2017 թ. հունվար-ապրիլ ժամանակահատվածում զանգվածային լրատվամիջոցներից, քաղաքացիներից և իրավաբանական անձանցից առձեռն, էլեկտրոնային փոստով կամ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության պաշտոնական կայքի միջոցով առցանց ստացվել է տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ գրավոր կամ էլեկտրոնային 9 հարցում, որոնց, ըստ էության, պատշաճ պատասխանվել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:
Անհապաղ կամ հնարավորին սեղմ ժամկետում պատասխանվել է տեղեկություն ստանալու վերաբերյալ բոլոր բանավոր հարցումներին:
Ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր և էլեկտրոնային հարցումների դեպքում նախարարությունը քաղաքացիներից չի պահանջել հիմնավորել հարցումները, տեղեկատվություն տրամադրելու համար որևէ վճար ևս չի պահանջվել:
ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներից ստացվել է 3 հարցում:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն մուտքագրվել է 11439 դիմում և գրություն, որից 356-ը եղել են քաղաքացիների դիմումներ:
Դիմում-գրություններից 686-ը ստացվել են նախարարության էլեկտրոնային փոստով:
Նույն ժամանակահատվածում 111 քաղաքացիներ ստացել են անվճար երթևեկության վկայականներ:
Նախարարության լիցենզավորման գործակալության «Մեկ պատուհան» սկզբունքով տրամադրվել է ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեության 408 լիցենզիա և ներդիր, անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ կազմակերպելու գործունեության 3 լիցենզիա և 48 ներդիր, փոստային կապի գործունեության 1 լիցենզիա և 2 ներդիր, ինչպես նաև ՀՀ կողմից արտաքին առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա ռադիոէլեկտրոնային և (կամ) քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող սարքերի ներկրման 250 լիցենզիա:
Բոլոր դիմումներին և գրություններին ընթացք է տրվել օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն