23 դպրոցում խախտումներ են արձանագրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության պետական տեսչությունը ապրիլի 10-28-ը Տավուշի մարզի տարբեր տարածաշրջանների 18 միջնակարգ եւ 9 հիմնական դպրոցներում կրթական գործընթացի ուսումնասիրություններ է կատարել: Այդ 27 դպրոցներում ըստ բնութագրիչների ստուգվել են դպրոցների տնօրենների եւ նրանց տեղակալների պաշտոնական պարտականությունների կատարումը, դպրոցի կառավարման, մանկավարժական խորհուրդների, առարկայական մասնախմբերի, ծնողական, աշակերտական խորհուրդների գործունեությունը, ուսումնական միջավայրը, մանկավարժական աշխատողների, սովորողների վերաբերյալ բազմաբնույթ տվյալներ: Ստուգումներին ներգրավված մասնագետների կողմից կատարվել են դասալսումներ: Այդ ուսումնասիրությունները բացահայտել են բազմաթիվ խախտումներ եւ թերություններ: Ստուգման ենթարկված հանրակրթական 27 դպրոցից 23-ում հայտնաբերվել են կրթության բնագավառի օրենսդրության պահանջների խախտումներ, որոնց վերաբերյալ կազմվել է ընդհանուր թվով 23 արձանագրություն:

Դպրոցներում հայտնաբերված խախտումները եւ դրանց հետեւանքները վերացնելու նպատակով ՀՀ կրթության գլխավոր պետական տեսուչի կողմից դպրոցների տնօրեններին եւ կառավարման խորհուրդների նախագահներին տրվել են կատարման համար պարտադիր հանձնարարականներ: Մայիսի 23-ին մարզպետարանում տեղի է ունեցել դպրոցներում կատարված ուսումնասիրությունների արդյունքների քննարկում, որին մասնակցել են Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, ՀՀ կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանը, նրա տեղակալ Ռաիսա Գալստյանը, տեսչության այլ պաշտոնատարներ, մարզի դպրոցների տնօրեններ: Մարզպետը նշել է, որ նման ուսումնասիրությունները եւ քննարկումները կարեւոր են թերությունները վերացնելու եւ հետագայում դրանք բացառելու համար:
Մի երթուղու հարց չլուծեցին

Շուրջ երկուսուկես տարի է, ինչ Նոյեմբերյանից Երեւան եւ հակառակ ուղղությամբ միկրոավտոբուսային երթուղին չի գործում: Այդ գծում գործում են միայն տաքսիներ, որոնք ուղեւորներին Նոյեմբերյանից Երեւան, Երեւանից Նոյեմբերյան են տեղափոխում 3000 դրամով: 4 ուղեւոր մի անձնակազմ են կազմում, եւ տաքսին շարժվում է: Տաքսի ավտոմեքենաներով երթեւեկելը բազում անհարմարություններ է պատճառում ուղեւորներին, մեկնելու եւ ժամանելու ստույգ ժամերը հայտնի չեն լինում, հետեւի նստատեղի մեջտեղում նստած ուղեւորը, ավելի քան 3 ժամ ուղեւորության ընթացքում անհարմար դիրքում տանջվում է: Ուղեւորներից յուրաքանչյուրին տաքսին վերցնում, իջեցնում է նրա նախընտրած վայրում, ինչը ժամանակի մեծ կորուստ է: Վարչապետ Կարեն Կարապետյանը այս տարվա ապրիլի 20-ին կայացած կառավարության նիստում խիստ հրատապ է համարել հանրապետության երթուղային ցանցում եղած խնդիրներին լուծումներ տալը: Սահմանամերձ Նոյեմբերյան քաղաքը ե՞րբ ավտոբուսային կամ միկրոավտոբուսային ուղերթներով կկապվի Երեւանին:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս