Հումորային մի շարք նախագծերից հայտնի դերասանուհի Զառա Սահակյանը, ով այժմ հանդես է գալիս «Քարե դարդ» սիթքոմում, «Ժողովուրդ»-ին տեղեկացրել է, որ առաջիկայում սփյուռքի մեր հայրենակիցների համար կենդանի ելույթի հնարավորություններ կունենա: Բացի այդ` մենք զրուցել ենք հեռուստատեսային դաշտի խնդիրների մասին: Դերասանուհին նկատել է, որ ոլորտում տիրում է միապաղաղություն, եւ խոստովանել, որ այդ մթնոլորտը ցրելու համար փորձում է այլընտրանքային նախագիծ կյանքի կոչել:
-Զառա՛, գիտենք, որ առաջիկայում երկու ներկայացումներով հանդես եք գալու արտերկրում: Կպատմե՞ք այդ մասին:
-Այո՛, դրանցից մեկը կայանալու է Միացյալ Նահանգներում` «Քարե դարդ» նախագծի շրջանակում, իսկ մյուսը` Մեքսիկայում: Այս երկրորդ ներկայացման շրջանակում անհատական համարներով հանդես եմ գալու ես, «Թատրոն 32»-ի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Վահագն Գրիգորյանն ու երգչուհի Մագան: Քանի որ սփյուռքի մեր հայրենակիցների համար Հայաստանի հետ կապված ցանկացած թեմա հոգեհարազատ է, անդրադառնալու ենք քաղաքական, սոցիալական, կենցաղային հարցերի: Օրինակ` պատրաստել ենք քաղաքական թեմայով երաժշտական մի համար, որի ժամանակ հանդես ենք գալու նմանակումով:
-Բացի «Քարե դարդ»-ից` առաջիկայում Ձեզ այլ հեռուստանախագծում կտեսնե՞նք:
-Երկու նախագծից առաջարկ եմ ստացել, սակայն մերժել եմ: Հիմա կա նախագիծ, որը պատրաստվում եմ ինքս կյանքի կոչել, դեռ այդ մասին մանրամասներ չեմ հայտնի:
-Զառա՛, Ձեր ոլորտի թիվ մեկ մտահոգիչ խնդիրը այս պահին ո՞րն եք համարում:
-Կուզենամ, որ հեռուստաընկերությունները չընկնեն մոդայի հետեւից. եթե մի հեռուստաալիք, օրինակ, սիթքոմ է նկարահանում, պարտադիր չէ, որ մյուսներն էլ հետեւեն դրա օրինակին: Կուզենամ, որ բազմազանություն լինի դաշտում, որպեսզի հեռուստադիտողը ունենա այլընտրանքի հնարավորություն: Բայց որպես հեռուստադիտող՝ դաշտում նկատում եմ միօրինակություն, որը մարդկանց բթացնելու մի ձեւ է: Թեպետ որպես դերասանուհի ինձ ֆինանսապես ձեռնտու է, որ շատ ծրագրեր լինեն եթերում, այնուամենայնիվ, չեմ կարող չխոսել ինձ մտահոգող այդ հարցի շուրջ: Բացի այդ` այսօր հեռուստադիտողներին հրամցվում են հնդկական սերիալներ, որոնք զուրկ են որեւէ բովանդակությունից: Ավելի լավ է զարկ տալ տեղական արտադրությանը, նույնիսկ, եթե այդ պրոդուկտը որակապես շատ բարձր չէ: Չէ՞ որ այդ դեպքում տեղական արտադրանքը կատարելագործվելու հնարավորություն կունենա: Ամեն դեպքում, հեռուստադիտողներին մաղթում եմ համբերություն: Հորդորում եմ ժամանակի այս հոսքին չտրվել, քանի որ վստահ եմ, որ գալու են ուրիշ ժամանակներ, մենք թեւակոխելու ենք ստեղծագործական այլ փուլ:
-Ենթադրում եմ, որ Ձեր նոր նախագիծը, որի մասին նշեցիք, միտված է հենց դաշտը միապաղաղությունից դուրս հանելուն:
-Այո՛, շատ եմ ուզում կյանքի կոչել իմ այդ ծրագիրը, աշխատում եմ այդ ուղղությամբ: Արդեն ուրվագծել եմ սցենարային մասը: Ես գիտեմ, թե կոնկրետ ինչ եմ ուզում ստանալ: Մնում է միայն հասկանալ, թե որ հեռուստաընկերությանը դա կհետաքրքրի: Ամեն դեպքում, ներկայացնելու եմ տարբերվող շոու-ծրագիր:
-Այսինքն՝ դեռ պետք է կարողանալ հետաքրքրել հեռուստաընկերություններին, որոնք, ինչպես նշվեց, բազմազանություն շատ չեն սիրում:
-Այո՛, կա այդ խնդիրը: Կփորձեմ անել ամեն բան` ուժերիս ներածին չափով:
-Զառա՛, նշել եք, որ հրաշալի հարաբերություններ եք պահպանում նախկին «Վիտամին» հումորային ակումբի տղաների հետ: Դուք միասին հանդես եք եկել նաեւ համերգային ծրագրով: Հնարավո՞ր է՝ դա շարունակական բնույթ կրի:
-Պարզապես այս պահին վիտամինցիների մոտ այդ առումով դադարի շրջան է: Բայց եթե նման առաջարկ լինի, սիրով կընդունեմ:
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
ՀԱՐՍԱՆԻՔՆԵՐՈՒՄ ՌՈՔԸ ԵՎՍ ՊԱՀԱՆՋՎԱԾ Է ԴԱՌՆՈՒՄ
Ապրիլի 17-ին «The Beautified Project» հայտնի ռոք խումբը վերջին վեց ամսվա դադարից հետո Երեւանի պետական տիկնիկային թատրոնի դահլիճում հանդես եկավ համերգով, որի ընթացքում հնչեցին խմբի 11-ամյա գործունեության շրջանակում ստեղծված լավագույն երգերը:
