Աշխարհում քիչ երկրներ կան, որոնք, ինչպես Հայաստանը, շուրջ երկու տասնյակ պետական թատրոն ունենալու «ճոխություն» են իրենց թույլ տալիս: Թատերագետ Արա Խզմալյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկատել է` այդ թատրոնները պետությունը պահում է մի նպատակով` որ հազարավոր մարդկանց սոցիալական կարիքները որոշ չափով բավարարի: Նրա համար անհասկանալի է, թե այս պայմաններում ինչպես է հնարավոր խոսել մշակույթի կապիտալիզացիայից:
-Պարո՛ն Խզմալյան, հաճախ է խոսվում այն մասին, որ այսօրվա թատրոններից շատերը հանդիսատեսի պահանջը հասկանալու խնդիր ունեն, սոցիալական առումով չեն զգում ժամանակը: Սա ինչի՞ հետ է կապված:
-Ռեժիսորների մասնագիտական էգոցենտրիզմի: Նրանք, տարվելով սեփական մտահղացումներով, հաճախ անտեսում են այն հանգամանքը, որ թատրոնը գնահատվում է հանդիսատեսի արձագանքի շնորհիվ: Ճաշակից եւ էսթետիզմից բացի` թատրոնն իր պատմության ընթացքում ձգտել է նաեւ բավարարել տարբեր խավերի մարդկանց` մտավորականի, բանվորի, առեւտրականի պահանջը: Վերջերս, օրինակ, ներկա էի վավերագրական թատրոնի կանոններով բեմադրված մի ներկայացման (ռեժիսոր, դերասանուհի Նարինե Գրիգորյան, պիեսի հեղինակ` Սառա Նալբանդյան), որի շրջանակում արծարծվող թեմաները այնքան սրտամոտ էին հանդիսատեսին, որ հանդիսատեսի հետ հաղորդակցություն հաստատելու համար մեծ ջանք չպահանջվեց:
-Մյուս կողմից էլ մեր թատրոններին սպառնում է բազմակենտրոն մտածողությամբ դրամատուրգների պակասը:
-Այո՛, թատրոնն ու դրամատուրգիան, եթե համեմատենք արվեստի մյուս ճյուղերի հետ, ամենաշատն են արտացոլում իրական կյանքը, պարզապես սնվում են կյանքի ազդակներից: Իսկ հայ դրամատուրգների լոկալ մտածողության երկու հիմնական պատճառ կա. նախ` մենք չենք սիրում տարակարծություն. այդ է պատճառը, որ հասարակական քննարկումների ընթացքում մարդիկ հեշտությամբ անցնում են անձնական վիրավորանքների: Սա ազգային խառնվածքի խնդիր է: Եվ երկրորդ` մեր դրամատուրգները շատ լայն աշխարհայացք չունեն, նրանց մտածողությունը նեղ է, այնինչ՝ դրամատուրգիան ինքնին աշխարհայացք է: Կյանքը փոխել ձգտելու, հրապարակախոսական երանգներով տեքստեր գրելու կարիք ամենեւին չկա: Իրականում կա կյանքը ընկալելու, ոչ թե փոխելու խնդիր: Հիշենք Չեխովին, որը փոքր երեւույթների մեջ տեսնում էր մեծ բաներ, իսկ մերոնք հաճախ մեծ երեւույթները մանրացնում են:
-ՀՀ վարչապետի կողմից շրջանառության մեջ մտած «մշակույթի կապիտալիզացիայի» գործընթացը, ըստ Ձեզ, ինչպե՞ս կարելի է իրականացնել հայ թատրոնի պարագայում:
-Նախ` եկեք մշակույթի կապիտալիզացիա հասկացությունը չտեղափոխենք տնտեսական ոլորտ, դրա իրականացումը չհասկանանք ռեստորաններ, սրճարաններ բացելով (դա մշակութային տարածքի կապիտալիզացիան է): Մշակույթի կապիտալիզացիա նշանակում է ստեղծել վաճառքի ենթակա մշակութային արդյունք, ապահովել, օրինակ, ներկայացման եկամտաբերությունը: Իսկ մենք այսօր քանի՞ ներկայացում ունենք, որը կարող է իր վրա ծախսված գումարները հետ բերել: Պետք է հասկանանք, որ պետական միջոցներով հարկավոր է ստեղծել գեղարվեստական արդյունք եւ գրագետ կազմակերպման հետեւանքով մեծացնել դրա հանդեպ հասարակական հետաքրքրությունը: Աշխարհում քիչ երկրներ կան, որոնք շուրջ երկու տասնյակ պետական թատրոն ունեն, ինչպես Հայաստանը: Մենք մեզ թույլ ենք տալիս այդ ճոխությունը` իմանալով, որ թատրոններից շատերը գեղարվեստական արդյունք չեն տալիս, դրանք դուրս են երկրի մշակութային պրոցեսներից: Այդ թատրոնները պետությունը պահում է մի նպատակով. որ հազարավոր մարդկանց սովի չմատնի: Այսինքն` պետությունը նպաստ է տալիս տվյալ կառույցներին մարդկանց պահելու համար: Սա ակնհայտ սոցիալական քաղաքականություն է, եւ դեռ հարց է, թե ինչպես է այս պայմաններում հնարավոր խոսել մշակույթի կապիտալիզացիայից: Հակասական իրավիճակներ կան, եւ չգիտեմ, թե ինչպես պետք է նշյալ խնդիրները լուծվեն:
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
ԿՅԱՆՔԻ ԿԿՈՉՎԻ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ
«Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս Գլոբ 2009» մրցույթների հաղթող, գեղեցկուհի Գոհար Հարությունյանը դեռեւս երկու տարի առաջ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել էր, որ գեղեցկության կայուն ազգային մրցույթ ունենալու անհրաժեշտություն կա:
Եվ ահա Գոհարը տարիներ անց մեզ տեղեկացրեց, որ այդ ծրագիրը սարերի ետեւում չէ. «Հայաստանից շատ գեղեցկուհիներ մասնակցում են աշխարհում երկրորդական համարվող մրցույթների, այնինչ՝ գլխավոր մրցույթներին մասնակցելու համար հարկավոր է, որ նրանք հաղթած լինեն ազգային մրցույթում: Իսկ ազգային մրցույթ մենք չունենք: Շատերն են փորձել կազմակերպել «Միսս Հայաստան», բայց դրա հեղինակային իրավունքները պատկանում են ուրիշին: Ի դեպ, այդ մրցույթի կազմակերպիչները վերջին 17 տարվա ընթացքում երկու անգամ են նորմալ միջոցառում կազմակերպել: Ես դիմել եմ մշակույթի նախարարությանը, քանի որ պետական աջակցության կարիք կար»,-ասաց նա:
Մենք ճշտեցինք` այսինքն՝ «Միսս Հայաստան»-ի հեղինակային իրավունքները պետությունը պատրաստվում է գնե՞լ. «Չգիտեմ, ինձ ասացին, որ եթե լինի պետական աջակցություն, մրցույթը կգրանցվի «Միսս Հայաստան» անունով: Ես համաձայն կլինեմ՝ թեկուզ ներկայիս կազմակերպիչները զբաղվեն այդ հարցով, միայն թե որակյալ աշխատանք անեն: Իմ սիրտը ցավում է, երբ տեսնում եմ այդ մրցույթը ապականված»,-պատասխանեց Գոհարը:
«Այսինքն` հույս կա՞, որ պետությունը կաջակցի նշյալ մտահղացմանը»,-հարցրինք մենք: «Պետությունն արդեն իսկ աջակցում է մեզ, մեր կողքին է նաեւ սփյուռքի նախարարությունը. եթե պետք լինի, կարող ենք համահայկական մրցույթ էլ անցկացնել: Ամեն դեպքում, դեռ բանակցությունների փուլում ենք, հող ենք նախապատրաստում մեր գեղեցկուհիների համար, հնարավոր է` այս գործընթացը մեկ տարի տեւի»,-նշեց մեր զրուցակիցը:
«Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց նաեւ` Գոհարը մտադիր չէ արդյո՞ք կրկին մասնակցել գեղեցկության միջազգային մրցույթների. «Այդ առումով ես իմ թոփին հասել եմ: Կանանց համար «Միսիս Գլոբից» հեղինակավոր մրցույթ դեռ չեմ տեսնում»,-եզրափակեց նա:
Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ԱՆԴՐԱԴԱՐՁ «ԽՈՍՏՈՒՄԻՆ»
Ամերիկահայ անվանի գործարար եւ բարերար Քըրք Քըրքորյանի նախաձեռնությամբ կյանքի կոչված «Խոստում»-ը այս տարի թողարկված ամենաթանկարժեք ֆիլմերի ցանկում է: The Wall Street Journal պարբերականը, անդրադառնալով կինոնկարին, նշել է, որ Հոլիվուդում այսօր առանց մեկենասի շատ դժվար է նման ֆիլմ ստեղծել: «Ֆիլմի արտադրողները նախատեսել են ստանալ «Շինդլերի ցուցակի» կամ «Հյուրանոց Ռուանդայի» նման գործ, որը կնկարագրի պատմական վայրագությունները: Չնայած կինովարձույթներում ունեցած ոչ հաջող մեկնարկին, «Խոստում»-ը ազդեցություն կունենա համաշխարհային քաղաքականության ողջ պատմության ընթացքում մարդու իրավունքների խախտումների մասին իրազեկվածության տեսանկյունից»,-գրել է թերթը:
ԿԱԶՄԸ ՀԱՅՏՆԻ Է
«Եվրատեսիլ 2017» երգի մրցույթի` հայաստանյան ժյուրիի կազմն արդեն հայտնի է: Ինչպես հաղորդում է OGAE Armenia կայքը՝ այս տարի կազմը համալրում են երգահան, ՀՀ ժողովրդական արտիստ Արա Գեւորգյանը, ջազ երգչուհի, վոկալի ուսուցչուհի Էմմա Ասատրյանը, Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր խմբավար, երաժշտական պրոդյուսեր Էդուարդ Թոփչյանը, բազմաթիվ երաժշտական եւ գովազդային հոլովակների հեղինակ, երաժշտական պրոդյուսեր Արամայիս Հայրապետյանը եւ ՀՀ ժողովրդական արտիստ, երգչուհի Զարուհի Բաբայանը: Հիշեցնենք, որ մայիսի 9-ին Կիեւում կմեկնարկի «Եվրատեսիլ» միջազգային երաժշտական մրցույթը: Հայաստանն այս տարի ներկայացնելու է Արծվիկը` «Fly with me» երգով:
ԴԱՏԻ Է ՏՎԵԼ
Ամերիկացի ռեփեր Էմինեմը Նոր Զելանդիայում դատական հայց է ներկայացրել ընդդեմ երկրում իշխող «Ազգային կուսակցության»: BBC-ն գրում է, որ երաժիշտը կուսակցությանը մեղադրում է իր «Lose Yourself» երգի ապօրինի օգտագործման համար: Կուսակցությունից պարզաբանել են, որ օգտագործվել է ոչ թե երգը, այլ երգի նման ձայնագրություն:
Մնում է դատարանը որոշի` արդյոք «Ազգային կուսակցության» գովազդում օգտագործված երաժշտությունը նման է Էմինեմի երգին: Կուսակցության հոլովակն առաջին անգամ եթերում է հայտնվել 2014 թվականին: