ՀՀ գլխավոր դատախազությունը լուրջ խնդիր է տեսնում Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության վերաբերյալ: Այդ դիտարկումները ներկայացված են ԱԺ-ին ՀՀ գլխավոր դատախազության ներկայացրած 2016թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման մեջ: Ըստ այդմ, կոռուպցիայի դեմ պայքարը բավարար մակարդակի չէ:
«Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման հարցում դեռեւս բավարար մակարդակի վրա չէ իրավապահ մարմինների համագործակցությունը, եւ այն բարելավվելու կարիք ունի»,- նշված է դատախազության հաշվետվության մեջ: Այլ կերպ ասած՝ գլխավոր դատախազությունը ստեղծված իրավիճակի մեջ մեղադրում է իրավապահ մյուս կառույցներին՝ ընդգծելով նրանց մեջ ոչ նորմալ համագործակցությունը: Այս իրավիճակը, իհարկե, նորություն չէ: Իրավապահ կառույցների միջեւ համագործակցության բացակայությունն ավելի լավ են տեսել այն քաղաքացիները, որոնք քրեական գործի շրջանակներում եղել են տուժողի կարգավիճակում. այդ ժամանակ արդեն մարդիկ տեսել են, թե ինչպես չարված քայլերի պատասխանատվությունը միմյանց վրա են գցել նախաքննական մարմինը (քննչական կոմիտեն, հատուկ քննչական ծառայությունը) եւ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնողները (ոստիկանությունը):
Ավելին՝ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման հարցում դատախազությունն առաջին անգամ չէ, որ մեղադրանք է հնչեցնում իրավապահ մյուս կառույցների հասցեին: 2015թ. գործունեության վերաբերյալ հաշվետվության մեջ եւս կար այդ մտահոգությունը. «Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման ոչ բարձր աստիճանը եւ նախապատրաստված նյութերի քանակը շարունակում է պայմանավորված լինել այդ բնույթի հանցագործությունների լատենտայնությամբ, ինչպես նաեւ բացահայտման ուղղությամբ իրավապահ մարմինների չհամագործակցված աշխատանքով»,- ասված է այնտեղ:
Միայն թե, զարմանալի է, որ դատախազությունն ամեն անգամ բավարարվում է՝ իրավիճակն արձանագրելով, բայց խնդրի լուծման ուղղությամբ կոնկրետ քայլեր չի անում, իսկ եթե անում է, ապա ազդեցությունը կարելի է զրոյական համարել: Մինչդեռ հենց դատախազությանն է օրենքով նախաքննական մարմնի նկատմամբ վերահսկողական լիազորություններ վերապահված: Ասել է, թե հենց դատախազությունը պետք է լիներ իրավապահ մարմիններին ստիպողը, որ արդյունավետ աշխատեն: Այնինչ՝ դատախազությունն էլ իր հերթին է թերացել այդ լիազորություններն իրականացնելիս:
Հետաքրքիր մեկ այլ փաստ եւս. դատախազությունը նաեւ մեղադրանքներ է հնչեցրել հասարակության հասցեին, ընդ որում, ե՛ւ 2015, ե՛ւ 2016թ հաշվետվությունների մեջ: 2015թ. հաշվետվության մեջ նշված էր. «Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների, հատկապես կաշառքի գործերով շարունակում են մտահոգիչ մնալ այն, որ քննության ընթացքում հաղորդումներ եւ հայտարարություններ տված անձինք, երբեմն այս կամ այն պատճառաբանությամբ եւ արտաքին ազդեցությունների հետեւանքով, հրաժարվում են իրենց հայտարարություններից ու հանցանքը հաստատող ցուցմունքներից՝ իրենց հետագա վարքագծով փակուղու առաջ կանգնեցնելով քրեական հետապնդում իրականացնող մարմիններին»:
Իսկ այս հաշվետվության մեջ ասված է. «Անհրաժեշտ է նկատել, որ ցանկացած եւ հատկապես կոռուպցիոն հանցագործությունների դեմ արդյունավետ պայքարը ենթադրում է համալիր միջոցառումների ամբողջություն, որն իր մեջ ներառում է ոչ միայն պայքարի իրավական միջոցների ակտիվացում կամ այլ որակական փոփոխություններ: Կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետությունը մեծապես պայմանավորված է նաեւ հասարակական կարծիքով եւ աջակցությամբ, հանցավորության դեմ պայքարի սուբյեկտների հետ վերջիններիս համագործակցությամբ, կոռուպցիոն գործարքների նկատմամբ անհանդուրժողականությամբ»:
Եթե նկատի ունենանք խորհրդարանական վերջին ընտրություններում տեղի ունեցածը, երբ քաղաքական որոշ ուժեր համատարած ընտրակաշառք էին բաժանում, եւ հասարակության զգալի մասն էլ հրճվանքով վերցնում էր այն, ապա միանգամայն բնական է նաեւ փաստը, որ կոռուպցիոն գործարքների նկատմամբ հասարակությունն այլեւս անհանդուրժողականություն չի ցուցաբերում, եւ հաճախ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտմանը չի նպաստում:
Բայց ստեղծված իրավիճակի մեղավորն արդեն իշխանություններն են, որոնք հասարակությանը դրել են նման իրավիճակում՝ ստիպելով գործել իրենց սահմանած խաղի կանոններով: Եւ այստեղ էլ դատախազությունն ու իրավապահ մյուս մարմինները, մասնավորապես, ոստիկանությունն ու ԱԱԾ-ն լուրջ անելիքներ ունեն: Մինչդեռ, դատելով այն հանգամանքից, որ այդպես էլ որեւէ մեկը չի բացահայտվել ու պատասխանատվության չի ենթարկվել ընտրակաշառք բաժանելու համար, կարելի է եզրակացնել՝ ե՛ւ դատախազությունը, ե՛ւ ոստիկանությունը, ե՛ւ ԱԱԾ-ն իրենց անգործությամբ նպաստել են այդ ամենին:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