Beeline-ի աջակցությամբ հուլիսի 24-ից 31-ը տեղի կունենա «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի երկրորդ ամենամյա «Սևան Ստարտափ Սամմիթ 2017» բիզնես ֆորումը։
Ֆորումին ներկա կլինի շուրջ 1000 մասնակից, այդ թվում՝ ստարտափների և ծրագրավորողների 100 թիմ, ներդրողներ, վենչուրային կազմակերպություններ և մենթորներ։ Միջոցառման գլխավոր նպատակներից են ստարտափների համար նոր համագործակցության ուղիներ ստեղծելն ու փորձի փոխանակման հարթակ ապահովելը։
Ինչպես և անցած տարի, ֆորումն անցկացվելու է Սևանի ափին՝ ճամբարային պայմաններում։ 7 օրվա ընթացքում տեղի կունենան մրցույթներ, պրեզենտացիաներ և ժամանցային միջոցառումներ։ Այս տարվա սամմիթի առանձնահատկությունը կդառնա նոր և կայացած ստարտափների համար նախատեսված «CampFire Pitch» միջոցառումը, որին կմասնակցեն շուրջ 20 ներդրողներ։
«Beeline-ն իր առաքելությունն է համարում օժանդակել ստարտափների և նորարար տեխնոլոգիաների զարգացմանը Հայաստանում, իսկ այս սամմիթի աջակցությունը թույլ է տալիս անել այդ երկու գործը միաժամանակ։ Մենք ուրախ ենք այս տարի լինել այս հրաշալի նախաձեռնության աջակիցը, ինչպես նաև բարձրորակ ինտերնետ կապ տրամադրել ֆորումի մասնակիցներին։
Վստահ եմ, որ դրական փորձի փոխանակումն ու պոտենցիալ ներդրողների հետ հանդիպումը կոգեշնչի համաժողովի մասնակիցներին։ Համոզված եմ նաև, որ նմանատիպ միջոցառումները միայն դրական ազդեցություն են ունենում Հայաստանի տնտեսության վրա՝ փոխելով կյանքը երկրում դեպի լավը», – ասել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Մենք շատ ուրախ ենք, որ Հայաստանում ամենաարագ զարգացող ոլորտներից մեկի՝ ՏՏ, առաջատար կազմակերպություններից մեկը միացել է սամմիթին։ Մենք վստահ ենք, որ այս համագործակցությունը կնպաստի սամմիթի էլ ավելի լավ անցկացմանը, որը իր հերթին կնպաստի հայկական ստարտափ էկոհամակարգի զարգացմանը։
Հայաստանում Beeline-ը միշտ աչքի է ընկել հայկական ծրագրերի հովանավորմամբ և համագործակցությունը «Սևան Ստարտափ Սամմիթ»-ի հետ դրա վառ ապացույցն է», – նշել է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի տնօրեն Տիգրան Պետրոսյանը։
Նշենք, որ Beeline-ը «Սևան Ստարտափ Սամմիթ 2017» բիզնես ֆորումի գլխավոր աջակիցն է։