Հաղորդավարուհի Դինա Ակոպովնան, ով նկարահանվել է նաեւ մի շարք ֆիլմերում եւ սերիալներում, հեռուստադիտողներին կներկայանա նորովի: Շուտով կմեկնարկի «Հրեշների գայլը» հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանը, եւ, ինչպես «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց Դինան, կերպարային իր գիծը զգալի զարգացում կապրի:
Քանի որ Դինան այն հեռուստադեմքերից է, որի կողքով տարիները, կարծես, պարզապես անցնում են, հետաքրքրվեցինք` արդյո՞ք վերջինս երիտասարդ մնալու որեւէ հատուկ գաղտնիք ունի. «Սիրում եմ լինել խնամված, կինը պետք է ցանկալի լինի յուրաքանչյուր տարիքում: Նախընտրում եմ դիմել ոճափոխությունների: Բայց մի բան ակնհայտ է` մարդիկ, որոնց հոգին մաքուր է, միշտ էլ երիտասարդ են մնում թե՛ արտաքինից, թե՛ ներքինից»,-մեկնաբանեց հաղորդավարուհին:
Մենք նաեւ հարցրինք` անձնական կյանքում շրջադարձերի դիմելու ժամանակը չէ՞. «Ես միշտ ասել եմ, որ դստերս ամուսնությունից հետո կմտածեմ անձնականիս մասին, ու հիմա, անկեղծ ասած, սկսել եմ լրջորեն մտածել այդ ուղղությամբ: Այնուամենայնիվ, աշխատանքի բերումով անձնական «ճակատում» այժմ պասիվ վիճակ է, թեեւ երկրպագուների պակաս չունեմ»,-պատասխանեց Դինան:
Մեր զրուցակիցը պատկանում է այն հայտնիների թվին, որոնց անվան շուրջ հյուսվում են ամենաանհավանական ասեկոսեներն ու բամբասանքները: Դինային հարցրինք` ինչպես է վերաբերվում նման խոսակցություններին. «Նախկինում ամեն անիմաստ մեկնաբանության համար կարող էի սուգ «հայտարարել», բայց արդեն տեւական ժամանակ է` դրանք ինձ չեն հետաքրքրում: Ինչ վերաբերում է, օրինակ, սոցցանցերի մեկնաբանություններին, կարող եմ ասել, որ համակարգչի ետեւում շատերն առյուծ են, իսկ իրականում` կատու:
Իհարկե, հասկանում եմ, որ մարդ չի կարող բոլորի կողմից սիրված լինել, միայն թե չեմ ընդունում անձնական վիրավորանքները. դրանք տարածողները ստոր տգետներ են: Իմ մասին լսած վերջին բամբասանքն այն է, թե իբր ես օրենքով գողի սիրած կին եմ, ու նա ինձ չի թողնում եթեր դուրս գալ կամ հանդիսավարություն անել: Կարո՞ղ եք ասել` ո՞ր գողի ընկերուհին է տաքսիներով շրջում կամ ապրում ծնողների հետ, որտեղի՞ց են տարածվում նման բամբասանքներ»,-եզրափակեց նա` հավելելով, որ հարգանքով է վերաբերվում իր գործունեությանը հետեւողներին, քանի որ վերջիններս իրեն թեւեր են տալիս:
Անի Անտոնյան