Ինչպես հայտնել ենք՝ այսօր Արցախում հակառակորդի կողմից արձակված կրակոցից զոհվել է 21-ամյա Կարեն Դանիելյան, ով Շիրակի մարզի Սարատակ գյուղի բնակիչ էր: ArmLur.am-ի հետ զրույցում Սարատակ համայնքի ղեկավար Միշա Ղրզոյանը նշեց, որ Կարենը ընտանիքի միակ որդին էր, ունի իրենից փոքր քույր:
«Սոցիալապես անապահով ընտանիք են: Աշխատողը հիմնականում մայրն է, այս գարնան գլուխ որ բացվում է, գնում է դաշտերից կանաչի է քաղումմ տանումմ շուկան վաճառում է. այդպես ապրում էին»,- նշեց համայնքապետը:
Վերջինիս խոսքով` Կարենը դպրոցն ավարտելուց հետո գնացել էր ծառայելու: «Շատ համեստ, շատ պարտաճանաչ, շատ շնորհքով երեխա էր»:
ՀՀ քննչական կոմիտեի փոխանցմամբ` 2017 թվականի մայիսի 20-ին՝ ժամը 07:20-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով գլխի շրջանում մահացու վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կարեն Սարիբեկի Դանիելյանը:
Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն:
Արփինե Թովմասյան