Ինչպես հայտնի է՝ ապրիլի 12-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում չէր բացառել, որ ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանն ու Արտակ Դավթյանը կնշանակվեն ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալների պաշտոնում:
«Ժողովուրդ»-ը գրել էր, որ անցած տարի` մայիսի 4-ին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը փակ հանդիպում է ունեցել խորհրդարանի ղեկավար կազմի, մշտական հանձնաժողովների եւ խմբակցությունների ղեկավարների հետ:
Երեք ժամ տեւած հանդիպման ընթացքից «Ժողովուրդ»-ին որոշ մանրամասներ էին հայտնի դարձել: Օրինակ՝ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Արտակ Դավթյանը, դիմելով այնժամ ՊՆ Սեյրան Օհանյանին, ասել էր՝ թույլ տվե՛ք Ձեզ սպարապետ կոչել, քանի որ պատերազմող նախարարին այդպես են դիմում: «Ժողովուրդ»-ը Դավթյանից փորձեց պարզել՝ արդյո՞ք շարունակում է մնալ նույն տեսակետին եւ համարում է, որ Օհանյանը սպարապետ է:
-Պարո՛ն Դավթյան, նախ ի՞նչ խնդիրներ եք նախանշել, որ պետք է լուծեք որպես պաշտպանության փոխնախարար:
-Խնդիրների մասին մի փոքր ավելի ուշ, թող պաշտոնական նշանակումը լինի, նոր կզրուցենք:
-Լավ, իսկ շարունակո՞ւմ եք մնալ այն տեսակետին, որ Օհանյանը մեր սպարապետն է:
-Բոլոր հարցերի պատասխանները կլինի նշանակումից հետո: Ինչ վերաբերում է Ձեր ասածին, Դուք էլի կոնտեքստից նորից կարծես ուզում եք կտրել: Ես ասել եմ, որ մեր բոլոր պաշտպանության նախարարներին, բոլորին անխտիր ես համարում եմ սպարապետներ:
-Այսինքն՝ չե՞ք փոխել Ձեր կարծիքը Օհանյանի մասին:
-Իսկ ի՞նչ է, կարծում եմ՝ փոփոխական մարդու տպավորություն չեմ թողել: Կոնկրետ մարդու եք նշում, իսկ ես դա ասել եմ այն համատեղ տեսքտում, ինչ որ ասացի:
Վահագն Հակոբյան