«Ազատ դեմոկրատներ»-ն ապավինում է Տավուշին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է այդ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, ով Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած փաստաթղթում նշված է որպես ԱԺ անկախ պատգամավոր: Խ. Քոքոբելյանը սերում Է Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Աչաջուր գյուղից, այնտեղ նա հայրական տուն ունի եւ բազմաթիվ հարազատներ:

Վերոհիշյալ կուսակցության համամասնական ցուցակի 3-րդ տեղում Երեւան քաղաքում բնակվող անկուսակցական Ստյոպա Սաֆարյանն է: Նա ծնունդով Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեվան գյուղից է: Քչերը գիտեն, որ Ստյոպա Սաֆարյանի հայրը՝ Սերյոժա Սաֆարյանը, 1990-ական թվականներին Ոսկեվանի սահմանագոտում գերվել է ադրբեջանցի զինյալների կողմից, Ադրբեջանի Ղազախի շրջանի Ղուշչի-Այրում գյուղում գտնվել գերության մեջ:

Եվ գերության մեջ ունեցած ապրումները նրա վաղաժամ մահվան պատճառ դարձան: Նշված կուսակցության համամասնական ցուցակի 21-րդ տեղում է Աչաջուր գյուղի բնակիչ, «Ազատ դեմոկրատներ, կուսակցության անդամ, «Սերա» ՍՊԸ հիմնադիր տնօրեն Վաչիկ Քոքոբելյանը: Վերջինս Խաչիկ Քոքոբելյանի հարազատ եղբայրն է, 1990-ական թվականների երկրորդ կեսին զբաղեցրել է Տավուշի մարզի Սեւքարի անտառտնտեսության տնօրենի պաշտոնը:

Նշված կուսակցության համամասնական ցուցակի 32-րդ տեղում է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ, ՀՀ արդարադատության նախարարության դատաիրավական բարեփոխումների ԾԻԳ-ի տնտեսագետ, սահմանամերձ Կողբ գյուղի բնակիչ Սարգիս Բեջանյանը: Համամասնական ցուցակի 43-րդ տեղում սահմանամերձ Բերդ քաղաքի բնակիչ, «Էրիեմ էներջի» ՍՊԸ տնօրեն Արմեն Մեժլումյանն է: Ցուցակի 52-րդ տեղում Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ, ոչ մի տեղ չաշխատող Շուրիկ Չիլինգարյանն է:

Համամասնական ցուցակի 67-րդ տեղը զբաղեցնում է Կողբ գյուղի բնակիչ, չաշխատող Ֆլորա Ջաղինյանը, 80-րդ տեղը՝ անկուսակցական, Իջեւանի քաղաքապետարանի ներքին աուդիտի բաժնի առաջատար մասնագետ Արման Մարկոսյանը: Ցուցակի 84-րդ տեղում էլ Աչաջուր գյուղի բնակիչ, «Ռիտա Խոջոյան» ՍՊԸ տնօրեն Ռիտա Խոջոյանն է: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության համամասնական ցուցակի 101 հոգանոց ցուցակում Տավուշի մարզից այդքան անձանց ընդգրկելը վկայում է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում կուսակցությունն ապավինում է Տավուշի մարզի ընտրողների քվեներին:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս