ՖՈՏՈ. «Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան խորհրդանիշները. կայացավ Արծվիկի մրցութային երկրորդ փորձը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում այսօր կայացավ «Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկի մրցութային երկրորդ փորձը: Ի տարբերություն առաջինի, այսօր արդեն հայտնի են բեմականացման որոշակի մանրամասներ եւ հնարավոր է ներկայացնել դրանցում օգտագործված խորհրդանիշները:

Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խմբի որոշմամբ` այս տարվա բեմականացման ընթացքում լեդային էկրանների վրա կներկայացվի հայկական զարդարվեստն ու թռչնապատկերները` ժամանակակից դրսեւորմամբ, հին զարդանախշները` նորաձեւ գունային լուծումներով` խորհրդանշելով Արծվիկի անվան նշանակությունն ու մրցութային երգի վերնագիրը, որը թարգմանաբար նշանակում է «ճախրիր ինձ հետ»:

Հայկական զարդարվեստը հայի ազգային ինքնության ամենավառ արտահայտություններից մեկն է: Լինելով Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ դարեր շարունակ ընթացող երկխոսության վկան՝ հայկական զարդարվեստը այդ երկու մեծ մշակույթների կրողն է, որն էլ կներկայացվի եվրատեսիլյան բեմից:

Արծվիկի հետ բեմում կլինեն երկու պարուհիներ, ովքեր պարային բեմականցման ընթացքում կկրեն հայկական արծաթյա զարդեր եւ ձեռքերի յուրահատուկ շարժմամբ կփորձեն ներկայացնել թռչնի շարժում: Խոստացված թռիչքին հնարավոր կլինի հետեւել մայիսի 9-ին մրցույթի հեռարձակման ընթացքում: Արծվիկի հետ նույն բեմում կլինեն նաեւ երեք բեք- վոկալիստներ:

Արծվիկը փորձից հետո հանդիպեց նաեւ մրցույթը լուսաբանող միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ եւ պատասխանեց նրանց հետաքրքրող բոլոր հարցերին:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան պատվիրակի եվրատեսիլյան առաջին փորձը լավագույնն էր ճանաչվել մրցույթը լուսաբանող ԶԼՄ ներկայացուցիչների կողմից եւ արժանացել էր 100 առավելագույն միավորի:

«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի Առաջին ալիքի «Դեպի եվրատեսիլ» մրցույթի հաղթող Արծվիկը: Մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին եւ 13-ին Կիեւում: Արծվիկը ելույթ կունենա մայիսի 9-ին՝ 1-ին կիսաեզրափակչի ընթացքում, 16-րդ համարի ներքո:




Լրահոս