«Այդ մարդու հետ մեկ վայրկյան անգամ չեմ կարող աշխատել». ինչու են լարվել Շիրակի մարզպետի և վարչության պետի հարաբերությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Շիրակի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը ենթարկվել է կարգապահական տույժի`ծառայողական լիազորությունները վերազանցելու համար:

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ կարգապահական տույժ կիրառելու պատճառ է դարձել այն, որ վարչության պետը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում իր խոսքի սկզբում շփոթվել է, մի բան է ասել, իսկ վերջում` մեկ այլ: Ապա` հարցազրույցը հրապարակվելուց հետո վարչության պետը տհաճ խոսակցություն է ունեցել նորանշանակ մարզպետի հետ: Ինչին հաջորդել է աշխատանքից ազատման դիմումը:

«Ես 8 տարի աշխատել եմ, եւ այս ընթացքում ոչ ոք բացի գովասանքից ինձ ոչինչ չի ասել: Իսկ ինքը եկել է պրոբլեմներ ունեցող մարզ եւ լուրջ խնդիրները թողած՝ նման բան է անում»,- ներկայացրեց վարչության պետը: Մեզ հայտնի դարձավ, որ Հ. Հովհաննիսյանն արդեն երկու անգամ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել:

«Ես շատ էի ուզում ազատվել աշխատանքից: Ես հասկացա, որ այդ մարդու հետ մեկ վայրկյան անգամ չեմ կարող աշխատել: Սարքեցին Հայկական հարցը, քննարկումներ արեցին…, բայց սա առիթ չէր, որ ինձ կարգապահական տույժի ենթարկեն»,- նկատեց Հովհաննիսյանը:




Լրահոս