Սահմանադրական դատարանում այսօր կրկին շարունակվում է «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումի քննությունը՝ ապրիլի 2-ին տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրությունների քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով: Այսօր արդեն քննարկման երրորդ օրն է: Այժմ դաշինքի ներկայացուցիչ, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հարցեր է ուղղում պատասխանող կողմին՝ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին:
Զուրաբյանի հիմնական հարցերը վերաբերում էին դպրոցների և մանկապարտեզների տնօրենների մասնակցությամբ հրապարակված ձայնագրությանը: ՀԱԿ փոխնախագահը հետաքրքրվեց՝ երբ դպրոցի տնօրենը հանդիպում է աշակերտի ծնողի հետ և հորդորում որևէ գործողություն կատարել, որը կապ չունի դասընթացի հետ, դա որքանո՞վ է իրավաչափ: Մուկուչյանն արձագանքեց, որ որ դա քննվող գործի հետ որևէ կապ չունի:
Լևոն Զուրաբյանի հաջորդ հարցը վերաբերում էր 2012 թվականի ընտրողների ցուցակներին, որին ի պատասխան Տիգրան Մուկուչյանը արձագանքեց.«Նորից դեժավյուի գիրկն ընկա՞նք, մենք հիմա 2017 թվականի ընտրությունների վերաբերյալ ենք խոսում»:
Լևոն Զուրաբյանը շարունակեց իր հարցադրումները և նշեց, որ կարևոր է, որ ինքն այստեղ ճշմարտությունը բացահայտեցի: «Դուք ինչպե՞ս եք բացատրում այն ֆենոմենը, որ տարիներ շարունակ բնակչությունը պակասում է և պաշտոնական մասնակցության թիվն՝ աճում»,-շարունակեց Զուրաբյանը: ԿԸՀ նախագահը պատասխանեց, որ ցուցակները հրապարակվել են, թե որքան մարդ է գնացել և քվեարկել: