Տավուշի ջրամբարի մոտ տեղի ունեցած սպանությանը ներկա է եղել ավելի քան 20 հոգի. ովքեր են նրանք և ինչու են «թաքնվում»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում 2017թ. հունվարի 24-ից ընթանում է Բերդ քաղաքի 26-ամյա բնակիչ Գրիգոր Մաթեւոսյանի դատավարությունը: Նա նախկինում 3 անգամ դատվել է գողության, կողոպուտի եւ մարմնական վնասվածք պատճառելու համար:

Գ. Մաթեւոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. մարտի 18-ի ուշ երեկոյան Տավուշ գյուղի վարչական տարածքում գտնվող Տավուշի ջրամբարի թերակղզու հարակից տարածքում տեղի ունեցած վիճաբանության եւ ծեծկռտուքի ընթացքում համաքաղաքացի, 38-ամյա Վրեժ Մաթեւոսյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու դիտավորությամբ ձեռքին եղած դանակով հարվածել է նրա հետանցքի շրջանին՝ պատճառելով հետանցքի շրջանի ծակած-կտրած վերք ձախից, արտաքին արյունահոսություն, 3-4-րդ աստիճանի կոմբինացված շոկ, ագոնալ վիճակ:

Դրանից հետո Գ. Մաթեւոսյանը Բերդ քաղաքի 28-ամյա բնակիչ Գագիկ Ճաղարյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ ձեռքի դանակով հարվածել է նրա կրծքավանդակի առաջնային եւ հետին երեսին, սպանել նրան: Այդ օրը՝ մարտի 18-ին՝ նշված դեպքից առաջ, Վրեժ Մաթեւոսյանը եւ Գագիկ Ճաղարյանը փորձել են հրկիզել Գրիգոր Մաթեւոսյանին պատկանող «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան: Դրանից հետո նրանց միջեւ բազմաթիվ անձանց ներկայությամբ կայացել է հաշիվների պարզաբանում: Սպանության եւ մարմնական վնասվածք հասցնելու պատճառը փողի հետ կապված խնդիրներն են եղել:

Գ. Մաթեւոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով եւ 112 հոդվածի 1-ին մասով: Նա կալանքի տակ է, գտնվում է ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում: Նշված քրեական գործով դատավարության մայիսի 3-ի նիստում ցուցմունք են տվել քրեական գործով 2 վկաներ:

Դատավարության մասնակիցներից տեղեկացանք, որ նշված գործով վկաները խուսափում են դատական նիստերին ներկայանալ: Տավուշի ջրամբարի մոտ տեղի ունեցած ծեծկռտուքին, դանակահարությանը, սպանությանը ներկա է եղել ավելի քան 20 հոգի, սակայն քրեական գործով վկաները քիչ են: Նրանցից 2-ը մեկնել են Ռուսաստան, հավանաբար այն նպատակով, որ դատարանում ցուցմունք չտան: Քրեական գործով 4 վկաների նկատմամբ դատարանի կողմից բերման ենթարկելու որոշում է կայացվել, սակայն ամեն անգամ, երբ ոստիկանները գնում են վկաներին դատարան բերելու, նրանք թաքնվում են:

Ի դեպ, քրեական գործով տուժած Վրեժ Մաթեւոսյանը դատարանում փոխել է նախաքննության ընթացքում տված իր ցուցմունքը, ասել, որ իրեն դանակահարողը Գրիգոր Մաթեւոսյանը չի եղել, խառը կռիվ է եղել, ինքը չի տեսել, թե ով է հարվածողը: Գ. Մաթեւոսյանի հարազատների կողմից Բերդ քաղաքում լուրեր են տարածվում, թե Գ. Մաթեւոսյանը չէ հանցանքներ կատարած անձը:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս