Ինչպես հայտնի է` Հայաստանում ապրիլի 2-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքում Ազգային ժողով են անցնում քաղաքական 4 ուժեր. նախանական տվյալներով՝ առաջատարը ՀՀԿ¬ն է՝ 49.12 տոկոսով, որին հաջորդում են «Ծառուկյան», «Ելք» դաշինքները` համապատասխանաբար` 27.32, 7.77 տոկոսով, եւ ՀՅԴ¬ն՝ 6.57 տոկոսով: «Ժողովուրդ»-ը կոմպոզիտոր, երգիչ Վահան Արծրունու հետ զրուցել է ընտրությունների արդյունքների, նրա սպասելիքների եւ երկրում տիրող մթնոլորտի մասին:
-Պարո՛ն Արծրունի, շատերը կարծիք են հայտնում, որ ընտրական շրջանում ամեն անգամ կարծես «դեժավյու» են ապրում: Ձեզ մոտ է՞լ է առկա այդ զգացողությունը:
-Նախորդ եւ վերջին ընտրությունների միջեւ տարբերություն չեմ տեսնում, քանի որ կիրառվող քաղաքական տեխնոլոգիաների բնույթը նույնն է մնացել, աշխատում են նույն թիմերը` նույն ալգորիթմով, եւ արդյունքում մենք յուրաքանչյուր ընտրությունից հետո ունենում ենք նույն պատկերը, տոկոսային առումով ձայների նույն բաշխումը: Հանրապետական կուսակցությունը երբեք չի զիջում, տեղաշարժերը հիմնականում կատարվում են մյուս կուսակցությունների մասով: Բայց բանն այն է, որ գրանցվում է շարժում, իսկ ընթացք` ոչ:
-Մի շարք կուսակցություններ հանրության ստվար զանգվածների ընտրակաշառքներ էին բաժանել, մարդկանց մի մասն էլ «երախտապարտությունից», իսկ մյուս մասը վախից դրդված ընտրել էին տվյալ թեկնածուին:
-Համենայն դեպս մեր ժողովրդի զգալի հատված ցույց տվեց, որ բարոյական հստակ կողմնորոշում ունի, այսինքն` վերցնում է գումարն ու ազնվորեն գնում, ձայնը տալիս է այն ուժին, որն իրեն կաշառել է: Իսկ վախի մթնոլորտ, որպես այդպիսին, կարծում եմ` չկա: Փոխարենը կա անպատժելիության մթնոլորտ: Բանն այն է, որ տիրող իրավիճակը խրախուսվում է իշխանությունների կողմից, մարդկանց էլ թվում է, որ իրենք ճիշտ են վարվում: Արդյունքում արձանագվում է հանրության` քաղաքացիական եւ բարոյական առումով այլասերում: Հիշենք Ամերիկայից եկած այն երգչին, որը կուսակցական հավաքի ժամանակ խոնարհվեց ղեկավարների առաջ (նկատի ունի Ձախ Հարութին, ով ՀՀԿ նախընտրական քարոզարշավի ամփոփիչ միջոցառման ժամանակ իջավ բեմից, մոտեցավ Սերժ Սարգսյանին եւ ՀՀԿ վերնախավին, խոնարհվեց, ապա նորից բեմ բարձրացավ ու շարունակեց ելույթը-հեղ.): Այն կողմը, որը պաշտպանում է երգչին, պնդում է, որ այդտեղ առանձնապես բան չկա, արտիստ է, խոնարհվել է: Բայց արտիստը խոնարհվում է բեմից եւ հետո չպետք է մոռանա, որ դա համերգ չէ, այլ կուսակցական հավաք, եւ նա այդ հավաքի ժամանակ ոչ թե խոնարհվեց, այլ «կզեց»: Դա, իհարկե, իր անձնական խնդիրն է, բայց բանն այն է, որ «կզելով»` նա «կզեցրեց» հազարավոր ներկաների, որոնք ընդունում են այդ ակտը եւ դրա մեջ խնդիր, նսեմացուցիչ որեւէ բան չեն տեսնում:
-Պարո՛ն Արծրունի, ամեն դեպքում, խորհրդարանում հայտնվելու են նաեւ նոր, թարմ դեմքեր: Ի՞նչ սպասելիքներ ունեք նրանցից:
-Ես կցանկանամ տեսնել, թե առաջիկայում ինչպես, ինչ մեխանիզմներով է իրագործվելու վարչապետի ասած` մշակույթի կապիտալիզացումը: Իսկ, առհասարակ, քանի որ մեր երկրում վերջին տասնամյակում իրավիճակն անփոփոխ է, որեւէ ակնկալիք չունեմ: Ընտրությունները ցույց տվեցին, որ մեր երկրում որոշակի բաներ փոփոխության ենթակա չեն. նկատի ունեմ ոչ միայն իշխանությունների, այլեւ ժողովրդի զգալի հատվածի գործելաոճը: Ես այս ամենը փաստում եմ դառնությամբ, քանի որ մոտավորապես պատկերացնում եմ, թե առաջիկայում ինչ զարգացումներ են սպասվում: Տեսնում եմ, որ ճամպրուկներն է հավաքում այն զանգվածը, որը իսկապես կարող էր շենացնել մեր երկիրը, բովանդակություն հաղորդել մեր կյանքին եւ առաջընթաց ապահովել: Այդ մարդկանց հիասթափեցնել չի կարելի:
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
«ԱՅՍՕՐՎԱ ՄԵՐ ՀՈՒՄՈՐԻՑ ԲԱՆ ՉԵՄ ՀԱՍԿԱՆՈՒՄ»
«Բեռնարդ շոու», «Կախարդական գիշերներ», «Բարեւ, ես եմ» եւ այլ նախագծերից հայտնի դերասան եւ շոումեն Արտյոմ Մարկոսյանը, ում հանդիսատեսը հիշում է նաեւ «7.5» հումորային ներկայացումից, մայիսի վերջին Երեւանի կամերային պետական թատրոնում կներկայանա նոր` «Մեկը վերեւից» անունը կրող ֆիլմ-մոնոներկայացմամբ:
Նա «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ ներկայացման ֆորմատը մեզ համար նորություն է, այն մի քանի ժանրերի միքս է. «Միանգամից երեք ժանր ենք միախառնել: Այն, ինչ ստացվել է, երկու տարվա պրպտումների արդյունք է: Հանդիսատեսն էկրանին տեսնելու է ֆիլմ, որին զուգահեռ բեմում հայտնվելու եմ ես` տարբեր կերպարներով: Ներկայացումը մեր կյանքի մասին է, այն արծարծելու է մի շարք թեմաներ, այդ թվում` քաղաքական եւ սոցիալական բնույթի: Սցենարը գրված է հումորի հիմքի վրա, այսինքն` հումորի լեզվով լուրջ թեմաներ են բարձրացվելու»,-մեկնաբանեց Արտյոմը:
Հարցին, թե արդյոք մեր զրուցակցին առաջիկայում կտեսնենք էկրաններին որեւէ նոր նախագծի շրջանակում, վերջինս պատասխանեց. «Նման առաջարկներ շատ են եղել, մի մասը սրտովս է եղել, մյուս մասը` ոչ: Եթե բոլոր առումներով հարմար հրավեր լինի, կմտածեմ այդ ուղղությամբ»:
Մենք հետաքրքրվեցինք` ինչ կարծիք ունի Արտյոմը հայաստանյան ներկայիս հեռուստաշուկայում առկա հումորային ծրագրերի մասին. «Ժամանակը գնում է առաջ, սերնդափոխություն է տեղի ունենում, եւ բնական է, որ հումորի հանդեպ մոտեցումներն էլ փոխվում են: Բայց բանն այն է, որ այսօրվա մեր հումորից ես բան չեմ հասկանում: Այսօր ամեն ինչ կարող է որպես հումոր ներկայացվել: Իհարկե, չեմ ասում, որ մեր սերնդակիցները եղել են ամենալավ հումորիստները, բայց նկատում եմ, որ այսօր որակական առումով մոտեցումներ են փոխվել: Թեեւ, այնուամենայնիվ, հումորը սպեցիֆիկ երեւույթ է, եւ ամեն անհատ այն յուրովի է ընկալում»,-եզրափակեց մեր զրուցակիցը:
Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ԿԱՆՆՈՒՄ
2017 թվականին առաջին անգամ Կաննի կինոշուկայում Հայաստանը կներկայանա Village International/Pantiero հատվածում` N226 տաղավարում: ՀՀ մշակույթի նախարարությունում տեղի է ունեցել Կաննի 70-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում կայանալիք կինոշուկայի մասնակցության հայտերի քննարկումը: Ինչպես տեղեկացնում են նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից` ներկայացվել է 12 կինոնախագիծ: Ժյուրիի որոշմամբ հաղթող են ճանաչվել հետեւյալ նախագծերը` «Արշալույսի լուսաբացը» («Բարս մեդիա»), «Փոխանակում» (Սերգո Ուստյան), «Վիրավոր քաղաքը» (Արթուր Սուքիասյան): 2017 թվականի մայիսի 17¬28¬ը Կաննի 70¬րդ կինոփառատոնի շրջանակում կայանալիք կինոշուկային մասնակցելու համար ՀՀ մշակույթի նախարարությունում ստեղծվել է հատուկ հանձնախումբ հետեւյալ կազմով՝ նախագահ` Արսեն Բաղդասարյան (կինոարտադրության փորձագետ), անդամներ` Գուժ Թադեւոսյան (ՀՀ մշակույթի նախարարության ներկայացուցիչ), Հովհաննես Գալստյան (կինոռեժիսոր, «ՍԻՆԵՄԱ» կենտրոն, մշակութային, կրթական, արդյունաբերական կենտրոնի հիմնադիր), Վարդան Աբովյան (պրոդյուսեր, «Հայաստանի ազգային կինոկենտրոնի» ներկայացուցիչ), Արման Երիցյան (կինոռեժիսոր), Նարինե Մկրտչյան (կինոռեժիսոր): ՀՀ մշակույթի նախարարությունը պատրաստ է Կաննի կինոշուկայում ներկայացնել մրցույթի արդյունքում չհաղթած կինոնախագծերը՝ հեղինակների կողմից համապատասխան նյութերի տրամադրման դեպքում:
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ
Համաշխարհային աստղերը շարունակում են իրենց աջակցությունը ցուցաբերել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմին (ռեժիսոր՝ Թերի Ջորջ): Հոլիվուդյան դերասան Դին Քեյնը թվիթերյան իր էջում տեսահոլովակ է տեղադրել, որտեղ խոսում է ֆիլմի մասին: «Ես լսել եմ ցեղասպանության՝ Հայոց ցեղասպանության մասին եւ Հոլոքոստի: Բայց ցեղասպանությունն այսօր էլ է ընթանում. նկատի ունեմ Սիրիան, Իրաքը, Սուդանը: Ես կպահեմ իմ խոստումը՝ ցեղասպանությունը պատմության էջերում թողնելու համար»,-հայտարարել է նա:
ԲԱԺԱՆՎԵԼ ԵՆ
«Keeping Up With The Kardashians» ռեալիթի շոուի աստղ, մոդել Քայլի Ջեները բաժանվել է ընկերոջից՝ ռեփեր Tyga-ից: Այս մասին հայտնում է People-ը։ Բաժանման պատճառն առայժմ հայտնի չէ։ Վերջին անգամ Քայլիին եւ ռեփերին միասին նկատել են մարտի կեսին։ Նշենք, որ աստղերը հանդիպում էին 2014 թվականից: 2015-ի նոյեմբերին եւս նրանք վիճել էին, հետո հաշտվել։ Արդեն 2016-ին Քայլին նորից էր հեռացել ռեփերից, ապա՝ երկու շաբաթ անց, կրկին միացել: