Երեկ ArmLur.am-ը հրապարակել էր, որ Եղվարդ քաղաքի մի խումբ քաղաքացիներ որոշել էին տեղի Սուրբ Աստվածածին եկեղեցում Հաց բերող Արթուր Սարգսյանի հիշատակին նվիրված մոմավառություն կազմակերպել: Արարողությունը գլխավորելու համար նախօրեին ձեռք բերված պայմանավորվածությունը, սակայն, նշված եկեղեցու քահանա Տեր Հովնանը խախտել էր:
Այս դեպքի առնչությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի մամլո դիվանի պատասխանատու Տեր Վահրամ քահանա Մելիքյանը հայտնում է , որ հոգեհանգիստ չկատարելու որոշումը կայացվել է տվյալ քահանայի կողմից:
«Ոչ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ոչ էլ Կոտայքի թեմի առանորդ Տ. Առաքել արք. Քարամյանի կողմից որևէ հրահանգ չի եղել եկեղեցիներում Արթուր Սարգսյանի համար հոգեհանգիստ չկատարելու վերաբերյալ։ Ի դեպ, Արթուր Սարգսյանի համար վերջին երկու օրերին հոգեհանգիստ է կատարվել արդեն մի շարք եկեղեցիներում ինչպես Հայաստանում, այնպես և Սփյուռքում։ Հայոց Եկեղեցին հոգեհանգստյան կարգ կատարում է իր բոլոր զավակների համար։
Հոգեհանգիստ չկատարելու որոշումը կայացվել է տվյալ քահանայի կողմից, երբ նա նկատել է, որ փորձ է կատարվում եկեղեցական արարողությունը քաղաքականացնել, երբ նրան սկսել են հարցումներ ուղղվել տեսախցիկի առջև»,- հայտնում է նա։
Երեկ տեղի ունեցած դեպքի մանրամասները՝ տեսանյութում