Քանի որ Հայաստանում փոփ ժանրի, 6/8 չափի երաժշտություն ներկայացնող աստղերին հաջողվում է լցնել, օրինակ, Մարզահամերգային համալիրի մեծ դահլիճը, «Ժողովուրդ»-ը «The Beautified Project» -ի մենակատար Անդրե Սիմոնյանից հետաքրքրվեց` ռոք արտիստը մեզ մոտ կարող է արդյո՞ք գրանցել նույն արդյունքը. «Ո՛չ, չի կարող, որովհետեւ ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում էժանագին փոփն ավելի մեծ պահանջարկ ունի, քան որակյալ ռոքը»,-պատասխանեց մեր զրուցակիցը:
Խոսելով առաջիկայի պլանների մասին` նա տեղեկացրեց, որ զուգերգ է պատրաստում ստամբուլահայ երգչուհի Սիբիլի հետ. «Կարծում եմ` մեղեդին կսիրվի հանրության կողմից: Երգի հիման վրա նկարահանել ենք նաեւ տեսահոլովակ, որը կներկայացնենք հունիսին»,-հավելեց Անդրեն:
Առաջիկայում խմբի երկրպագուներին սպասվում է մեկ այլ անակնկալ եւս` կրկին տեսահոլովակի տեսքով. «Բոլորին ծանոթ «Թարմ ծաղիկներ» երգը կմատուցեմ ծանր ռոքի ժանրում, աշխատում եմ տարբեր երկրներից, այդ թվում` Իրանից, Սիրիայից եկած հայ երաժիշտների հետ, որոնք վերամշակում են հին հայկական երգեր»,-տեղեկացրեց մենակատարը:
Մեր այն դիտարկմանը, որ Հայաստանում վերջին տարիներին ծաղկում է ապրում փոփ-ռոք ժանրը, Անդրեն պատասխանեց. «Այո՛, կա նման միտում. այդ կերպ փոփ երգիչները լայն զանգվածներին հասանելի են դարձնում նաեւ ռոքը: Դա, իսկապես, աշխատող մոտեցում է: Օրինակ` Սոնա Ռուբենյանը, լինելով փոփ երգչուհի, իմ ու իր դուետը հասցրեց մեծ լսարանի: Նույնիսկ ինձ զանգում, խնդրում էին, որ հարսանեկան խնջույքի ընթացքում երգեմ այդ երգը»: Անդրեն, խոսելով հանդիսատեսի հետ հանդիպումներից, նշեց, որ ամռանը «The Beautified Project» խումբը բացօթյա անվճար համերգով հանդես կգա Երեւանում, իսկ առավել մասշտաբային համերգ սպասվում է արդեն 2018-ին:
Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ՎԻՐՏՈՒԱԼ ԴԵԿՈՐԱՑԻԱՆԵՐ
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը վիրտուալ դեկորացիաներ է ձեռք բերել: Այս մասին ապրիլի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը նշել է ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: «Ծանր ու թանկարժեք դեկորներին կփոխարինեն վիրտուալ դեկորները, որոնք ավելի հասանելի են: Դա շատ ընդունված տարբերակ է, որից շատ օպերային թատրոններ զուրկ են»,-նշել է նախարարը: Հավելենք, որ եվրոպական թատրոններից հինգ ներկայացում է գնվել: Դրանք մոտ ապագայում կներկայացվեն հայ թատերասերներին:
ԲԵՄՈՒՄ ԿԱԽՎԵԼ Է
Մեքսիկայում Սուրբ Զատկին նվիրված ներկայացման ժամանակ Հուդայի դերը խաղացող 23-ամյա դերասանը դժբախտ պատահարի հետեւանքով իսկապես կախվել է եւ խեղդամահ եղել: Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, Հուդայի՝ կախված լինելու տեսարանը ներկայացնելու ժամանակ դերասանը պատահաբար սայթաքել է եւ խեղդամահ եղել: Հանդիսատեսը, մինչեւ շտապօգնության ժամանումը, փորձել է առաջին օգնություն ցույց տալ նրան, սակայն վերջինս մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին: Միջադեպի փաստով հետաքննություն է սկսվել: Դերասանի մահվան ամենահավանական պատճառ է համարվում դժբախտ պատահարը:
ԴԵԼ ՌԵՅԸ ԱԶԴՎԵԼ Է
Ամերիկացի երգչուհի Լանա Դել Ռեյը նոր կոմպոզիցիա է գրել՝ Coachella փառատոնից հետո գտնվելով տպավորությունների ներքո: Նա երգից մի հատված տեղադրելով ինստագրամյան իր էջում՝ մեկնաբանել է. «Չեմ ստի. ես խառը զգացողություններ ունեի հանգստյան օրերին, երբ պարում էի ու միաժամանակ հետեւում այն բանին, թե ինչպես է աճում լարվածությունը ԱՄՆ-ի եւ Հյուսիսայի Կորեայի միջեւ հարաբերություններում»: Երգչուհին հույս է հայտնել, որ հանուն խաղաղության մեկ մարդու աղոթքը կարող է դեր խաղալ հակամարտությունների դադարեցման գործում: Հիշեցնենք, որ մարտի վերջին Լանա Դել Ռեյը հայտնել էր իր հինգերորդ ստուդիական ալբոմի առաջիկա թողարկման մասին, որը կոչվելու է Lust For Life: Այժմ երգչուհու դիսկադարանում կա չորս ստուդիական ալբոմ: