Այս շաբաթվա վերջից կսկսվի իրանցի զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան, ինչը պայմանավորված է իսլամական աշխարհում նշվող Նովրուզի տոնով: Մեր հարևան Իրանի Իսլամական հանրապետությունում մետ մեկ շաբաթ ոչ աշխատանքային օրեր են.գրել է «Հայկական ժամանակ»-ը:
«Իրանցի զբոսաշրջիկների հոսքի հետ մեկտեղ Հայաստանում ամեն տարի այդ օրերին արձանագրվում է դրամի բավականին կտրուկ արժևորում: Զբոսաշրջիկները իրենց հետ Հայաստան են բերում մեր շուկայի մասշտաբներով զգալի ծավալների արտարժույթ, և շուկան գերհագենում է արտարժույթով և հանգեցնում դրամի արժևորմանը: Օրինակ անցած տարի մարտի երկրորդ տասնօրյակում մեկ դոլարի գինը 490 դրամից նվազել էր մինչև 479 դրամ: Իսկ 2015-ի նույն օրերին մեկ դոլարի գինը 481 դրամից նվազել էր 471 դրամ: Այսինքն` մարտի կեսերին ընդամենը մի քանի օրվա կտրվածքով դրամը ավանդաբար արժևորվում է 2-2.5 տոկոսով: Սա դրական նշանակություն ունի մեր տնտեսության համար»,-գրել է թերթը: