ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՍՐՏՆԵՂԵ՞Լ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ ԳՄ նիստից հետո երեկ վերջապես հայտարարվեց, թե ովքեր են զբաղեցնելու նոր Աժ առանցքային պաշտոնները: Ըստ այդմ, 6-րդ գումարման ԱԺ նախագահը կլինի ՀՀԿ-ի նախընտրական ցուցակի 4-րդ հորիզոնականը զբաղեցնող Արա Բաբլոյանը: Սպասելի՞ որոշում էր սա հանրապետականների համար, եւ արդյո՞ք Գալուստ Սահակյանը չի նեղվել, որ իրեն այդ պաշտոնում փոխարինելու է տարիքով ավելի մեծ անձնավորություն. այս եւ այլ հարցերի պատասխանները փորձել ենք պարզել ՀՀԿ-ական պատգամավորներից:

Արայիկ Գրիգորյան. ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր:
-Պարո՛ն Գրիգորյան ըստ Ձեզ՝ ինչո՞ւ որոշվեց հենց Արա Բաբլոյանին նշանակել ԱԺ նախագահի պաշտոնում:
-Արժանիքների համար, էլ ինչի համար պետք է նշանակեն:
-Իսկ մի՞թե Գալուստ Սահակայնը արժանիքներ չուներ, որ նրան չթողեցին այդ պաշտոնում, ընդ որում, Արա Բաբլոյանն էլ նրանից տարիքով մեծ է:
-Նա էլ էր արժանի, ինչի արժանի չէր, արժանիքների համար են մարդուն նշանակում, էլ ինչի համար:
-Կարծում եք՝ Բաբլոյանը կկարողանա՞ պատշաճ կերպով ղեկավարել խորհրդարանը: Գալուստ Սահակյանին արժանի՞ շարունակող է:
-Խի չի կարողանա, ինչ կա չկարողանալու: Ինչա՞ պատահել, որ չկարողանա փոխարինի, ուրեմն արժանիքներ կան, չէ՞, որ նշանակել են:

Արման Սահակյան. ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ:
-Պարո՛ն Սահակյան, վաղվանից (հեղ.-այսօր) Ձեր հայրը կդադարի լինել Ազգային ժողովի նախագահ, ինչպե՞ս եք ընդունել այդ փաստը, տխրե՞լ եք, որ Գալուստ Սահակյանն այլեւս ԱԺ նախագահ չի լինելու:
-Ձեզ թվում է:
-Ինձ ոչինչ չի թվում, ես ընդամենը Ձեզանից եմ հարցնում, տխրե՞լ եք:
-Իհարկե ոչ, շատ նորմալ եմ համարում:
-Սպասո՞ւմ էիք, որ հենց Արա Բաբլոյանը կլինի Ձեր հորը փոխարինողը: Ի՞նչ կարծիք ունեք նրա մասին, կկարողանա՞ փոխարինել Գալուստ Սահակյանին:
-Շատ բարձր, շատ գիտակ եւ հմուտ պաշտոնյա է:
-Իսկ Ձեր հայրն ինչպե՞ս ընդունեց այդ փաստը, շա՞տ է նեղվել:
-Տրամադրությունը գցելու պատճառ չկա, ուղղակի դա մեծ պատասխանատվություն էր, որը ինքը իր ուսերի վրա կարողացավ տանել ամենադժվար պահերին:
-Որպես Գալուստ Սահակյանին չվերանշանակելու պատճառ նշվում էր նրա տարիքը, սակայն պարզվեց՝ ԱԺ նոր նախագահն ավելի տարեց է:
-Աշխարհի ազգային ժողովներում են տարիքով մարդիկ ղեկավարում խորհրդարանը:

Ռուզաննա Մուրադյան. ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր:
-Տիկի՛ն Մուրադյան, Արա Բաբլոյանին տեսնո՞ւմ էիք որպես Աժ նախագահի թեկնածու, նրա ընտրությանն ինչպե՞ս եք վերաբերվում:
-Շատ լավ, ինչպես պետք է վերաբերվենք, բոլորս էլ շատ լավ ենք վերաբերվում այդ փաստին:
-Իսկ ինչո՞ւ հենց Արա Բաբլոյանին որոշվեց նշանակել այդպիսի բարձր պաշտոնում:
-Կլինի՞, նման հարցերին վաղը պատասխանենք, երբ որ ընտրենք մի հատ Արա Բաբլոյանին:
-Ինչո՞ւ, հնարավոր է՝ չընտրե՞ք նրան:
-Ո՛չ, իհարկե, կընտրենք:
-Այդ դեպքում վերադառնանք նախորդ հարցին, ինչո՞ւ հենց Բաբլոյանն ընտրվեց:
-Բոլոր նման հարցերը քննարկվում են կուսակցության ավելի վերադաս մարմինների կողմից, առաջարկները հնչում են տրամաբանված եւ հիմնավորված:
-Բայց Ձեր կուսակցությունում երբեւէ պատահե՞լ է, որ ընդդիմանաք որեւէ հարցում կամ նիստերի ժամանակ կուսակցության ղեկավարին հարց ուղղեք:
-Միշտ էլ մեր կուսակցությունում բոլոր նիստերն անցնում են շատ ժողովրդավար, ակտիվ, եւ բոլորն էլ համակարծիք են եւ եթե կարծիք ունեն, արտահայտում են:

Աշոտ Արսենյան. Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր:
-Պարո՛ն Արսենյան, Արա Բաբլոյանի հետ հաճա՞խ եք շփվել, ի՞նչ կարծիքի եք նրա մասին:
-Շատ լավ կարծիքի եմ, լավ մարդ, երկար աշխատանքի փորձ ունեցող, լավ ընկեր, էլ ինչ ասեմ:
-Կարծիքներ են հնչում, որ Բաբլոյանը այդ պաշտոնին մինչեւ 2018 թվականն է մնալու, դրանից հետո հնարավոր է՝ նրան այլ մեկը փոխարինի:
-Կարծիք չկա:
-Բայց Դուք սպասո՞ւմ էիք, որ հենց նրան են նշանակելու, թե՞ անակնկալ եղավ Ձեզ համար կուսակցության նախագահի որոշումը:
-Չէ՛, սպասում էի, ինչի չէի սպասում, անակնկալ չէր:

 

 

 
ԴԵՐԵՐՆ ՈՒ ՏԵՂԵՐԸ ԲԱՇԽՎԱԾ ԵՆ

Երեկ մի քանի ժամերի տարբերությամբ խորհրդարանական 3 ուժերը վերջնականապես որոշեցին ԱԺ առանցքային պաշտոններում իրենց կողմից առաջարկվող թեկնածուների անունները:

Այսպիսով՝ ժամը 15:00-ին ԲՀԿ կուսակցության գրասենյակում մեկ մարդու պես հավաքվեցին «Ծառուկյան» դաշինքի կողմից պատգամավոր ընտրվածները, եւ ավելի քան մեկ ժամ ու կես տեւած քննարկման արդյունքում հայտարարվեց, որ «Ծառուկյան» դաշինքին տրամադրվելիք ԱԺ մեկ փոխնախագահի պաշտոնում կլինի Միքայել Մելքումյանը, խմբակցության ղեկավար կլինի Գագիկ Ծառուկյանը, իսկ դաշինքին հատկացվող հանձնաժողովի նախագահները կլինեն Նաիրա Զոհրաբյանը, Վարդեւան Գրիգորյանը եւ Վարդան Բոստանջյանը: Թեեւ երեկ պաշտոնապես չհրապարակվեց խմբակցության քարտուղարի թեկնածուի անունը, բայց «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով՝ քարտուղարի պաշտոնը կզբաղեցնի Վահե Էնֆիաջյանը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ տեղի ունեցած նիստի ժամանակ գլխավոր թեման դաշինքին տրամադրվող Աժ պաշտոնների հարցը չի եղել, որովհետեւ այդ հարցը միանձնյա որոշված է եղել Ծառուկյանի կողմից եւ ընդամենն այդ մասին վերջինս տեղեկացրել է ներկա կուսակիցներին:
Այդ նիստի ժամանակ, բացի Խաչիկ Մանուկյանից, դաշինքի ներկա եղած մյուս ըմբոստներին հրահանգվել է մեկ մարդու նման խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին հանձնել մանդատից հրաժարվելու դիմումները: Ամենայն հավանականությամբ, Ծառուկյանը նրանցից մի քանիսին հնարավորություն կտա լինել պատգամավոր, որպեսզի բարձրացված աղմուկը մեծ թափ չստանա:
Արդեն երեք ժամ անց Մելիք-Ադամյանում սկսեցին հավաքվել իշխող ՀՀԿ-ի գործադիր մարմնի անդամները: Մեկ ժամ տեւած ԳՄ նիստի ժամանակ նրանք եւս քննարկեցին Աժ առանցքային պաշտոնների հարցը:
Ինչպես հայտնի է՝ Վահրամ Բաղդասարյանը շարունակելու է ղեկավարել խմբակցությունը, մինչդեռ տեւական ժամանակ համառորեն լուրեր էին շրջանառվում, որ այդ պաշտոնում նշանակվելու է Արմեն Աշոտյանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀԿ-ում Աշոտյանի նշանակումն այդ պաշտոնին բացատրում են ընդամենը մեկ հանգամանքով. ի վերջո, Վահրամ Բաղդասարյանը խորհրդարանական ընտրությունների թոհուբոհով անցել եւ կուսակցության համար բավականին մեծ թվով ձայներ է ապահովել, եւ արդար չէր լինի, եթե նրան խմբակցության ղեկավարի պաշտոնից իջեցնեին շարքային պատգամավոր:
Եւ վերջում, «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով, չի բացառվում նաեւ, որ երբ վաղը կառավարությունը հրաժարական ներկայացնի, ժամեր չանցած Կարեն Կարապետյանին Սերժ Սարգսյանը վերանշանակի վարչապետի պաշտոնում՝ հետագա շահարկումների տեղիք չտալու համար:
Ինչ վերաբերում է խորհրդարանի միակ ընդդիմադիր խմբակցությանը՝ «Ելք»-ին, ապա երեկ հայտնի դարձավ, որ խմբակցությունը կղեկավարի Նիկոլ Փաշինյանը, իսկ քարտուղար կլինի «Լուսավոր Հայաստան»-ից Գեւորգ Գորգիսյանը:

Նյութերը՝ ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ

 

 

 
ԱՌԱՆՑ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ
Սերժ Սարգսյանի մտերիմ գործարար Բարսեղ Բեգլարյանի գործերը այնքան էլ լավ չեն: Ինչպես տեղեկացավ «Ժողովուրդ» օրաթերթը՝ վերջերս Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է դիմել քաղաքացի Արմեն Խալաթյանը՝ պահանջելով «Ֆլեշ Մոտորս» ՍՊԸ-ից տրամադրել չվճարված աշխատավարձը: Տեղեկացանք, որ Ա. Խալաթյանի ընդհանուր գումարի պահանջը կազմում է մոտ 1 միլիոն 620 հազար դրամ: Հիշեցնենք, որ գործարարին պատկանող «Ֆլեշ» ընկերությունը, որը զբաղվում է բենզինի եւ դիզվառելիք ներկրմամբ եւ վաճառքով, նվազեցրել էր իր ներկրման ծավալները, դրա արդյունքում՝ նաեւ վճարած հարկերը:

 

 

ՆՈՐ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ
Ազգային անվտանգության ծառայությունը միջնորդություն է ներկայացրել դատարան «Իգլայի» գործով կալանավորված անձանց կալանքը եւս երկու ամսով երկարաձգելու համար: Երեկ այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ այս գործով կալանավորված ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանից: Ինչպես հայտնել էինք՝ կալանքի միջնորդությունը ներկայացնելու համար ԱԱԾ-ն նոր ապացույցներ պետք է ներկայացնի դատարան, ինչն էլ դատավորի համար հիմք կհանդիսանա կալանավորված անձանց կալանքը եւս երկու ամսով երկարաձգելու համար, իսկ թե ինչ ապացույցներ է ներկայացրել ԱԱԾ-ն դատարան, դեռեւս հայտնի չէ, սակայն մեզ հասած տեղեկություններով՝ դատարանը կբավարարի ԱԱԾ-ի միջնորդությունը, եւ գործով կալանավորված անձանց կալանքը եւս երկու ամսով կերկարաձգվի:

 

 

ՍԻԳԱՐԵՏԸ ԹԱՆԿԱՑԱՎ
Արդեն մի քանի օր է՝ Հայաստանի ծխախոտի շուկայում որոշ սիգարետներ թանկացել են: «Ժողովուրդ»-ը շրջայց կատարեց երեւանյան խանութներում, սուպերմարկետներում եւ պարզեց, որ որոշ սիգարետներ թանկացել են 50 դրամի չափով: Հիմնականում թանկացել է այն սիգարետը, որը մեծ պահանջարկ ունի: Օրինակ՝ տեղական «Գրանտ Տոբակո» ընկերության կողմից արտադրված «Արարատ» տեսակի սիգարետը թանկացել է 50 դրամով: Նույնքան թանկացել է նաեւ «Ֆիլիպ Մորիս» ընկերության կողմից ներմուծվող «Մարլբորո» սիգարետը: Ծխախոտի թանկացում արձանագրվել է նաեւ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով. օրինակ՝ այս տարվա առաջին եռամսյակում, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ծխախոտային արտադրատեսակների գնաճը կազմել է 2 տոկոս:

 

 

ՍՏԱՆԴԱՐՏԱՅԻՆ ՊԱՐՏՔԵՐ
«Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ն հայտնվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեսադաշտում: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՊԵԿ-ը որոշում է կայացրել վերոնշյալ ընկերությունից գանձել մոտ 9 մլն դրամի չափով պարտավորության գումար: Ստանդարտների ազգային ինստիտուտի հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով չկատարված պարտավորությունը հունվարի 31-ի դրությամբ կազմել է մոտ 9.4 մլն դրամ: Ի դեպ, փետրվարի 13-ին ընկերության տնօրենը ծանուցվել է փոստային ծանուցագրով, սակայն չի ներկայացել եւ որեւէ բացատրություն չի տվել:




Լրահոս