Քաղաքապետարանի թանկարժեք շոկոլադն ու մրգահյութը. շռայլ գնումները շարունակվում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի քաղաքապետարանը շարունակում է ահռելի գումարներ ծախսել քաղաքային բյուջեից: Մասնավորապես, քաղաքապետարանը բավական թանկ գնով ձեռք է բերել շոկոլադ, մրգահյութ եւ այլն:

Մայրաքաղաք Երեւանի 2017 թվականի բյուջեն եկամուտների գծով կազմում է 84 մլրդ 344 մլն 931 հազար 500 դրամ, ծախսերի գծով՝ 84 մլրդ 412 մլն 931 հազար 500 դրամ, դեֆիցիտը (պակասուրդը)՝ 68 մլն դրամ: Այդ մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ պաշտոնական փաստաթղթերից:

Մինչդեռ 2016 թվականի բյուջեն եկամուտների գծով կազմել է 78 մլրդ 219 մլն 530 հազար 500 դրամ, ծախսերի գծով՝ 78 մլրդ 369 մլն 530 հազար 500 դրամ, պակասուրդը՝ 150 մլն դրամ: Ստացվում է, որ մեկ տարվա ընթացքում քաղաքապետարանը իր եկամուտները ավելացրել է 6 մլրդ 193 մլն 401 հազար դրամով, իսկ ծախսերը՝ 6 մլրդ 43 մլն 401 հազար դրամով: Քաղաքային բյուջեի պակասուրդն է միայն նվազել 90 մլն դրամով: Նշենք, որ քաղաքապետարանի եկամուտները գոյանում են հարկերից եւ տուրքերից ստացված գումարներով: Օրինակ՝ ընթացիկ տարվա համար հարկերն ու տուրքերը կազմում են 14 մլրդ 839 մլն 87 հազար դրամ, որն էլ գոյանում է գույքային հարկերից, տեղական տուրքերից եւ այլն: Միայն համայնքի տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար ստացած եկամուտը կազմում է 1 մլրդ 432 մլն 906 հազար դրամ:

Քաղաքապետարանի եկամտի մյուս տեսակը համարվում է պաշտոնական դրամաշնորհը, որը կազմում է 21 մլրդ 772 մլն 637 հազար 500 դրամ: Օրինակ՝ պետական բյուջեից տրամադրվող նպատակային հատկացումները՝ սուբվենցիաները, կազմել են 8 մլրդ 342 մլն 282 հազար 400 դրամ, իսկ պետբյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաները կազմել են 13 մլրդ 430 մլն 355 հազար 100 դրամ: Այլ եկամուտները կազմել են 47 մլրդ 733 մլն 206 հազար 500 դրամ, որը գոյացել է շահաբաժիններից:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ նաեւ, որ քաղաքապետարանի ծախսերից միայն աղբահանումը ընթացիկ տարվա համար կազմել է 10 մլրդ 43 մլն 316 հազար 100 դրամ: Եւ չնայած սրան՝ աղբահանությունից ամենից շատ են մայրաքաղաքի բնակիչները դժգոհում: Բնակարանային շինարարության եւ կոմունալ ծառայությունների համար քաղաքապետարանը ծախսում է 10 մլրդ 288 մլն 358 հազար 400 դրամ: Սրա մեջ են մտնում ջրամատակարարումը, փողոցների լուսավորումը:

Ի դեպ, քաղաքապետարանը աշխատանքի վարձատրության նպատակով ընթացիկ տարվա համար ծախսելու է 6 մլրդ 400 մլն 335 հազար 500 դրամ, որից աշխատավարձերն ու հավելավճարները կազմում են 5 մլրդ 641 մլն 797 հազար 100 դրամ, իսկ պարգեւատրումների, դրամական խրախուսումների եւ հատուկ վճարները՝ 758 մլն 538 հազար 400 դրամ:

