Ինչպես հայտնի է` շաբաթ օրը Արմավիրի մարզի մի շարք գյուղերի բնակիչներ բողոքի ակցիա էին անցկացրել` փակելով Էջմիածին-Երեւան ավտոճանապարհը: Պատճառը վարունգի իրացման ցածր գինն է: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ քաղաքացիներից մեկը, որը փորձել է 60 տոննա վարունգ արտահանել, սահմանին խնդրի առջեւ է կանգնել: Բանն այն է, որ նրան թույլ չեն տվել ՀՀ-ից դուրս հանել վարունգը` պատճառաբանելով, որ վարունգը նոր է սրսկված եղել, բացի այդ չի համապատասխանել որոշ չափանիշների: Ինչի հետեւանքով 60 տոննա վարունգը հայտնվել է Արմավիրի մարզում գտնվող «Մեյնմանդար» գյուղատնտեսական շուկայում:
Արդյունքում վարունգի գինը կտրուկ իջել է` դառնալով 50-60 դրամ: Ինչը դարձել է այդ շուկայում իրենց վարունգն իրացնող մյուս գյուղացիների զայրույթի պատճառը: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ, վերջինս տեղեկացրեց, որ հենց այդ օրվանից «Սպայկա» ընկերությունը սկսել է համագործակցել գյուղացիների հետ` մթերելով նրանց բերքը: