Հանրապետական գործադիր մարմինների զբաղեցրած շենքային տարածքներն առավել արդյունավետ օգտագործելու նպատակով 2017թ. փետրվարի 16-ի կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել էր Պետական գույքի կառավարման վարչությանը՝ մշակել տեղեկատվության հավաքագրման, հասանելիք տարածքների նորմատիվներով հաշվարկման, ամփոփման ձևեր և դրանք տրամադրել հանրապետական գործադիր մարմիններին:
Վարչությունը սեղմ ժամկետներում ներկայացրել է պահանջվող ձևաթղթերը, այդ թվում նաև հանրակրթական, մշակութային և մարզական ուղղվածության պետական ոչ առևտրային կազմակերպությունների համար:
Գործադիր մարմիններն իրենց ենթակայության հիմնարկների ու կազմակերպությունների զբաղեցրած տարածքները արդյունավետ օգտագործելու վերաբերյալ առաջարկությունները պետք է ներկայացնեն ՀՀ կառավարություն՝ մինչև սույն թվականի մարտի 20-ը, ելնելով սահմանված նորմատիվներից և ըստ այդմ պարզելով իրենց կողմից օգտագործվող տարածքների բեռնվածության մակարդակը:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը, դեռևս 2007թ. դեկտեմբերի 13-ի N1490-Ն որոշմամբ, սահմանել է պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնվող, ինչպես նաև ՊՈԱԿ-ներին անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող տարածքների հաշվարկման նվազագույն նորմատիվները՝ տարանջատելով դրանք ըստ կազմակերպությունների առանձնահատկությունների.
1. գիտական կամ գիտատեխնիկական կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող տարածքների հաշվարկման նորմատիվներ.
2. Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնվող տարածքների հաշվարկման նորմատիվներ.
3. հանրակրթական դպրոցներին, հատուկ (օժանդակ) հանրակրթական դպրոցներին, ուսումնարաններին, միջին մասնագիտական ուսումնական հաստատություններին (քոլեջներին), ԲՈՒՀ-երին ամրացվող տարածքների նորմատիվներ.
4. տուն- ինտերնատներին և մանկատներին ամրացվող տարածքների նորմատիվներ:
Հաստատված նորմատիվները չեն տարածվում պատմամշակութային հուշարձան հանդիսացող շենքերի և շինությունների, ինչպես նաև մշակույթի և արվեստի ոլորտի ՊՈԱԿ-ներին անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող տարածքների հաշվարկման վրա՝ բացառությամբ միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցների, գեղարվեստական ուղղվածության ուսումնական հաստատությունների:
Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի հանձնարարարականով, դեռևս 2012-2014թթ, Վարչությունը հանդես էր եկել նախաձեռնությամբ, առաջարկելով ՀՀ գործադիր մարմիններին՝ հանրակրթական, մշակութային և մարզական ուղղվածության ՊՈԱԿ-ների տարածքների բեռնվածությունն ուսումնասիրել և տեղեկատվություն տրամադրել, ինչի արդյունքում վերջին տարիներին բավականին բարելավվել է դրանց օգտագործման արդյունավետությունն ու նպատակայնությունը: Այս ուսումնասիրությունները այսօր ևս օգտակար կլինեն՝ ստացված պատկերները համադրելու և տարածքների օգտագործումն առավել օպտիմալացնելու հարցում:
ՀՀ կառավարությունը ներկայումս հստակ խնդիր է դրել գործադիր մարմինների առաջ` զբաղեցրած պետական սեփականություն հանդիսացող բոլոր շենք շինությունները և տարածքները հաշվարկել սահմանված նորմատիվներով, պարզել յուրաքանչյուրի բեռնվածության մակարդակը, զբաղեցրած շենքային տարածքների օպտիմալացման և առավել արդյունավետ օգտագործելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն՝ մինչև մարտի 20-ը: