Ինչ կլիներ Խոսրովի անտառի հետ, եթե Սերժ Սարգսյանի արձակուրդը տեւեր մեկ շաբաթ ավելի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արձակուրդից նոր վերադարձած Սերժ Սարգսյանն այսօր արդեն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել անտառային վերջին հրդեհների կապակցությամբ: Խորհրդակցության մասին պաշտոնական հաղորդագրության տեքստում առանձնապես լուրջ տեղեկատվություն չկա. ստանդարտ նախադասությունների շարան այն մասին, որ քննարկված հարցերը վերաբերել են հրդեհի հրդեհաշիջմանը, ինչպես նաև հանրապետության ամբողջ տարածքում տևական ջերմային բարձր ֆոնի և տեղումների բացակայության պայմաններում անտառամերձ ու անտառային գոտիներում առաջացած հրդեհավտանգ իրավիճակի պատշաճ վերահսկողությանը, կանխարգելիչ աշխատանքների իրականացման, առաջացած հրդեհների պատճառների բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքներին, բնությանը և գյուղացիական տնտեսություններին հասցված վնասի ուսումնասիրմանը, դրա վերականգնման հնարավորություններին: «Քննարկվել է նաև ստեղծված իրավիճակում նոր միջոցների ձեռնարկման անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բայց այստեղ ուշագրավ է մեկ այլ փաստ. Սերժ Սարգսյանն այս միջադեպերին անդրադարձել է արձակուրդից վերադառնալուց հետո, ինչպես միշտ՝ բավական ուշացումով, երբ Արտավան գյուղի մերձակա անտառի հրդեհի բռնկումից անցել է հինգ, իսկ Խոսրովի արգելոց-անտառի հրդեհից՝ երեք օր, ու այդ ընթացքում լրջագույն վնասներ են հասցվել բնությանը: Մնում է գոհ լինել, որ Սերժ Սարգսյանի արձակուրդը միայն այսօր է վերջացել, պատկերացնում եք՝ եթե նրա արձակուրդը տեւեր մեկ շաբաթ ավելի: Չնայած, մեծ հաշվով նման խորհրդակցություններն իմաստ էլ չունեն այն դեպքում, երբ ԱԻՆ-ը համապատասխան անհրաժեշտ սարքավորումներ չունի եւ օգնություն է խնդրում ուրիշ պետություններից:

Արման Գալոյան




Լրահոս