Տեղեկացնենք, որ ընթացիկ տարում աշխատավարձերի վարձատրության նպատակով հատկացվող ծախսերը անցած տարվա համեմատ 841 հազար դրամով նվազել են: Օրինակ՝ անցած տարվա բյուջեով աշխատավարձերի ծախսերը կազմել են 6 մլրդ 401 մլն 177 հազար 200 դրամ, որից 758 մլն 538 հազար 400 դրամը պարգեւատրումներն են կազմել, իսկ աշխատավարձերն ու հավելավճարները՝ 5 մլրդ 642 մլն 638 հազար 800 դրամ:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ նաեւ, որ Երեւան քաղաքի՝ 2017 թվականի գնումների պլանի համաձայն՝ քաղաքապետարանը 24 կգ շոկոլադ է նախատեսել գնել, որի 1 կիլոգրամի համար վճարելու է 6500 դրամ: Այսինքն՝ քաղաքապետարանը 156 հազար դրամ քաղաքային բյուջեից ծախսելու է շոկոլադի համար: Իսկ 45 տուփ սուրճի համար նախատեսվում է ծախսել 112 հազար 500 դրամ: Ի դեպ, մեկ տուփ սուրճը քաղաքապետարանը ձեռք է բերելու 2500 դրամով: Իսկ մրգահյութի համար հատկացվել է 118 հազար 800 դրամ: Գնվելու է 99 տուփ բնական հյութ, որի մեկ տուփի գինը 1200 դրամ է: Նշենք, որ 0.5 լ ապակյա շշով ջրի համար ծախսվելու է 60 հազար դրամ, որի մեկ հատը նախատեսվում է գնել 150 դրամով: Գազավորված հանքային ջրի համար նախատեսվում է ծախսել 52 հազար 650 դրամ, որի մեկ հատը գնվելու է 150 դրամով:

Ընթացիկ տարվա համար գնվելու է նաեւ 197 հազար 233 լիտր պրեմիում տեսակի բենզին: Նշենք, որ գնումների պլանով 1 լիտր պրեմիում տեսակի բենզինի համար քաղաքապետարանը նախատեսել է վճարել 380 դրամ, մինչդեռ, ինչպես հայտնի է, այս տարեսկզբից բենզինը բավականին թանկացել է: Այժմ պրեմիում տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 390-400 դրամով: Ինչեւէ: Նշված գնով եւ քանակի բենզինի համար քաղաքապետարանը, ըստ գնումների պլանի, նախատեսել է հատկացնել 71 մլն 3 հազար 880 դրամ:

Իսկ ահա ռեգուլյար տեսակի բենզինի համար նախատեսվել է գնել 429 հազար 170 լիտր, այդ նպատակով հատկացվել է 145 մլն 917 հազար 800 դրամ: Ըստ գնումների պլանի՝ ռեգուլյար տեսակի բենզինի 1 լիտրը նախատեսվել է գնել 340 դրամով, բայց այս ընթացքում նշված բենզինի մեկ լիտրը վաճառվում է 380 դրամով: Բնականաբար, բենզինի գնման պայմանագրերում քաղաքապետարանը որոշակի փոփոխություններ կիրականացնի, եւ հատկացվող գումարի չափը բենզինի թանկացման արդյունքում կմեծանա:

Բացի այս, քաղաքապետարանը ուղեւորափոխադրող տրանսպորտային միջոցների վարձակալության նպատակով, վարորդի հետ, 90 մլն 720 հազար դրամ է նախատեսել հատկացնել: Իսկ ավտոմեքենաների պահպանման ծառայությունների համար նախատեսվել է հատկացնել 207 մլն դրամ: Ի դեպ, քաղաքապետարանը նախատեսել է ընթացիկ տարվա համար գումար ծախսել նաեւ սալահատակման եւ ասֆալտապատման աշխատանքների համար: Դրա մեջ են մտնում նաեւ փողոցների, մայթերի, բակային տարածքների ասֆալտապատման աշխատանքները, որոնց համար կծախսվի 2 մլրդ 247 մլն 867 հազար 400 դրամ: Իսկ նստարանների ձեռքբերման համար նախատեսել է հատկացնել 140 մլն 595 հազար դրամ, աղբարկղերի համար՝ 47 մլն 325 հազար 600 դրամ:

Թե ինչպիսի ինքնարժեք է հաշվարկվում նման դեպքերում, եւ որքան են ուռճացվում ծախսերն ու յուրացվում փողերը, դժվար չէ պատկերացնել: Չէ՞ որ Երեւանում նույն փողոցը կարող է տարվա մեջ երկու անգամ ասֆալտապատվել, իսկ մայթերը` սալիկապատվել:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս