Վանաձորի ավագանու արտահերթ նիստը չի կայացել. ավագանու ընդդիմադիր անդամները կրկին չեն ներկայացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Վանաձոր համայնքի ավագանու արտահերթ նիստը չի կայացել. ավագանու ընդդիմադիր անդամները կրկին չէին ներկայացել նիստին:

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը հայտարարեց, որ թեև օրենքը թույլ է տալիս ավագանու 9 անդամների ներկայությամբ նիստի անցկացումը, սակայն ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունները ներկայացնող ավագանու անդամները քննարկել ու այսօր առավոտյան որոշում են կայացրել ժամանակ տալ ընդդիմադիր ավագանու անդամներին նիստերին ներկայանալու, համատեղ ուժերով քաղաքում առկա խնդիրները քննարկելու ու լուծումներ գտնելու համար:

Այս քայլը ընդիմադիր ավագանու անդամների նկատմամբ մեծահոգության դրսևորում որակելով հանդերձ, քաղաքապետը նշել է, որ հանդուրժողականությունն ու համբերությունն էլ ունի իր սահմանները:

ՏԻՄ օրենքի ավագանու նիստերին վերաբերող դրույթների հետ կապված պարզաբանումներ ներկայացնելու համար քաղաքապետն առաջարկել է լրատվամիջոցներին դեբատներ կազմակերպել, որին կմասնակցեն նաև իրավաբանները:

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի եղբայրը, Վանաձորի քաղաքապետի թեկնածու Քրիստ Մարուքյանը, սակայն, օրենքի կետերի մեկնաբանումը դեբատների միջոցով նպատակահարմար չի գտնում, նշելով, որ օրենքի կիրառման հետ համաձայն չլինելու դեպքում կձեռնարկեն գործողությունների օրինականության վիճարկման գործընթաց:

Էդվարդ Արզումանյան

Լոռի




Լրահոս