահն են իրենք ներկայացնում: Հատուկ ուշադրություն դարձրեք այս երեւույթին»:
Արաբկիրի թաղապետարանի աշխատակիցներից մի քանիսը, որոնք ՀՀԿ շտաբում տարբեր օրերին մասնակցել են նախընտրական հավաքներին, «Ժողովուրդ» օրաթերթին պատմեցին, որ աշխատանքային ժամից հետո կայացած հանդիպումներին մասնակցում է նաեւ չխոսկան պատգամավոր Արտակ Սարգսյանը: Բայց նա լռում է նաեւ շտաբային աշխատանքների ժամանակ:
Հիմնական «բլբուլը» Հրայր Անտոնյանն է, որը խոսում է ե՛ւ իր, ե՛ւ Արտակ Սարգսյանի փոխարեն: Նա խնդիր ունի ապացուցելու, որ Արաբկիրում կարող է ձայներ հավաքել: Ուստի կազմակերպում է, որ թաղապետարանի աշխատակիցները` ըստ քարտեզագրման, պտտվեն թաղամասերում եւ ձայն հավաքեն: Ու թեեւ թաղապետարանի աշխատակիցների մեծամասնությունը ստիպողաբար հանրապետական դարձած անձինք են, այնուամենայնիվ, Արտակ Սարգսյանը նրանց համար եւս անցանկալի թեկնածու է: Ու միակ մոտիվացիան, որ մինչ այս կար Արտակի օգտին աշխատելու համար, այն լուրերն էին, որ 1 ձայնի համար 100 ԱՄՆ դոլար է բաժանվելու: Սակայն ՍԱՍ-ի «հիմնական շտաբում» կայացած հանդիպումների ժամանակ հայտարարվել է, որ ամեն ձայնի դիմաց ընդամենը 5 հազար դրամ է բաժանվելու:
Սա անասելի մեծ հարված է եղել թաղապետարանի աշխատակիցների համար, քանի որ նրանց հիմնական մոտիվացիան 100 դոլարն էր: Բայց պարզվում է` նույնիսկ բաժանվելիք 5 հազար դրամը Արտակ Սարգսյանը չի վստահում Հրայր Անտոնյանին` թերեւս հաշվի առնելով նախորդ ընտրությունների փորձը: Հանդիպումների ժամանակ բացահայտ ասվել է, որ ցուցակներով տրվող գումարները բաշխվելու են ՍԱՍ-ի աշխատակիցների միջոցով. պարզապես թաղապետարանի աշխատակիցները պետք է ապահովեն հասցեները` ըստ ցուցակների:
Մյուս հարվածը, որ ստացել են ՀՀԿ-ական արաբկիրցիները, այն է, որ ասվել է, թե ընտրական հանձնաժողովներում էլի ՍԱՍ-ի աշխատողներն են ընդգրկվելու:
Հավելենք, որ Հրայր Անտոնյանը ներկաներին սպառնում է, թե վերադառնալու է թաղապետի պաշտոնին եւ վրեժ կլուծի բոլոր ըմբոստներից: Ինչպես հայտնի է՝ հիմա Արաբկիրի թաղապետը Հովհաննես Վարդանյանն է` Լիդերը, որը նշանակվել է թաղապետի պաշտոնում Դաշնակցության քվոտայով:
Հիշեցնենք, որ Արաբկիր վարչական շրջանն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում ՀՀԿ-ի կողմից ռեյտինգային կարգով առաջադրվելու են ՀՀ ոստիկանապետի փեսան, ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանը, կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, որն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդին է:
«Ելք» դաշինքից այս ընտրատարածքում կառաջադրվի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, լրագրող Վահագն Հովակիմյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ՝ Գեւորգ Գորգիսյանը, ԲՀԿ-ից՝ Հովհաննես Շահինյանը, «Հայկական վերածնունդ»-ից՝ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Տիգրան Սարգսյանը և այլք:
Թամարա Միքայելյան