Ապօրինի շուկան շարունակում է գործել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզկենտրոն Իջեւան քաղաքի նախկին կենցաղի տան առջեւի հրապարակում, ուր նախկինում կանաչ պուրակ էր, հիմա՝ կիսով չափ կանաչապատ տարածք, գործում է գյուղմթերքների ապօրինի շուկա: Այդտեղ վաճառում են արտերկրից, Արարատյան դաշտից, այլ տարածքներից ներկրված մրգեր եւ բանջարեղեն:

Վաճառքը կատարվում է նաեւ տարածքում կայանող ավտոմեքենաների բեռնախցերից: Մրգերի եւ բանջարեղենի առեւտուր տեղի է ունենում նաեւ նախկին կենցաղի տան հարակից կամրջի մոտ, ուր մթերքները դրված են գետնի վրա, հաճախ ցեխաջրի եւ կեղտի մեջ: Անցորդները երբեմն ոտքերով բախվում են գետնին դրված, վաճառվող մթերքներին:

Այդ տարածքներում առեւտուրը կատարվում է հակասանիտարական պայմաններում: Ընդհանուր առմամբ վերոհիշյալ հատվածներում առեւտրով է զբաղվում 70-80 հոգի: Այդ առեւտրականները հարկային դաշտում չեն գործում, տարածքի վարձակալության հարկ եւս չեն վճարում, այդ շուկան անօրինական է: Մինչդեռ Իջեւանի կենտրոնում՝ միջպետական ավտոճանապարհի եզրին, գործում է օրինական շուկա, որտեղ առեւտուր անողները հարկեր են վճարում, նաեւ շուկայի տարածքի վարձակալության վճար են տալիս: Արդյունքում տեղի է ունենում ապրանք վաճառողների անհավասար մրցակցություն:

2016թ. ամռանը Իջեւանի քաղաքապետարանը՝ ոստիկանության Իջեւանի բաժնի հետ համատեղ, Իջեւան քաղաքի տարածքը ազատեց ապօրինի առեւտուր անողներից: Սակայն դրանից հետո նախկին կենցաղի տան հարակից գոտում առեւտուր անողները ընդունելության են գնացել Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի մոտ: Նրանք մարզպետին դժգոհել են իրենց սոցիալական վատ վիճակից, մարզի ղեկավարին խնդրել, որ իրենց թույլատրվի գոնե մինչեւ նույն տարվա հուլիս, մինչեւ Վարդավառ առեւտուր անել: Վարդավառը Տավուշի մարզում, այդ թվում՝ Իջեւանում շքեղ ձեւով է տոնվում, բնակիչները տոնի կապակցությամբ գյուղատնտեսական մթերքների մեծ առեւտուր են կատարում: Սակայն Վարդավառից հետո առեւտրականները ապօրինի շուկայից չհեռացան:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս