ՖՈՏՈ. Աբովյանի քաղաքապետի խրախճանքն ու քաղաքի առնետները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի 45 շենքի առաջին մուտքի բնակիչները դիմել են «Ժողովուրդ» օրաթերթին եւ հայտնել, որ իրենց շենքի վերելակը արդեն երեք օր է՝ չի աշխատում: Պատճառը վերելակի հորանի աղբն ու կենդանի առնետներն են:

Սակայն բնակիչների պատմելով՝ հորանը աղբից ու առնետներից մաքրելը պատկան մարմիններին` համատիրությանը, վերելակային ծառայությանը եւ Աբովյանի քաղաքապետարանին չի մտահոգում: Աբովյանի քաղաքապետարանին ենթարկվող վերելակային ծառայությունը, որին բնակիչները ամսական վճարում են ավելի քան 8000 դրամ, հրաժարվում է մաքրել հորանը` նշելով, որ դա իրենց գործառույթների մեջ չի մտնում:

Ավելին՝ հավաստիացրին, թե վերելակի հորանը աղբից ու առնետներից մաքրելը տվյալ շենքի համատիրության «սուրբ պարտականությունն է»: Ինչի հետ համաձայն չէ համատիրության նախագահ Հարութ Մուշեղյանը: Նա էլ իր հերթին ուղղորդեց հարցի լուծման մասին հետաքրքրվել վերելակային ծառայությունից: Ասել է, թե կրկին գործեց հայկական ավանդական տարբերակը. պատկան մարմինները հարցը լուծելու պարտականությունը գցում են մեկը մյուսի վրա: Իրավիճակի հետևանքով շենքի տարեց բնակիչները խանութ իջնելու համար ստիպված դիմում են այլ մարդկանց օգնությանը:

Իսկ այս ընթացքում Աբովյանի քաղաքապետ Վահագն Գեւորգյանը Ղրիմում այցելում է թանգարաններ, լուսանկարվում արձանների կողքին` աչքաթող անելով իր աբովյանցիների խնդիրները:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս