Լևոն Մկրտչյանը` տնօրենների սկանդալային ձայնագրության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանական ընտրություններից առաջ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կողմից հրապարակված ձայնագրությունները՝ դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների մասնակցությամբ, ընտրություններից հետո նոր ընթացք ստացան, մի բան էլ մեղավոր դուրս եկավ այդ ձայնագրությունները հրապարակած ՀԿ-ն. դպրոցների եւ մանկապարտեզների 30 տնօրեններ դիմել են դատարան,՝ պահանջով, որ դատարանը պարտավորեցնի ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանին հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները: Բացի այդ՝ նրանցից յուրաքանչյուրը 2-ական միլիոն դրամ փոխհատուցում է պահանջում:

Նկատենք, որ ձայնագրությունները հրապարակվելուց եւ մեծ աղմուկ առաջանալուց հետո ԿԳՆ-ն հայտարարեց, որ սկսել են ուսումնասիրություն կատարել: Ի՞նչ փուլում է գտնվում այդ ուսումնասիրությունը, եւ ինչպե՞ս է տնօրենների այդ արարքին արձագանքում ՀՀ կրթության եւ գիտության նախարարը. այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի հետ:

-Պարո՛ն Մկրտչյան, դպրոցների տնօրենների մասնակցությամբ հայտնի ձայնագրությունների վերաբերյալ Ձեր նախարարությունը ուսումնասիրություններ էր սկսել: Ավարտեցի՞ք, ի՞նչ եզրահանգման եք եկել:

-Դեռ ընթացքի մեջ է, արդյունքներն առաջիկայում պետք է ներկայացնենք, եւ գիտեք, որ նաեւ հակընդդեմ հայց է եղել, նաեւ մենք որոշակիորեն ստացել ենք ԿԸՀ-ի տեսակետը, կփորձենք առաջիկայում տնօրենների հետ էլ մեր խոսակցության արդյունքը ներկայացնել:

-Ի՞նչ եք կարծում՝ այդ տնօրենները բարոյապես «իրավունք» ունեի՞ն հակընդդեմ հայց ներկայացնելու:

-Գիտեք, ընթացքի մեջ է, եթե դիմել են, քաղաքացի են, ուրեմն իրավունք ունեն, եթե դատարանը վերցրել է:

-Իսկ Դուք, որպես կրթության եւ գիտության նախարար, ինչպե՞ս եք վերաբերվում նրանց արարքին:

-Մի հատ հասկանանք՝ ինչպես է խնդիրը եղել, որից հետո հստակ դիրքորոշումը կլինի, ես այն ժամանակ եմ ասել, երկու-երեք շրջաբերականով ենք հաստատել:

-Խնդիրը նաեւ այն է, որ մինչ այդ էիք շրջաբերականներ ուղարկել բոլոր դպրոցների տնօրեններին, սակայն դրանից հետո նրանք հանդգնեցին այդպիսի քայլեր կատարել, ասել է, թե անտեսեցին այդ շրջաբերականները:

-Ես ինքս անձամբ որեւէ մեկին ե՛ւ նախարարությունում, ե՛ւ նախարարությունից դուրս նման բան երբեք թույլ չեմ տվել:

-Իսկ այդ մասին իմանալուց հետո վատ չզգացի՞ք, որ տնօրեններն աշխատել են ոչ թե Ձեր կուսակցության՝ Դաշնակցության համար, այլեւ Հանրապետականի:

-Ո՛չ, Դաշնակցությունը չի ուժեղանա այդ աշխատանքից, բայց ես Ձեզ ասեմ՝ տնօրենները պնդում են, որ իրենք իրենց աշխատանքային ռեսուրսները չեն օգտագործել եւ աշխատել են իբրեւ Հանրապետական կուսակցության անդամներ աշխատանքից հետո եղած ժամանակ:

Եվ ԿԸՀ-ն քննական վարույթ վերցրեց, հիմա ունենք իրենց բացատրությունները, կպարզենք ավագ դպրոցների մասով բնականաբար, որովհետեւ ներառված են ավագ դպրոցները, մյուս ուղղություններով երեւի թե նմանատիպ խնդիրներ կանեն ե՛ւ մարզպետարանները, ե՛ւ քաղաքապետարանները: Նաեւ գիտեմ, որ դպրոցի տնօրենների մի խումբ, իրենց վիրավորված համարելով, դիմել է դատական հայցով, հիմա այս խնդիրը փորձենք առաջիկայում հասկանալ:

-Բայց ձայնագրություններն ամեն ինչ պարզ ցույց են տալիս…

-Դե, դատական նիստը ցույց կտա:

-Պարո՛ն Մկրտչյան, օրերս Երեւանի դպրոցներից մեկում տեղի ունեցած աշակերտների ինքնավնասման դեպքի վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում ունեք:

-Դպրոցի տնօրենը խոսեց, մենք երկուշաբթի մանկավարժական խորհրդի ընդլայնված նիստ կանենք: Մտահոգիչը հետեւյալն է, որ ինքնավնասման ձեաչափը նշանակում է, որ փողոցային տրամաբանությունը մտած է դպրոց: Ինձ որպես նախարար սա է մտահոգում, եւ ուրեմն այդ դպրոցում դաստիարակության հետ կապված լուրջ խնդիրներ ունենք, որովհետեւ դա փողոցի ձեռագիր է:

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է դպրոցում այդպիսի բան հնարավոր, դա շատ կարեւոր խնդիր է, դրա համար մեծ մանկխորհուրդի նիստ է լինելու, որից հետո կտանք համապատասխան հաղորդագրությունը, որպեսզի սա լինի նախադեպային մյուս բոլոր դպրոցների համար: Ինձ, որպես կրթության պատասխանատու, ավելի շատ հետաքրքրում է, թե ինչպես է, որ այդպիսի ձեւաչափը մուտք է գործում դպրոց, դա երկու երեխաների վեճ չի եղել, ինչ-որ կռիվ չի եղել, դպրոցի ներսում պրոցեսի մեջ են եղել, սա ինձ ավելի է հետաքրքրում:

-Եվ վերջում՝ արդյոք կվերանշանակվեք ԿԳ նախարարի պաշտոնում:

-Ինչպես հարմար կգտնեն:

-Իսկ Դուք ի՞նչ եք ցանկանում:

-Գիտեք, եթե հարմար գտնեն, կաշխատեմ, եթե չէ, արդեն սովոր եմ փոփոխությունների:

Վահագն Հակոբյան




Լրահոս