Պաշտոնական վիճակագրության տվյալներով՝ այս տարվա փետրվարին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տների առքուվաճառքի գործարքները նվազել են: Ըստ մասնագետների՝ դա պայմանավորված է հանրապետությունում առկա տնտեսական իրավիճակով:
Բացի այս՝ անշարժ գույքի շուկայի մասնագետները համոզված են, որ բազմաթիվ նորաստեղծ ընտանիքներ ցանկանում են հիպոթեքային վարկերով բնակարան ձեռք բերել, սակայն բանկերի կողմից առաջարկված բարձր տոկոսադրույքների պատճառով չեն կարողանում: Իսկ կանխիկ տարբերակով գործարք անող հաճախորդները շատ քիչ են:
Այնուամենայնիվ, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա փետրվարին Հայաստանում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 12247 գործարք, որոնցից ամենաշատը գրանցվել է մայրաքաղաք Երեւանում՝ 39.7 տոկոս: Իսկ ահա 10.4 տոկոսը՝ Կոտայքի, 7.9 տոկոսը՝ Գեղարքունիքի, 7.1 տոկոսը՝ Արմավիրում մարզերում: «Ժողովուրդ»-ը ԱՎԾ-ից տեղեկացավ նաեւ, որ անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքներից վաճառքը կազմել է 25.8 տոկոս, այլ պետական գրանցումները՝ 29 տոկոս:
Պաշտոնապես այս տարվա փետրվարին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում բնակարանների վաճառքը 3.4 տոկոսով նվազել է: Իսկ ահա բնակարանների, տների գրավադրումը այս տարվա փետրվարին կազմել է 13.1 տոկոս՝ ավելանալով 1.9 տոկոսով: Այսինքն՝ անցած տարվա փետրվարին անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքներից գրավադրումը կազմել է 11.2 տոկոս: Հետաքրքիր է նաեւ, որ բնակարանների, տների վարձակալությունը նույնպես նվազել է: Այսպես, եթե այս տարվա փետրվարին անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքներից վարձակալությունը կազմել է 4.4 տոկոս, ապա անցած տարվա նույն ժամանակահատվածում այն եղել է 5.2 տոկոս:
Այն կարծիքը, թե տների, բնակարանների գների բարձրացում չի նկատվում, այդքան էլ իրականությանը չի համապատասխանում: Որքան էլ անշարժ գույքի շուկայի մասնագետները պնդեն, թե անցած տարվա համեմատությամբ հանրապետությունում տների գները չեն բարձրացել, սակայն իրականում այս շուկայում նույնպես գնաճ կա: Թեկուզ չնչին, բայց այն առկա է: Ի դեպ, այս օրերին մասնավորապես բարձրացել են վարձակալությամբ տրվող տների գները: Դա պայմանավորված է Նովրուզի տոների կապակցությամբ Իրանից մեծ թվով զբոսաշրջիկների ներհոսքով Հայաստան, որտեղ նրանք իրենց մի քանի օրվա հանգիստը անցկացնելու համար վարձակալում են բնակարաններ:
Նկատենք, որ մայրաքաղաք Երեւանի վարչական շրջաններում բնակարանների 1քմ-ի շուկայական գները բարձրացել են: Սակայն դրանց գները բարձրացել են այս տարվա հունվարին, իսկ փետրվարին չնչին նվազել են: Օրինակ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում բնակարանների 1 քմ-ի գինը այս տարվա հունվարին կազմել է 281 հազար դրամ, իսկ փետրվարին այն նվազել է եւ դարձել 280 հազար 500 դրամ: Դավթաշենում նույն ժամանակահատվածում բնակարանների 1 քմ-ի գինը նվազել է 300 դրամով՝ 277 հազար 300-ից դառնալով 277 հազար դրամ: Նոր Նորքում, Շենգավիթում, Էրեբունիում նույնպես բնակարանների գների էժանացում է արձանագրել ԱՎԾ-ն՝ 200 դրամի չափով: Իսկ ահա Կենտրոն, Արաբկիր, Ավան, Մալաթիա-Սեբաստիա եւ Նուբարաշեն վարչական շրջաններում բնակարանների 1 քմ-ի գների մակարդակը պահպանվել է: Բայց չնայած դրան՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված վարչական շրջանների բնակարանների գները բարձրացել են:
Բնակարանների, տների գների մասով նույն պատկերն է արձանագրվել նաեւ ՀՀ մարզերում: Այսինքն՝ այս տարվա հունվարին դրանց գները, անցած տարվա փետրվարի համեմատ, բարձրացել են, իսկ այս տարվա փետրվարին էժանացել են: Օրինակ՝ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում անցած տարվա փետրվարին բնակելի տան 1 քմ-ի շուկայական արժեքը կազմել է 136 հազար 200 դրամ, այս տարվա հունվարին՝ 136 հազար 250 դրամ, փետրվարին՝ 136 հազար 150 դրամ: Արարատի մարզի Արտաշատ քաղաքում բնակելի տան 1 քմ-ի շուկայական արժեքը այս տարվա փետրվարին կազմել է 100 հազար 100 դրամ, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 153 հազար 150 դրամ:
Իսկ ընդհանուր առմամբ անշարժ գույթի շուկայի ամենամեծ խնդիրը գնորդների բացակայությունն է, հատկապես՝ մարզերում:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